Գեքիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեքիգան (劇画) ճապոնական տերմին է, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «դրամատիկ նկարներ»։ Տերմինը ներմուծել է Յոշիրո Տացումին։ Այն շատ արագ իրացվեց այն ճապոնացի մասնագետների կողմից, ովքեր չէին ցանկանում, որ իրենց աշխատանքները խուճուճ նկարներ (հենց այդպես է թարգամնվում «մանգա» բառը) կամ մանգա համարվեն։ Մոտավորապես նույն կերպ ամերիկացի նկարիչները հնարեցին «գրաֆիկական նովել»-ը «կոմիքս»-ի փոխարեն։

Գեքիգան սովորական մանգայից տարբերվում է ոչ միայն սյուժեով, այլև նկարելու ոճով՝ այն ավելի ռեալիստականէ։ Գեքիգան կարելի է անցած էտապ համարել՝ իր սկզբով, զարգացմամբ ու ավարտով։

Ուշ 1960-ականներին ու վաղ 1970-ականներին մեծացել էին մանգա կարդացող երեխաները, ու հիմա ավելի լուրջ մեդիա էին պահանջում։ Այստեղ է, որ գեքիգան կառուցեց իր լսարանը։

Յոշիրո Տացումին սկսեց գեքիգայի հրատարակությունը 1957 թվականին։ Այն տարբերվում էր այդ ժամանակվա մանգայից, որը, որպես կանոն, հիմնականում գրվում էր երեխաների համար։ Առաջին սերնդի ճապոնական այլընտրանքային անիմատորներն իրենց աշխատանքերի համար չէին օգտվում ժամանակի հայտնի վարպետ Օսամա Տեձուկայի հովանավորությունից, այլ օգտվում էին Օսակայից հեռու տեղակայված վարձակալված գրադարաններից։

Մանգա կարդալը շատ տարածված զբաղմունք էր հակակառավարական երիտասարդական խմբավորումներում։ Այս երիտասարդները դարձան Ճապոնիայի «մանգա-սերունդը». այն սերունդը, որն իր ըմբոստությունը արտահայատում էր մանգա կարդալով։ Սա նման է նրան, ինչ արեցին հիպպիները Միացյալ Նահանգներում rock and roll-ի համար։

Այս «ընդհատակյա կոմիքսների» մշակույթը այնպիսի թափ հավաքեց, որ շուտով նոր ոճի մասին լուրը հասավ նաև Տեցուկային. գեքիգայի ազդեցությունը լավ նկատելի է վաղ 1970-ականների արտադրության «Հի նո տորի»`«Կրակի թռչունը» անիմացիայում ու վաղ 1980-ականների «Ադոլֆ»-ում։ Հատկապես «Ադոլֆ»-ը. այն շատ ավելի մռայլ երանգներում է, քան Տեցուկայի մնացած բոլոր գործերը, իսկ նկարելու ոճն ավելի ռեալիստական է։ Սա վերագրվում է Յոշիրո Տացումիի ու նրա գաղափարակից ընկերների ազդեցությանը, ովքեր, իրենց հերթին, փոխառեցին Տեձուկայի կինեմատոգրաֆիկ եղանակը։

Տեձուկան սկսեց ադապտացնել գեքիգան ավանդական մանգային, ինչը վերաճեց մի նոր ժամանակաշրջանի (1970-ականներից մինչև 1980-ականներ), որն իր բուռն փորձարկումներով պատմության մեջ մտավ որպես «մանգայի ոսկե դար»։ 1977 թվականին գրող Քազուո Կոյքեն հիմնեց կրթական ծրագիր՝ Գեքիգա Սոնջուքուն, որում ընդգծվում էին մանգայի հասուն ու ուժեղ կերպարները։

Շոնեն մանգայի ու համապատասխան ամսագրերի ասպարեզ գալով՝ գեքիգայի ազդեցությունը թուլանում է։ Ի լրումն՝ այլընտրանքային մանգաները կամաց-կամաց դուրս մղեցին գեքիգան ճապոնական կոմիքսների շուկայից։ Բայց վերջին տարիներին գեքիգան կրկին նկատվում է ընդհատակային գրականությունում, մասնավորապես՝ սեյնեն-ամսագրերում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]