Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

40°11′28″ հս. լ. 44°30′56″ ավ. ե. / 40.191111° հս. լ. 44.515556° աե. ե.

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Թամանյան 3, Երևան, ՀՀ
Հիմնադրված է հիմնադիր` Ջերարդ Գաֆեսճյան
Այցելուներ 1 000 000 մարդ/ տարին
Հեռախոս (+37410) 567262, (+37410) 541932, (+37410) 541934
Բաց է Երեքշաբթի-հինգշաբթի` 10:00 - ­17:00

Ուրբաթ-կիրակի` 10:00 - ­20:00

Տոմս ԳԱԿ անդամներ` անվճար

Մեծահասակներ` 1000 դրամ
Տարեցներ` 800 դրամ
Դեռահասներ (13-­17)` 750 դրամ
Երեխաներ (12­-ից ցածր)` անվճար

Հղում http://cmf.am/
Yerevan new cascade.jpg

Գաֆեսճյան արվեստի կենտրոն, բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ։

Պատմություն[խմբագրել]

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։

«Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է» հուշակոթող, 2001 թ․

Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի անունը։

Կասկադ համալիրի վիճակագրություն[խմբագրել]

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°

Հավաքածու[խմբագրել]

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն։ Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները։ Նրանց գործունեությունը հեղափոխեց ապակու կիրառությունը՝ վերածելով այն գեղարվեստական նոր արտահայտչամիջոցի։

Հավաքածուում ներկայացված են նաև անվանի արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքները։ Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտում անվանի արվեստագետների՝ Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա­ Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները։

Սրահներ[խմբագրել]

  • «Խանջյան» սրահ, 250 ք.մ. մակերեսով ընդարձակ սրահում է գտնվում մեծանուն հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը, որը պատկերում է հայոց պատմության կարևորագույն էջերը։
  • «Պարտեզի հարթակներ», շատրվաններով, ցայտաղբյուրներով և հրաշալի ծաղկաթմբերով ձևավորված հարթակներ՝ Երևանի և Արարատ լեռան համայնապատկերով։
  • «Հատուկ միջոցառումների սրահ», գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Երևան՝ Արարատ լեռան գեղատեսիլ համայնապատկերով։ Հատուկ միջացառումների սրահը համապատասխանում է դասախոսությունների, կինոփառատոնների, կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպման համար։ Սրահում գործում է նաև կոկտեյլ-բար։
  • «Երեք սուզորդների հարթակ», Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակն է, որտեղից բացվում է Երևանի գեղատեսիլ համայնապատկերը։ Հարթակում տեղակայված է արտացոլող ջրավազանը, որի կենտրոնում վեր է խոյանում Դեյվիս Մարտինի «Երեք սուզորդների» տպավորիչ քանդակը։ Հարթակի ինքնատիպ լուսավորությունը հատուկ գեղեցկություն է հաղորդում տարածքին մայրամուտից հետո։
  • «Աստղերի հարթակ», «Հատուկ միջոցառումների սրահի» նախասրահն է, որտեղ տեղակայված է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցադրությունը, իր ժամանակակից արվեստի հրաշալի ստեղծագործություններով և գունեղ լուսավորությամբ։

Քանդակների պարտեզ[խմբագրել]

Գաֆեսճյան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը։ Պարտեզի հատուկ նախագծված ընդարձակ ծառուղիները, ծաղկային ձևավորումները ստեղծում են ժամանակակից միջավայր մեծածավալ քանդակների տեղակայման համար։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները[1]։

Միջոցառումներ[խմբագրել]

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը։ Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆեսճյանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի մեծածավալ հավաքածուին։ 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր [2]։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն։

Հասցե[խմբագրել]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թամանյան 3 հասցեում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]