Գեորգ Թրակլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Թրակլ
Georg Trakl.jpg
Բանաստեղծ
Բնագիր ԱԱՀ՝ Georg Trakl
Ծննդյան օր՝ փետրվարի 3 1887
Ծննդավայր՝ Զալցբուրգ,
Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր՝ նոյեմբերի 3 1914
Վախճանի վայր՝ Կրակով,
Ավստրո-Հունգարիա
Ազգություն ավստրիացի
Կրոն կաթոլիկ
Ազդվել է՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Շառլ Բոդլեր, Պոլ Վեռլեն, Ֆրիդրիխ Հյոլդեռլին
Ծնողներ՝ Թոբիս Թրակլ, Մարիա Թրակլ

Գեորգ Թրակլ (գերմ. Georg Trakl 1887, փետրվար 3 - 1914, նոյեմբեր 3), ավստրիացի բանաստեղծ:


[խմբագրել] Կենսագրությունը

  • 1887 - Ծնվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Նա մետաղի վաճառական Թոբիս Թրակլի և Մարիա Թրակլի վեց երեխաներից չորրորդն էր:
  • 1892 - Օգոստոսի 8-ին ծնվում է Գեորգ Թրակլի սիրելի քույրը` Գրետան (Margareta Trakl): Սեպտեմբերից այցելում է կաթոլիկական վարժարան:
  • 1896 - Ողջ կյանքի ընթացքում ձգվող բարեկամության սկիզբը Էդհարդտ Բուշբեքի հետ:
  • 1897 - Սեպտեմբերին մտնում է զալցբուրգյան համալսարանի քաղաքային հումանիտար գիմնազիա:
  • 1900 - Կրկնում է չորրորդ դասարանը լատիներենի և մաթեմատիկայի անբավարար իմացության պատճառով: Դաշնամուրի դասեր է առնում կոմպոզիտոր Ավգուստ Բրունետտի-Պիզանոյի մոտ: Բուռն սեր երաժշտական ռոմանտիզմի հանդեպ. Շոպեն, Ֆերենց Լիստ, ռուս ռոմանտիկներ, հետագայում` Վագներ:
  • 1904 - Բանաստեղծական գործունեության սկիզբը: Լենաուի, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Գեորգեի, Հոֆմանսթալի ազդեցությամբ ծնվում են առաջին բանաստեղծությունները: Համախոհերի հետ հիմնում է բանաստեղծական «Ապոլլոն» (հետագայում` «Միներվա») միությունը: Սկսվում է Ֆրիդրիխ Նիցշեի և Ֆեոդոր Դոստոևսկու պաշտամունքը: Քլորոֆորմի առաջին ներարկումը:
  • 1909 - Մեծ մասամբ Վիեննայում է, երբեմն Զալցբուրգում: Քննություններ է հանձնում: Վերականգնում է բանաստեղծությամբ զբաղվելը,- Ես իմ ետևից օրհնյալ օրեր եմ թողել` այդ առթիվ գրում է Բուշբեքին: Սեպտեմբերից Գրետե Թրակլը աշակերտուհի է Վիեննայի երաժշտական ակադեմիայում: Հոկտեմբերի 17-ին լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին շարքը մայրաքաղաքի օրաթերթերից մեկում` «Նոր վիեննական հանդես»-ում:
  • 1910 - Հունիսի 18-ին մահանում է հայրը: Ավարտական քննություններ: Թրակլը դեղագործության մագիստրոսի աստիճան է հայցում: Գրետե Թրակլը տեղափոխվում է Բեռլին: Բանաստեղծը խոստովանում է իր հստակ ռիթմերի և պատկերների դժոխային քաոսը հաղթահարելու մասին: Հոկտեմբերի 1-ին Գեորգ Թրակլը զինվորական անձնակազմի միամյա կամավոր ծառայության է մտնում Վիեննայի 2-րդ առողջապահական վարչությունում:
  • 1911 - Ծառայության է անցնում Իննսբրուքում: Սկսվում են ծանր ընկճվածության նոպաները: Հոկտեմբերից մինչև դեկտեմբեր` զալցբուրգյան մի դեղատան աշխատակից: Շփումներ տեղի գրական և արվեստագիտական խմբակների անդամների հետ: Հարբեցողության նոպաներ: Նյութական դժվարություններ:
