Գիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիլի, նախկին ջրաճահճային լիճ Սևանա լճի հարավարևելյան մասում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մոտ[1]։ Ունեցել է մոտ 1.000 հեկտար մակերես, 2 մետր միջին խորություն։ Սնվել է Մասրիկ գետով և սարերից եկող աղբյուրներով։ Ունեցել է թռչունների և ձկների եզակի կենսաբազմազանություն։ Ավազանի ճահճային մասում բնադրող թռչուններից են եղել ձկնկուլը, քաջահավը, մոխրագույն սագն ու բադը, կռունկը, տուրգանը, տարգալակտուցը, մոխրաայտ սուզակը։ Համաշխարհային չուի ճանապարհին եղել է բազմաթիվ թռչունների հանգստավայր, նաև որոշ տեսակների համար բարենպաստ եղանակային պայմաններում ձմեռելու վայր։ Սևանի ձկների համար այն եղել է ձվադրավայր։ Լճի տարածքում հանդիպել է հազվագյուտ ջրային բույս՝ եռատերև ջրառվույտը[2]։

1933 թ սկսած՝ Սևանի իջեցման ծրագրի մեկնարկից հետո, նվազել է նաև Գիլի լճի մակարդակը, իսկ 1953 թ՝ վերջնականապես չորացվել։ Նախկին լճի տարածքը ներկայում գործածվում է որպես տորֆի հանքավայր և կարտոֆիլի ու հացահատիկի ցանքատարածություն։

2000 թ ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է Գիլի վերականգման ծրագիր, որը սակայն չի իրականացվել։ Ըստ մասնագետների՝ լճի վերականգնումը նախքան Սևանա լճի նախախորհրդային մակարդակի վերականգումը, կարող է նպաստել վերջինիս ճահճացման գործընթացի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 31 — 150 էջ։
  2. «Ջրաերեքնուկ եռատերև». www.mnp.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.