Գիտելիքի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գիտելիքի տնտեսությունը տերմին է, որը վերաբերում է կամ գիտելիքի տնտեսությանը (economy of knowledge), որը կենտրոնանում է տնտեսության շրջանակներում գիտելիքների արտադրության և կառավարման վրա, կամ էլ գիտելիքի վրա հիմնված տնտեսությանը (knowledge-based economy):

Իր երկրորդ, ավելի հաճախ գործածվող իմաստով, այն վերաբերում է տնտեսական օգուտ ստեղծելու նպատակով գիտելիքի տեխնոլոգիաների (ինչպիսին են համակարգչային ծրագրերի տեխնաբանությունը (knowledge engineering) և գիտելիքի կառավարումը (knowledge management) կիրառմանը: Այս արտահայտությունը եթե չի հորինել, ապա լայն շրջանառության մեջ է մտցրել Փիթեր Դրաքերը` այդպես վերնագրելով իր «Անընդհատության ընդհատման դարաշրջանը» (The Age of Discontinuity) աշխատության 12-րդ գլուխը:

Գլխավոր տարբերությունն այն է, որ գիտելիքի տնտեսության մեջ գիտելիքը արդյունք է, իսկ գիտելիքի վրա հիմնված տնտեսության մեջ` գործիք: Այս հանգամանքը դեռևս լավ տարբերակված չէ գրականության մեջ: Նրանք երկուսն էլ խիստ միջբնագավառային են և ներգրավում են տնտեսագետների, համակարգչային մասնագետների, ճարտարագետների, մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, ինչպես նաև հոգեբանների և սոցիոլոգների:

Տարբեր դիտորդներ բնութագրում են այսօրվա համաշխարհային տնտեսությունը որպես տնտեսություն, որը գտնվում է անցման շրջանում դեպի «գիտելիքի տնտեսություն»` որպես «տեղեկատվական հասարակության» ընդլայնում: Այդ անցումը պահանջում է, որ արդյունաբերական տնտեսության հաջողությունն ապահոված կանոններն ու ընդունված գործելակերպը վերաշարադրվեն փոխկապակցված, գլոբալացված տնտեսության համար, որտեղ գիտելիքի ռեսուրսները, ինչպիսին են know-how-ն և փորձագիտությունը (expertise), նույնքան վճռորոշ նշանակություն ունեն, որքան մյուս տնտեսական ռեսուրսները: «Գիտելիքի տնտեսության» վերլուծաբանների կարծիքով` այս կանոնները պետք է վերաշարադրվեն ընկերությունների և արտադրության մակարդակներում` գիտելիքի կառավարման առումով, և հանրային քաղաքականության մակարդակում` որպես գիտելիքի քաղաքականություն կամ գիտելիքին առնչվող քաղաքականություն:

Առանձնահատկություններ [խմբագրել]

Կարելի է պնդել, որ գիտելիքի տնտեսությունը տարբերվում է ավանդական տնտեսությունից մի քանի սկզբունքային առումներով.

  • Այս տնտեսության հիմքում ոչ թե պակասն է, այլ ավելի շուտ առատությունը: Ի տարբերություն ռեսուրսների մեծ մասի, որոնք օգտագործման հետևանքով սպառվում են, տեղեկություններից ու գիտելիքից կարելի է համատեղ օգտվել, և կիրառելու շնորհիվ դրանք, փաստորեն, կարող են աճել:
  • Տեղի ազդեցությունը
    • կամ նվազում է որոշ տնտեսական գործունեություններում, երբ, օգտագործելով համապատասխան տեխնոլոգիաներ և մեթոդներ` կարող են ստեղծվել վիրտուալ շուկաներ և վիրտուալ կազմակերպություններ, որոնք ապահովում են արագության, ճկունության, 24-ժամյա աշխատանքի և համաշխարհային հասանելիության առավելություններ:
    • կամ էլ, հակառակը, ուժեղանում են որոշ այլ տնտեսական բնագավառներում` շնորհիվ գործարար բույլերի (business clusters) ստեղծման այնպիսի գիտելիքի կենտրոններում, ինչպիսին են համալսարաններն ու գիտահետազոտական կենտրոնները: Սակայն բույլերն արդեն գոյություն ունեին գիտելիքի տնտեսությանը նախորդած ժամանակներում:
  • Օրենքները, արգելքները, հարկերը և չափման ձևերը դժվար կիրառելի են միայն ներազգային շրջանակներում: Գիտելիքն ու տեղեկությունները «արտահոսում» են այնտեղ, որտեղ պահանջարկն ամենամեծն է, իսկ արգելքները` ամենափոքրը:
  • Գիտելիքների կիրառմամբ ստացված ապրանքներն ու ծառայությունները կարող են գներ սահմանել այն համանման ապրանքների համար, որոնք ստացվել են ավելի փոքր գիտելիքների ներդրմամբ:
  • Գներն ու արժեքը մեծապես կախված են համատեքստից: Այսպես` նույն տեղեկությունները կամ գիտելիքը կարող են շատ տարբեր արժեք ունենալ տարբեր մարդկանց կամ նույնիսկ նույն մարդու համար տարբեր ժամանակներում:
  • Համակարգերում կամ գործընթացներում ներդրված գիտելիքն ավելի բարձր ներհատուկ արժեք ունի, քան երբ այն «զվռնում» է մարդկանց գլխում:
  • Մարդկային կապիտալը` բանիմացությունը, արժեքի առանցքային բաղադրիչն է գիտելիքին վրա հիմնված ընկերությունում, սակայն շատ քիչ ընկերություններ են իրենց ամենամյա զեկույցներում կարևորում բանիմացության մակարդակը: Հակառակը` աշխատուժի կրճատումը հաճախ դիտվում է որպես «ծախսերի կրճատման» դրական միջոց:
  • Գիտելիքի հոսքում հարաճուն կերպով կարևորվում է հաղորդակցությունների հիմնարար նշանակությունը: Ուստի սոցիալական հարաբերությունների վրա ազդող սոցիալական կառույցները, մշակութային համատեքստը և այլ գործոններ հիմնարար կարևորություն են ձեռք բերում գիտելիքի տնտեսության մեջ:

Այս առանձնահատկությունները նոր գաղափարներ ու մոտեցումներ են պահանջում քաղաքականություն մշակողներից, կառավարիչներից և գիտաշխատողներից: Գիտելիքի տնտեսությունը դրսևորման բազմազան ձևեր ունի, սակայն կան կանխատեսումներ, որ նոր տնտեսությունը կարող է այնքան արմատապես բարեփոխվել, որ նույնիսկ գաղափարները ճանաչվեն ապրանք և նույնացվեն դրա հետ: Անշուշտ, հիմա սույն թեմայով հապճեպ դատողություններ անելու ամենահարմար ժամանակը չէ, սակայն հաշվի առնելով բուն «գիտելիքի» բնույթը և գումարելով դրան այն փաստը, որ այն տնտեսության այս նոր ձևի հիմնական գաղափարն է, հաստատապես գոյություն ունի դեպի այս գաղափարը տանող հստակ ճանապարհ, թեև մասնավորությունները (այսինքն` այս հեղափոխական մոտեցման մեծ ներուժը, նրա կիրառելիությունն ու առևտրային արժեքը) առայժմ մնում են շահարկումների ոլորտում: