Բլրային արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերեզմանարծիվից)
Գերեզմանարծիվ
Գերեզմանարծիվ
Գերեզմանարծիվ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ենթաընտանիք Ճուռակներ (Buteoninae)
Ցեղ Արծիվներ (Aquila)
Տեսակ Գերեզմանարծիվ (A. heliaca)
Միջազգային անվանում
Aquila heliaca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բլրային արծիվ կամ գերեզմանարծիվ (լատին․՝ Aquila heliaca), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Նստակյաց և հազվագյուտ տեսակ է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 72-83 սմ է, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, իսկ կենդանի զանգվածը մոտ 3 կգ է։ Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ։

Մարմինը թույլ զոլավոր է, պոչը՝ վերևից բաց մոխրագույն մուգ լայն ծայրաշերտով։ Թռիչքի պահին պոչը փակ է։ Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով։ Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով։ Թռիչքի ընթացքում բաց գույնի գագաթը, ծոծրակը և պոչավերևի հիմքը ցայտուն են դառնում արևի լույսի տակ։ Սավառնում է երկար, նեղ, հարթ թևերն ուղիղ տարածած, հասունները՝ պոչը փակած, իսկ երիտասարդները՝ բացած։ Սահասավառնում է թեթևակի վեր պարզած բազկաթևով, թևերի խոր ու դանդաղ թափահարումներով։ Սովորաբար հանդիպում է առանձին անհատներով, նույնիսկ՝ չվելիս։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, լքված պտղատու այգիներում և նոսր ծառերով լեռնատափաստաններում։

Aquila heliaca

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է կաթնասուններով, թռչուններով (որսում է գետնին) և լեշերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերի վրա կամ թփուտներում։ Դնում է 73 մմ տրամագծով, խամրած սպիտակ 2-3 ձու։

Կենսակերպի և վարքի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները սուղ են։

Օգտակար է․ ոչնչացնում է մկնակերպ կրծողներին և բնական սանիտար է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է նախկին ԽՍՀՄ Եվրոպական մասի հարավային շրջաններում, Ղազախստանում, Ալթայի լեռներում և նախալեռներում, Մինուսինսկի անտառատափաստանում, Անդրբայկալում, Հարավային Կովկասում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Բալկանյան թերակղզում, Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Վերջին տարիներին խիստ կրճատվել են արեալի արևմտյան և հյուսիսային մասերը։ Արևելյան պոպուլյացիաները բավականին կայուն են։ Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ժամանակ, հավանաբար, հազվադեպ ձմեռում է հանրապետության տարածքում։ 1955 թվականին առաջին անգամ բնադրում է հայտնաբերվել Տավուշի մարզում և Այրումի մոտակայքում։ Նույն շրջանում գերեզմանաարծիվը բնադրել է 1976 թվականին և գրանցվել՝ 1978-1979 թվականներին։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ֆաունայի համար անհետացող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։

Վտանգման հիմնական գործոններն են հավանաբար, կերային պաշարների կրճատումը, բնադրման պայմանների վատթարացումը, չուի շրջանում թռչուններին սպանելը, չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։