Բրանիսլավ Նուշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանիսլավ Նուշիչ
սերբ.՝ Бранислав Нушић
Ծննդյան անունսերբ.՝ Alkibijad Nuša
Ծնվել էհոկտեմբերի 8 (20), 1864
ԾննդավայրԲելգրադ, Սերբիայի իշխանություն[1]
Վախճանվել էհունվարի 19, 1938(1938-01-19)[1][2][3] (73 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[1]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Գրական անունBen Akiba[4]
Մասնագիտությունվիպասան, լրագրող, դրամատուրգ, պետական ծառայող, դիվանագետ, գրող և բանաստեղծ-փաստաբան
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբիայի իշխանություն և  Սերբիայի թագավորություն
ԿրթությունԲելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1884) և Բելգրադի համալսարան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԶավակներGita Predić-Nušić?
Изображение автографа
 Branislav Nušić Վիքիպահեստում

Բրանիսլավ Նուշիչ (սերբ.՝ Бранислав Нушић), հոկտեմբերի 8 (20), 1864, Բելգրադ, Սերբիայի իշխանություն[1] - հունվարի 19, 1938(1938-01-19)[1][2][3], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[1]), սերբ գրող, Սերբիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անուն-ազգանունը Ալկիվիադ Նուշա է։ Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Գրացի համալսարանը, այնուհետև իրավաբանական կրթություն ստացել Բելգրադի համալսարանում։ 1883 թվականին գրել է իր առաջին կատակերգությունը՝ «Ժողովրդական պատգամավորը», որը թույլատրվել է բեմադրել տասներեք տարի անց միայն՝ 1896 թվականին, իսկ տպագրել՝ շատ ավելի ուշ՝ 1914 թվականին։ Նուշիչը մասնակցել է սերբ-բուլղարական 1885 թվականի պատերազմին, որն իր արտացոլումն է գտել նրա «Կապրալի պատմությունները» գրքում։ Պատմվածքների այդ ժողովածուն ամբողջովին տոգորված է հակապատերազմական տրամադրությամբ։ 1887 թվականին Սերբիայի այն ժամանակվա թագավոր Միլան Օբրենովիչի դեմ ուղղված «Երկու ստրուկ» ծաղրական երգի պատճառով նետվել է բանտ, որտեղ գրել է իր նշանավոր բանտային նոթերը և «Հովանավորչություն» կատակերգությունը։ Մեկ տարի անց Նուշիչին ներում է շնորհվել, որից հետո նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է դիվանագիտական աստիճանավոր, գավառակի պետ և այլն։ Այդ տարիներին գրած գրքերում(«Օխրիդյան լճի ափերին», «Կոսովո», 1902-1903 թթ.) Նուշիչը հանդես է եկել որպես հրապարակախոս, ազգագրագետ, պատմաբան։ Արևելքի էկզոտիկ պատկերներն են արտացոլված «Ռամազանի երեկոներ» պատմվածքների ժողովածուում (1898 թ,) և «Տաշուլա» վիպակում (1902 թ.): 1900 թվականից Նուշիչը Բելգրադի Ժողովրդական թատրոնի տնօրենի տեղակալն էր և «Թատերական լրագրի» խմբագիրը։ 1904-1905 թվականներին պաշտոնավարել է որպես Նովի Սադ քաղաքի Ժողովրդական թատրոնի, 1913-1915 թվականներին՝ Սկոպյե քազաքի թատրոնի տնօրեն, այնուհետև՝ Բելգրադի Ժողովրդական թատրոնի թատերագրի տեղակալ:Այդ տարիներին գրեթե ամեն օր «Պոլիտիկա» թերթում Բեն Ակիբա ստորագրությամբ լույս են տեսել նրա ֆելիետոնները։ 1908 թվականին Ավստրիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի բռնազավթումից հետո Սերբիայով մեկ ծավալված հայրենասիրական շարժմանը մասնակցել է նաև Նուշիչը։ Նրա տղան, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, զոհվել է ռազմաճակատում։ Գրողը որդու հիշատակին է նվիրել ,,Հազար ինը հարյուր տասնհինգը,, վերնագրված իր գիրքը, որտեղ բողոքի ձայն է բարձրացնում պատերազմի դեմ և արտահայտում իր՝ որպես հայրենասեր մարդու ցավն ու ցասումը։ 1915-1918 թվականներին Նուշիչը իբրև վտարանդի՝ ապրել է արտերկրում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում։ 1918 թվականին, այն բանից հետո, երբ ստեղծվեց սերբերի, խորվաթների ու սլովենների միասնական թագավորությունը, Նուշիչը վերադարձավ հայրենիք, մինչև 1923 թվականը ծառայեց մշակույթի նախարարությունում, այնուհետև ղեկավարեց Սարաևոյի Ժողովրդական թատրոնը։ 1930-ական թվականներին աշխատակցել է «Մեր իրականությունը» ամսագրին, որի շուրջ էին համախմբվել ֆաշիզմին ընդդիմացող մտավորականներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բանաստեղծություններ, արձակ, բայց գրականության պատմության մեջ մտել է առավելապես որպես թատերագիր։ Ստեղծագործելով ավելի քան հիսուն տարի՝ Բրանիսլավ Նուշիչը արարել է բազմաթիվ հոյակապ կատակերգություններ, որոնք կարևորագույն դեր են խաղացել հարավսլավական թատերգության ու թատրոնի պատմության ընթացքում։ Նա առաջնակարգ երգիծաբան էր, կոմիկական իրադրությունների տաղանդավոր հորինող, ընդ որում՝ նրա լավագույն ստեղծագործություններում երգիծական էֆեկտները տիրող իրականության տարաբնույթ այլանդակությունների գեղարվեստական սուր արձագանքներն էին։ Սրամտությունները, կատակները, անեկդոտները, ծաղրապատկերները Նուշիչը ծառայեցնում էր որպես քաղաքական երգիծանքի հատու զենքեր։ Նրա տաղանդի ձևավորվման գործում մեծ դեր են խաղացել սերբական ժողովրդական բանահյուսությունը, նախորդած շրջանների սերբ թատերագիրների (Յ. Ստերիա-Պոպովիչ, Կ. Տրիֆկովիչ և այլք) և ռուս գրականության, հատկապես՝ Ն. Վ. Գոգոլի երգիծական ստեղծագործությունները։ Իր «Կասկածելի անձնավորությունը» կատակերգության նախաբանում Նուշիչը գրել է. «Գոգոլը մեր այն ժամանակվա երիտասարդության կուռքն էր, իսկ գոգոլյան «Ռևիզորը» երիտասարդների ամենասիրած ստեղծագործությունն էր։ Ութսունական թվականներին իմ ստեղծած բոլոր թատերգությունները՝ «Ժողովրդական պատգամավորը», «Հովանավորչությունը» և, առաջին հերթին՝ «Կասկածելի անձնավորությունը» գրվել են «Ռևիզորի» մեծ ազդեցությամբ,,։

Նուշիչի ստեղծագործությունը ուսումնասիրող գրականագետները տարբերակում են երեք շրջան.

Առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանն ընդգրկում է 1883-1903 թվականները, երբ ստեղծվել են «Ժողովրդական պատգամավորը», «Կասկածելի անձնավորությունը», «Հովանավորչություն», «Սովորական մարդը» և այլ սուր երգիծական բնույթի կատակերգություններ, որոնցում սպանիչ ծաղրի են ենթարկված բուրժուական կեղծ պառլամենտարիզմը, ահավոր կեղծիքներով անցկացվող պատգամավորական ընտրությունները, ոստիկանական բյուրոկրատիզմը, կաշառակերության աղտի ու կեղտի մեջ մինչև կոկորդը խրված իշխանությունները։

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ շրջանում՝ 1903-1914 թվականներին նկատելիորեն թուլացել են Նուշիչին բնորոշ սուր երգիծական մոտիվները։ Փոխարենը Բելգրադի Ժողովրդական թատրոնում հսկայական հաջողությամբ հաղթարշավել է նրա «Հաջի Լոյա» հերոսական դրաման, որն Ավստրիայի զավթողական ոտնձգությունների արձագանքն էր։ Այս շրջանում են գրվել նաև «Լույսը», «Շուրջերկրյա ճամփորդություն» կատակերգությունները, «Արյան տուրք», «Աստծո թիկունքին» դրամաները և այլ երկեր։

Երրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ շրջանում (1914-1934 թվականներ) նոր ուժով ու թափով դրսևորվեց Նուշիչ երգիծաբանի ու թատերագրի տաղանդը։ 1924 թվականին նա լույս ընծայեց իր երգիծական «Ինքնակենսագրություն» վիպակը, որը լեփ-լեցուն է դեպի բուրժուական Հարավսլավիայի քաղաքական արատավոր կարգերն ու հասարակական այլանդակված նորմերն ուղղված ծաղրասլաքներով։ Քսանական թվականների վերջին և երեսնական թվականներին Նուշիչն ստեղծեց մի շարք կատակերգություններ, որոնք ապշեցնում էին իր ժամանակակիցներին երգիծանքի թափով, ընդգրկումների բազմերանգությամբ, ազգային կոլորիտով։ Ասվածը վերաբերում է հատկապես «Պարոն նախարարուհին»(1929), «Միսթր Դոլարը»(1932), «Տխրամած ընտանիքը»(1935), «Դր.»(1936), ,,Հանգուցյալը»(1937) կատակերգություններին։ Նուշիչի ստեղծագործության ուշ շրջանը զուգադիպեց նախապատերազմյան Սերբիայում տեղի ունեցած հասարակական կտրուկ հեղաբեկումներին։ Եվ երգիծաբան թատերագիրը կրկին անդրադարձավ այն երևույթներին ու նյութերին, որոնք նրա ծաղրի առարկան էին եղել իր ստեղծագործության առաջին, այսպես կոչված՝ «գոգոլյան» կատակերգությունների շրջանում։ Ֆաշիզմի՝ երեսնական թվականներին իրագործած զավթողական հարձակումները ուժեղացրին Նուշիչի հետաքրքրությունը հասարակական մեծ հիմնախնդիրների նկատմամբ։ Նա խարազանում էր բութ ու չարամիտ քաղքենիությունը, ամենայն այլանդակի հետ հարմարվողների սահմանափակ մտածելակերպը, լկտիների՝ սահմաններ չճանաչող սնափառությունը... Բրանիսլավ Նուշիչի լավագույն ստեղծագործությունները, հատելով ազգայինի սահմանները, իրենց հաստատուն տեղն են գտել համաշխարհային գրականության գանձարանում։


Բրանիսլավ Նուշիչը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինիստրական խոճկոր (երգիծական պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1963, 88 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Խաչիկ Հրաչյան։ Բովանդակությունը՝ Մինիստրական խոճկոր; Լուսնկա գիշեր; Մեր արխիվները; Մաքսիմ; Գիտության զոհը; Դամբանական; Թե ինչպես պատգամավոր ընտրեցին; Ոստիկանական շներ։
  • Իմ առաջին հարցազրույցը։ «Գարուն», 1999, № 1, էջ 73-74։ Սերբերենից թարգմ.՝ Բաբկեն Սիմոնյան։
  • Երևանում հայերեն թարգմանությամբ հրատարակվել է նաև Բրանիսլավ Նուշիչի ,,Ինքնակենսագրություն,, երգիծական վիպակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 405