Գազամետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմետաբար մեծ քանակությամբ գազեր հավաքելու և պահելու համար լաբորատորիաներում օգտագործում են գազամետր։ Ի տարբերություն Կիպի ապարատի, գազամետրը կարող է ապահովել գազի հավասարաչափ և համեմատաբար երկարատև հոսք։ Այն պատրաստվում է ապակուց կամ մետաղից և լինում է տարբեր տարողության։

Ապակյա գազամետր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակյա գազամետրը բաղկացած է երկանցքանի գլանաձև անոթից և ձագարից, որն ունի ծորակ։ Անոթի վերին անցքը փակվում է ռետինե խցանով, որի միջով անցնում է ծորակ ունեցող գազատար խողովակը, իսկ ստորին անցքը ռետինե կամ ապակե խցանով։ Հերմետիկությունն ապահովելու համար գազամետրի պարանոցի ներսի մասը և նրա հետ շփվող ձագարի վզիկի հատվածը հղկված են և պատվում են վազելինով։ Վազելինապատվում են նաև ծորակները։ Գազամետրը գազով լցնելուց առաջ հարկավոր է արտամղել նրանում եղած օդը, որի համար պետք է բացել ծորակները, ձագարից լցնել ջուր մինչև օդի լրիվ հեռանալը և ապա փակել ծորակները։ Գազամետրը գազով լցնելու համար պետք է բացել ներքևի անցքը (եթե սարքը հերմետիկ է, այդ անցքից ջուր չպետք է թափվի), նրա մեջ մտցնել գազի աղբյուրին միացած խողովակի ծայրը։ Գազը կհավաքվի գազամետրի մեջ, արտամղելով ջուրը, որը կլցվի տեղադրված ամանի մեջ։ Գազամետրը գազով լցնելուց հետո անհրաժեշտ է փակել գազի մուտքի անցքը։ Հավաքված գազն օգտագործելու համար այն պետք է դուրս մղել գազամետրից, ձագարի մեջ լցնելով ջուր և բացելով ծորակները։ Ջուրը ձագարից կլցվի անոթի մեջ, արտամղելով գազը վերին անցքից։ Գազի հոսքը կարգավորվում է ծորակի միջոցով։ Ինքնին հասկանալի է, որ գազամետրում կարելի հավաքել և պահել միայն այնպիսի գազեր, որոնք ջրի հետ չեն փոխազդում։ Գազամետրի մեջ չի կարելի պահել պայթման տեսակետից վտանգավոր այնպիսի գազեր, ինչպիսից են ջրածինը, ածխածնի օքսիդը, ացետիլենը, մեթանը և այլն։ Գազամետրում ջրի փոխարեն հաճախ օգտագործում են աղաջուր՝ գազերի լուծելիությունը փոքրացնելու նպատակով։