Բուսաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Ստեփանավանի դենդրոպարկից

Հայաստանի ֆլորայի և բուսականության համակարգված գիտական ուսումնասիրությունն սկսվել է 1920-ական թվականներից։ Առաջին ֆլորիստական և ֆիզիոլոգիական հետազոտությունները կատարվել են ԵՊՀ-ում՝ Հ. Բեդելյանի և Ն. Տրոիցկու նախաձեռնությամբ։ Սակայն գիտական բուսաբանության զարգացումը պայմանավորված է 1935 թ.-ին (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի, 1943 թ.-ին՝ ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրմամբ, որի համակարգում կազմակերպվել են Բուսաբանության ինստիտուտը և Երևանի բուսաբանական այգին։ Առաջին արժեքավոր աշխատանքները ծավալվել են հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի բնագավառներում։

Հայաստանի բնապատմական թանգարանի հերբարիումի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական ուսումնասիրությունների սկիզբը Հայաստանում կապված է բնախույզ Ա. Շելկովնիկովի աշխատությունների հետ. 1920-ական թվականներին նրա պատրաստած հերբարիումի հիման վրա ստեղծվել է Հայաստանի բնապատմական թանգարանի հերբարիումը, հետագայում՝ Բուսաբանության ինստիտուտը։ Ներկայումս այն ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հերբարիումն է (ավելի քան 500 հազար նմուշ), որը մեծ ճանաչում ունի ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ERE միջազգային ցուցիչով։ ERE հերբարիումային ֆոնդի ուսումնասիրության հիման վրա հրատարակվել են 11-հատորանոց «Հայաստանի ֆլորան», «Երևանի ֆլորան», «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը» (առաջինը՝ 1990, լրամշակված հրատարակություն՝ 2010), ավարտական փուլում են «Կովկասի ֆլորայի կրիտիկական կոնսպեկտի» քառահատորի և մի շարք այլ մենագրությունների հրատարակումը։ Պատրաստվում են հրատարակության «Հայաստանի ֆլորայի անոթավոր բույսերի որոշիչը», «Հայաստանի ծառերի ու թփերի փոշեհատիկների ատլասը»։

Փոշեհատիկաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանազգիների ներկայացուցիչ՝ Շուշան հայկական

Փոշեհատիկաբանության բնագավառում հետազոտություններն սկսվել են 1945 թ.-ին ԵՊՀ-ում (Ա. Թախտաջյան, Ա. Յացենկո-Խմելևսկի, Թ. Ծատուրյան), ապա՝ Բուսաբանության ինստիտուտում (Ե. Ավետիսյան, Վ. Աղաբաբյան, Ա. Հայրապետյան)։ Ս. Թախտաջյանը, ընդհանրացնելով կուտակված տվյալները, ներկայացրել է ծածկասերմ բույսերի փոշեհատիկների հիմն, տիպերը և դրանց էվոլյուցիոն զարգացման ուղիները։ Բուս աբանության ինստիտուտի փոշեհատիկաբանության կենտրոնում ստեղծվել է փոշեհատիկների պատրաստուկների հարուստ հավաքածու (պալինոտեկա), որն ընդգրկում է ավելի քան 14 հազար նմուշ։ Փոշեհատիկաբանության հիմնական ուղղություններն են ծածկասերմ բույսերի փոշեհատիկների ձևաբանությունը, փոշեհատիկաբանությունը, ինչպես նաև էվոլյուցիոն փոշեհատիկաբանությունը։ Բույսերի անատոմիայի բնագավառում առաջին ուսումնասիրությունները կատարել է Հ. Բեդելյանը, ապա՝ Ա. Թախտաջյանը և Ա. Յացենկո-Խմելևսկին, որոնց հետազոտություններով Հայաստանում դրվել է բնափայտի անատոմիական ուսումնասիրությունների հիմքը։ Ա. Յացենկո-Խմելևսկին հրատարակել է «Կովկասի բնափայտերը» (ուսումնական) երկհատորը։ Ա. Թախտաջյանի և Ա. Յացենկո-Խմելևսկու ստեղծած բուսանատոմների հայկական դպրոցի ներկայացուցիչներ Վ. Փալանջյանը, Բ. Տեր-Աբրահամյանը, Ն. Մելիքյանը, Մ. Գզիրյանը շարունակել են շրջակա միջավայրի գործոնների հետ բնափայտի կառուցվածքային փոխազդեցության, Վ. Ավետիսյանը, Է. Գաբրիելյանը, Ա. Մելիքյանը, Ն. Խանջյանը, Լ. Մուրադյանը, Կ. Թամանյանը, Մ. Հովհաննիսյանը, Գ. Օգանեզովան՝ կարգաբանության և ֆիլոգենիայի նպատակներով՝ բույսերի վեգետատիվ ու գեներատիվ օրգանների անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունները։ Համեմատական անատոմիայի եղանակի կիրառմամբ ստացված տվյալներն ամփոփել է Գ. Օգանեզովան՝ իր «Շուշանազգիների սերմերի կառուցվածքը և համակարգը» (2008 ) մենագրության մեջ։ Հայաստանի բուսանատոմների աշխատանքներն ու ստացած տվյալներն ընդգրկվել են «Սերմերի համեմատական անատոմիա» (1985-2010, խմբ.՝ Ա. Թախտաջյան, ռուսումնական) բազմահատոր տեղեկատու հրատարակության մեջ։

