Գեղարվեստական կերպար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Կիխոտ

Գեղարվեստական կերպար, գրական-գեղարվեստական երկի մեջ հանդես եկող անձնավորություն, որն ունի բնավորության և վարքագծի որոշակի հատկանիշներ։ Գեղարվեստական կերպարի ստեղծումը արվեստագետի կարևորագույն խնդիրն է։ Կերպարը պատկերի հիմնական տեսակն է։ Պատկերի մյուս ձևերը (բնության և առարկայական աշխարհի տեսարաններ, դեպքերի նկարագրություն և այլն) ծառայում են մարդկային վարքագծի ավելի լրիվ ցուցադրմանը։ Գեղարվեստական կերպարի հիմնական յուրահատկությունը մարդուն բնորոշ եզակի գծերի և անհատականության զուգակցումն է ընդհանուրի և տիպականի հետ։ Արվեստի տեսակներում (գրականություն, թատրոն, կինո, կերպարվեստ, երաժշտություն) ու ենթատեսակներում գեղարվեստական կերպարը մարմնավորվում է արվեստի տվյալ ձևին հատուկ միջոցներով։ Գեղարվեստական կերպարի բնույթը կապված է գեղարվեստական մեթոդի և ուղղության հետ։

Ռեալիստական գեղարվեստական կերպար ամենից ավելի մոտ է արտացոլվող կյանքին։ Մյուս գեղարվեստական մեթոդներով (կլասիցիզմ, ռոմանտիզմ, նատուրալիզմ և այլն) ստեղծած կերպարները մեծ մասամբ միակողմանի են և հաճախ չեն համապատասխանում շրջապատող կենսական միջավայրին։ Գեղարվեստական կերպարներն իրենց բնույթով լինում են դրական և բացասական, գլխավոր և երկրորդական։ Գեղարվեստական կերպարի համար կան նաև մի շարք այլ տերմիններ՝ գործող անձ, բնավորություն, հերոս, տիպական բնավորություն, տիպ և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 394