Գետաշեն (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետաշեն (այլ կիրառումներ)
«Գետաշեն»
Թովմաս Պողոսյան, Հարութ Զենյան, Տիգրան Հովհաննիսյանի երգը
Ժանրհայ հայրենասիրական
Տևողությունմիջինը 3:30
ՀեղինակԳուսան Հայկազուն

«Գետաշեն», Գուսան Հայկազունի կողմից 1992 թվականին գրված երգ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուսան Հայկազունը մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Մհեր Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։ Ինչպես պատմում է Գուսանը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1990 թվականին 20-25 զինված տղաներից բաղկացած կամավորական ջոկատը ժամանեց Երևան՝ Գետաշեն մեկնելու և այն պաշտպանելու համար։ Հրամանատարը Լաերտ Սաղաթելյանն էր։ Եկածների մեջ Գուսան Հայկազունին տեսնելուն պես նա վերջինիս արգելեց մեկնել՝ ասելով. «Մի պատահական գնդակ քեզ որ կպնի, ի՞նչ ենք անելու։ Քեզ այնտեղ գնալ չի կարելի»։ Գուսանը հաստատակամ էր և փորձեց թաքուն ինքնաթիռ մտնել, սակայն հրամանատարը դա նկատեց և ասաց. «Դե´, հիմա իջի´ր, էս ո՞ւր ես թռչում։ Ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու։ Ավելի լավ է՝ մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշենի մասին»։ Գուսանն այդպես էլ արեց. մնաց Երևանում և երեք օրվա ընթացքում Գետաշենի մասին երգ գրեց։ Չորրորդ օրն ուղղաթիռով, որով զենք ու սննդամթերք էին տեղափոխում, Գուսանը մեկնեց Գետաշեն ու միացավ ջոկատին։ Այնտեղ էլ կայացավ երգի առաջին կատարումը[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պատմում է Գուսան Հայկազունը, 1992 թվականին հայկական ջոկատներից մեկը Արամայիս Մկրտչյանի հրամանատարությամբ դիրքեր էր գրավել Շահումյանի և Մարտակերտի անտառներում՝ ապահովելու անվտանգ գաղթը Շահումյանի շրջանից։ Զինվորները գալիս հրամանատարին ասում են, որ անտառներում հայ երեխաների ձայներ են լսվում, սակայն ոչ ոք զինվորների արձագանքներին չի պատասխանում։ Հրամանատարը շարում է ամբողջ գունդը և պատվիրում է երգել «Գետաշեն» երգը։ Ջոկատը երգում է «Գետաշենը», և թփուտների միջից 80 տարեկան ծերունի է դուրս գալիս միփողանի հրացանով՝ հետևից 43 որբ երեխաներ, որոնց հասցնում են Ստեփանակերտ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««50 տարի արթնացել եմ, և աչքերիս առջև հարազատ Մասիսն է վեր խոյացել…»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  2. «Գետաշեն» երգը 43 հայ երեխա է փրկել