Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում (1908 թվականից)։ «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին։ 1916 թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ Պետրոգրադում ականատես է եղել Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին։ «Դալանդ նավը» (1918) բանաստեղծության մեջ առաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։ 1919 թվականին հրատարակվել է Տաբիձեի «Արտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ 1922 թվականին հիմնադրել է «Գալակտիոն Տաբիձե» գրական ամսագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է Սովետական Միությունում, որի արդյունքն է «Դարաշրջան» (1930) պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» (1931)։ 1935 թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստական առաջին կոնգրեսին (Փարիզ), այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» (1935-1937) շարքը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարիներին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 537)։