  • 1912 - Ծառայողական անկայուն վիճակ: Բարեկամներից Ռոբերտ Մյուլլերը նրան հանձնարարում է իննսբրուքյան կիսամյա «Բրեններ» հանդեսի հրատարակչին` Լուդվիգ ֆոն Ֆիքերին: Հուլիսի 17-ին Գրետե Թրակլը ամուսնանում է բեռլինյան մի գրավաճառի հետ: Ընկերները փորձում են բանաստեղծի հասուն ստեղծագործություններից մի ժողովածու հրատարակել: Բանաստեղծական մեծ մտահղացումներ, Ֆրիդրիխ Հյոլդեռլինի հզոր ազդեցության սկիզբը: Ծնվում է «Հելիան»-ը: Վիեննայում հանդիպում է Կարլ Կրաուսին և Օսկար Կոկոշկային: Ծառայողական խիստ կարճատև ժամանակահատվածներ:
  • 1913 - Զինվորական ծառայությունից հրաժարականի դիմում է գրում: Վերադառնում է Իննսբրուք, Զալցբուրգ: Հրատարակիչ Ալբերտ Լանգենը մերժում է նրա բանաստեղծությունները: Այդ դժվար պահին նրան հովանավորում է Լ. ֆոն Ֆիքերը: Ֆրանց Վերֆելի ընտրությամբ` բանաստեղծությունների սեղմ մի շարք Կուրտ Վոլֆի հրատարակչությունում: Ուղևորվում է Վենետիկ: «Բրեններ»-ում լույս են տեսնում մի քանի բանաստեղծություններ: Ծանր հոգեկան ճգնաժամ. Իմ կյանքը մի քանի օր շարունակ փշրված է, և այժմ մնում է լոկ անասելի մի ցավ: Իննսբրուքում կազմակերպվում է Թրակլի բանաստեղծությունների ընթերցման երեկո:
  • 1914 - Սկսում է աշխատել «Սեբաստիանը երազում» ժողովածուն կազմելու վրա: Մարտին ուղևորվում է Բեռլին` հանդիպելու ծանր հիվանդացած քրոջը` Գրետեին: Այնտեղ հանդիպում է Էլզե Լասկեր-Շյուլլերին: Իննսբրուք է վերադառնում կատարյալ քայքայված վիճակում: Նկարում է իր ինքնադիմանկարը: Ապրիլի կեսերին Իննսբրուքում հանդիպում է Թեոդոր Դյուբլերին: Հունիսի և հոկտեմբերի միջև գրվում են վերջին յոթ բանաստեղծությունները: Լ. ֆոն Ֆիքերը անհայտ մի մեկենասի (հետագայում կպարզվի նրա անունը` Լուդվիգ Վիտգենշտայն) տրամադրած դրամական օգնությունից 20000 կրոն է բաժին հանում Թրակլին: Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային: Թրակլը իբրև դեղագործ-ծառայող` իննսբրուքյան մի սանիտարական խմբի հետ մեկնում է ռազմադաշտ: Գրոդեկի մոտ ընկերների ջանքերով կանխվում է նրա ինքնասպանության փորձը: Հոկտեմբերի կեսերին բանաստեղծը իր հոգեկան վիճակի պատճառով գործուղվում է Կրակով: Հոկտեմբերի 25-ին Ֆիքերը այցելում է Թրակլին կրակովյան կայազորի հոգեբուժական բաժանմունքում: Ընկերոջն են հանձնվում երկու վերջին բանաստեղծությունները` «Ողբ»-ը և «Գրոդեկ»-ը: Նոյեմբերի 3-ին երեկոյան մեռնում է կոկայինի մեծ չափաբաժնից: Նոյեմբերի 6-ին տեղի է ունենում թաղումը Կրակովում, Ռակովիչյան գերեզմանատանը:
  • 1925 - Բանաստեղծի աճյունը տեղափոխվում է Տիրոլ: Վերաթաղվում է Իննսբրուքի մերձ գերեզմանատանը:[1],

[խմբագրել] Գեորգ Թրակլը հայերեն

  • Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, Երևան, Ի.Կ.Կ հրատ., 2007, 334 էջ: Թարգմանությունը գերմաներենից և ծանոթագրությունները` Հակոբ Մովսեսի: Գրքում զետեղված են նաև Հակոբ Մովսեսի «Գեորգ Թրակլ.Օտարականը, բանաստեղծը» առաջաբանը (3-31 էջեր), Մարտին Հայդեգերի Թրակլի ստեղծագործություններին նվիրված «Լեզուն» (218-245 էջեր) և «Խոսքը բանաստեղծության մեջ» (246-303 էջեր) էսսեները:


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Գեորգ Թրակլ (2007). Բանաստեղծություններ. Երևան: Ի.Կ.Կ, էջ 319-324. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով