Գաբրիել Անսուրլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Անսուրլյան
Ծնվել է1885
ԾննդավայրՄելիտինե, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԵդեսիա
Ազգությունհայ
ԿրթությունՍեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Գաբրիել Ղազարի Անսուրլյան (1885, Մելիտինե, Օսմանյան կայսրություն - 1915, Եդեսիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Անսուրլյանը ծնվել է 1885 թվականին Խարբերդի նահանգի Մելիտինեի (Մալաթիա) գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում։ Ծնողները՝ Ղազար և Գոհար Անսուրյանները վաղաժամ են մահացել, և նա մեծացել է Հովսեփ հորեղբոր խնամքի տակ։ 1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ զոհվել է նաև հորեղբայրը, և Գաբրրիելը մնացել է կատարյալ որբ։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ. Երրորդություն վարժարանում։ 1903 թվականին ուղարկվել է Կարին և անվճար ուսանել Սանասարյան վարժարանում։ 1906 թվականին ավարտելով ուսումը, վերադարձել է Մելիտինե և ուսուցչություն արել Մայր վարժարանում՝ դասավանդելով քիմիա, բուսաբանություն, թվաբանություն, տոմարակալություն և բնագիտություն։ Միաժամանակ, եղել է Մելիտինեի ՀՅԴ կոմիտեի քարտուղարը։

1909 թվականի Ադանայի եղեռնը սթափեցրել է Մելիտինեի մտավորականներից շատերին, և Գաբրիելը, մի խումբ գաղափարակից երիտասարդների հետ, լծվել է Մելիտինեի ինքնապաշտպանության գործին։ Ընկերների հետ ռումբ պատրաստելիս վերջինս պայթել է ու վնասել Գաբրիելի աջ ձեռքը։

Ուսուցչություն անելու ընթացքում կապուչին մի աբանահայր Սելեսթինի մոտ ֆրանսերեն է ուսանել։ 1910 թվականին մեկնել է Բեյրութ և ընդունվել Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականին նշանվել է մի հայ օրիորդի հետ։ Ուսումն ավարտել է 1914 թվականի ամռանը։

1915 թվականի մայիսին Բեյրութում ձերբակալվել է իբր իր ծննդավայրը ուղարկվելու համար։ Սպանվել է նույն տարվա ամռանը՝ Եդեսիայի մոտ կամ Մելիտինեի բանտում, 30 տարեկանում։ Այլ տվյալներով՝ վերապրել է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարոյեան Գասպար «Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները)», Պոսթոն, 1957
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե «Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.)», հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։