Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն
Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը հիմնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։
Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2000 թ. հունիսի 26-ին։
Գտնվում է Վեհարանի տարածքում, Ալեքս Մանուկյան «Գանձատան» շենքի ձախ կողմի առաջին և երկրորդ հարկերում։
Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում գոյություն չունեցող որոշ գիտաճյուղերի զարգացմանը (Աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությամբ ու հրատարակությամբ, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությամբ և վավերագրերի լիակատար արխիվի ստեղծմամբ, հայ միջնադարյան կանոնական գրականության հետազոտությամբ և այլն)։
Կենտրոնի տնօրենն է պ.գ.դ. Ազատ Բոզոյանը։ Կենտրոնի աշխատանքային գործունեությանն աջակցում են Գևորգյան Հոգեւոր Ճեմարանի տնօրինությունն ու ճեմարանականները, ինչպես նաեւ Մայր Աթոռի միաբաններ։
Գրադարանը [խմբագրել]
Կենտրոնի գրքերի թիվն այսօր շուրջ 25 000 միավոր է։ Կենտրոնն ունի շուրջ 200 կտոր հնատիպ գրականություն, որոնցից ամենահինը Կղեմոս Գալանոսի եկեղեցու պատմության մասին աշխատությունն է։
Գրադարանում պահվող ամենահիշարժան գործերից է հայերեն Աստվածաշնչի 1666 թ. առաջին հրատարուկությունը։ Ամենահին ձեռագիրը 1183 թ. Դրազարկում՝ Կիլիկիայում գրված Ավետարաններից մեկն է։
2002 թ. գրադարանի գրքացանկը համալրվեց ևս 1000 անուն (միավոր) փաստաթղթերով, գրքերով և այլ նյութերով։
Գիտական կենտրոն [խմբագրել]
Գիտական կենտրոնն փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների և գրադարանի հետ։ Նախատեսված է փոխհարաբերություններ հաստատել Մաշտոցի անվան Մատենադարանի, Երևանի պետական համալսարան-ի պատմության և Աստվածաբանության ֆակուլտետների ու ՀՀ Ազգային գրադարանի հետ։