Գլխավոր եռահնչյունների ֆունկցիոնալ սիստեմը
Գլխավոր եռահնչյունների ֆունկցիոնալ սիստեմը
Լադ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարմոնիայի տեսանկյունից լադը տոնիկական եռահնչյան հետ ձգողականությամբ կապված ակորդների փոխհարաբերության սիստեմն է։
Լադային ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լադային ֆունկցիա կամ ուղղակի ֆունկցիա կոչվում է հնչյունի կամ ակորդի դերը լադում, այլ կերպ ասած՝ հնչյունի կամ ակորդի կապը (փոխհարաբերությունը) տվյալ լադի այլ հնչյունների կամ ակորդների հետ։ Կապ ասելով պետք է հասկանալ ոչ միայն հնչյունների կամ ակորդների միջև գոյություն ունեցող ինտերվալային հարաբերակցությունների կայունությունը այլ նաև դրանց հաջորդականությանը բնորոշ լարվածության և մարման (լուծման) զուգորդումը։
Ֆունկցիոնալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆունկցիաների տարբեր հարաբերություններից գոյանում են լարվածություններ և մարումներ։ Դրանք ամբողջությամբ վերցրած կոչվում են ֆունկցիոնալություն։ Ֆունկցիոնալության հիմքը ֆունկցիաների հակադրությունն է, հատկապես լադի տոնիկայի ու ոչ տոնիկական հարմոնիանորի հակադրությունը։ Հարմոնիայի տեսությունը, որը հիմնված է լադային ֆունկցիաների մասին գոյություն ունեցող ուսմունքի վրա, կոչվում է ֆունկցիոնալ տեսություն։ Ներկայումս այս տեսակետը ամենից ավելի տարածված է հարմոնիայում։
Գլխավոր եռահնչյունների ֆունկցիոնալ սիստեմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լադի առաջին աստիճանի, այսինքն՝ տոնիկայի վրա կառուցված եռահնչյունը կոչվում է տոնիկական կամ տոնիկա։ Բազմաձայն երաժշտության մեջ այս եռահնչյունը հանդես է գալիս որպես լադի գլխավոր հենակետ, քանի որ մեղեդիական, ռիթմական և մետրական համապատասխան պայմաններում նա կարող է արտահայտել մտքի ավարտվածություն և ստեղծել եզրափակման համար անհրաժեշտ կայունություն։ Տոնիկական եռահնչյունը մաժորում ընդունված է նշանակել մեծատառ T տառով, որովհետև ունի մաժոր հնչողություն։ Լադի V աստիճանի վրա կառուցված եռահնչյունը կոչվում է դոմինանտային եռահնչյուն կամ դոմինանտա։ Նշանակվում է մեծատառ D-ով։ Մաժորի IV աստիճանի վրա կառուցված եռահնչյունը կոչվում է սուբդոմինանտային կամ սուբդոմինանատա։ Նշանակվում է մեծատառ S-ով։ Հարմոնիկ մինորում այս եռահնչյունները նշանակվում են փոքրատառերով՝t,s (որպես փոքր կամ մինոր) և մեծատառ D-ով (որպես մեծ կամ մաժոր).
- բնական մաժոր- T, S, D
- հարմոնիկ մինոր- t, s, D
Դոմինանտային և սուբդոմինանտային եռահնչյունները հանդիսանում են լադային անկայունության ամենասովորական ու կարևոր ներկայացուցիչները, որոնք որոշակի պայմաններում ստեղծում են երաժշտական մտքի անավարտվածություն։ Տոնիկան, դոմինանտան և սուբդոմինանտան կոչվում են գլխավոր, հավանաբար այն պատճառով, որ արտացոլում են հնչողության լադային բնույթը, այն է՝ բնական մաժորում նրանք բոլորը մեծ են, մաժոր, իսկ բնական մինորում՝ փոքր, մինոր։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 23-25