Գեորգի III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի III

Գեորգի III (ծն. անհայտ–1184), Վրաց թագավոր 1156–ից, Բագրատունիների դինաստիայից։ Արտաքին քաղաքականության նպատակն էր թուլացնել սելջուկյան իշխանությունները և ամրացնել Վրաստանի դիրքերը։ 1161-ին Գրավել է Անին, իսկ 1162–ին՝ Դվինը։ 1173-ին վերագրավել է Անին և Դվինը։ Անիի կառավարիչ է նշանակվել Իվանե Օրբելին, օգնական՝ Սարգիս Զաքարյանը։ 1167–ին Գեորգի III հաղթել է Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Պայքարել է կենտրոնախույս ուժերի դեմ, որոնք ապստամբել էին Իվանե Օրբելիի ղեկավարությամբ և ամրացել Լոռի քաղաք–ամրոցում։ Նրանց հարած Սարգիս Զաքարյանը և ուրիշներ ապավինել են Գեորգիի ողորմածությանը։ Նա ճնշել է ապստամբությունը, ոչնչացրել Օրբելիների տոհմը, ասպարեզից հեռացրել ապստամբության հետ առնչված անձանց և պաշտոններ տվել իրեն հավատարիմ մարդկանց։ Անիի կառավարիչ է նշանակվել Սարգիս Զաքարյանը։ Վախենալով թագավորի ուժեղացումից՝ վրաց հոգևորականությունը պահանջել է վերականգնել եկեղեցու արտոնությունները՝ այն ազատել հարկերից։ Անախորժություններից խուսափելու համար Գեորգին զիջել է։ Գեորգին արու զավակ չի ունեցել և թագավորության վերջին տարիներին գահակից է դարձրել դստերը՝ Թամարին։