Կրթությունն ստացել է ֆրանսիական պանսիոնում։ 1871-1878 թվականներին եղել է ուսուցիչ Թիֆլիսի Գայանյան, 1878-1880 թվականներին՝ տեսուչ Քութայիսի հայոց երկսեռ դպրոցներում։ 1882 թվականին Թիֆլիսում հիմնել է Ֆրյոբելյան ընկերությունը, միաժամանակ ստանձնել Զրկինենց եկեղեցուն կից առաջին հայկական մանկապարտեզի ղեկավարությունը։ 1883 թվականին Հովհաննիսյանը Երևանում հիմնել է առաջին մանկապարտեզը։ 1887 թվականին մեկնել է Կ.Պոլիս և հայկական թաղերում բացել ծաղկոցներ, կազմակերպել կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել է աղջիկների կիրակնօրյա վարժարան։
Նախադպրոցական դաստիարակությանը նվիրված հոդվածներով հանդես է եկել Կ. Պոլսի «Հայրենիք» պարբերականում։ Ֆրանսերենից թարգմանել է Ա. Վիլիենի «Համառոտ պատմություն ֆիզիկական աշխարհագրության» (1872 թ.) դասագիրքը։ Գայանե Հարությունյանի մասին նյութեր են պահպանվում Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքի Ֆրեոբելի անվան թանգարանում[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 569)։