Բույսերի ֆիզիոլոգիան և կենսաքիմիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի ֆիզիոլոգիայի զարգացմանը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին հանրապետությունում զգալիորեն նպաստել է Ս. Չայլախյանի գործունեությունը։ Հետազոտություններ են կատարվել ԵՊՀ-ում, Գյուղատնտեսական, Բուսաբանության, հետագայում նաև Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության, Երկրագործության ԳՀհ-ներում։ Առաջին խոշոր տեսական աշխատությունը նվիրված է միամյա բույսերի ծերացման ֆիզիոլոգիական բնույթի պարզաբանմանը։ Նոր պատկերացումների հետագա զարգացման հիման վրա Վ. Ղազարյանը մշակել է բարձրակարգ բույսերի ծերացման ընդհանուր տեսություն, բացահայտել, որ ծառերից դեպի խոտերը էվոլյուցիան ընթացել է արմատատերևային տարածության կրճատման և կենսընթացների ակտիվացման ուղղությամբ։ Էկոֆիգիոլոգիական բնույթի աշխատություններում պարզաբանվել են հանրապետության տարբեր անտա- ռաբուսումնական շրջաններում վայրի պտղատու, ինչպես նաև ինտրոդուկցված ծառատեսակների կենսընթացների ակտիվությունը և հարմարվողականությունը (Վ. Ղազարյան)։ Բուսաբանության ինստիտուտում մշակվել են «Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները» (1974)։ Ուշագրավ հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ոլորտներում։

Առանձին ուսումնասիրություններ ու գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղնի
Հաճարենու անտառ

Հ. Մաղաքյանը, Շ. Աղաբաբյանը, Ե. Ղագարյանն ուսումնասիրել են հանրապետության գլխավոր մարգագետնաարոտավայրային զանգվածների բուսականությունը, Գ. Յարոշենկոն, Լ. Մախատաձեն՝ հաճարենու և կաղնու անտառները, Ա. Թախտաջյանը՝ չորասեր բուսականությունը և բուսականության հիմնական տիպերը, Ա. Բարսեղյանը՝ ջրաճահճային, Ա. Ֆեոդորովը, Ս. Նարինյանը, Վ. Ոսկանյանը, Ս. Բալոյանը, Ա. Զիրոյանը՝ ալպիական, Գ. Ֆայվուշը՝ տափաստանային բուսականությունը։ Կազմվել են Հայաստանի բուսական ծածկոցի, կերային հանդակների և անտառային բուսականության քարտեզները։ Վերջին տարիներին կարևոր աշխատանքներ են կատարվում հազվագյուտ բուսական համակեցությունների ուսումնասիրության, ինչպես նաև էկոհամա- կարգերի վրա կլիմայի գլոբալ փոփոխության ներգործման ու ինվազիվ բույսերի տեսակների տարածման ուղղությամբ (Գ. Ֆայվուշ)։ Հայաստանը հարուստ է նաև երկրաբանական տարբեր դարաշրջանների բուսատեսակներով, որոնք ներկայացված են բույսերի տարբեր օրգանների դրոշմներով, մնացորդներով կամ քարացուկներով։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու ՀՀ տարածքի հնագույն ֆլորայի պատկերը։

Հնէաբուսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի մի մասը բլրի գագաթից

Հնէաբուսաբանության բնագավառում առաջին աշխատանքները կատարել են Ի. Պալիբինը, Ա. Կրիշտոֆովիչը, Ա. Թախտաջյանը, հետագայում՝ Մ. Հարությունյանը, Ն. Գոխթունին, Լ. Մանուկյանը, Ի. Գաբրիելյանը։ Հայտնաբերվել են 350-ից ավելի բրածո բուսատեսակներ, նկարագրված են գիտության համար նոր՝ մոտ 30 բրածո տեսակներ։ Անտառագիտության բնագավառի աշխատանքների նպատակը եղել է հիմնականում հանրապետության անտառային զանգվածների ընդլայնումը։ 1929 թ.-ին Վանաձորում հիմնադրվել է Անտառփորձակայան, որտեղ առաջին աշխատանքները նվիրվել են հանրապետության անտառների տիպաբանությանը և հատումներից հետո դրանց վերականգնմանը, կենսբ. և անտառտնտեսական բնութագրմանը։ Հետագայում անտառագիտության նոր կենտրոն է ստեղծվել Բուսաբանության ինստիտուտում, որի առաջնահերթ խնդիրը Սևանա լճի ջրերից ազատված տարածքի անտառապատումն է և համապատասխան տեսակաշարի ու ագրոտեխնիկայի մշակումը։ Այդ բաժնի (Պ. Խուրշուդյան և ուրիշներ) երաշխավորությամբ Սևանի ավագանում ստեղծվել են մոտ 7000 հա սոճու տնկարկներ։ Բուս, պաշարներից առաջինը հետազոտվել են Հայաստանի տարածքի դեղաբույսերը։ Հետագայում Ա. Խրիմլյանն ավելի մանրամասն ուսումնասիրել է առանձին արժեքավոր բուսատեսակներ, օր.՝ եթերայուղատու բույսերը, Ձ. Աստվածատրյանը՝ տրագականտային գազերը, Ա. Սեպետճյանը՝ սննդային բույսերը, Ս. Ջոլոտնիցկայան՝ դեղաբույսերը։ Բուսաբանական գիտության կիրառական խնդիրներից է օգտակար բույսերի ինտրոդուկցիան։ Հանրապետության հողժողկոմը դեռևս 1927 թ.-ին Հրազդան գետի ափին հիմնադրել էր առաջին բուսաբանական այգին, 1935 թ.-ին մշակվել է նոր այգի՝ ավելի քան 100 հա տարածքում, որը բույսերի ինտրոդուկցիայի հանրապետության առաջին գիտական կենտրոնն է։ Այնուհետև կազմակերպվել են բուսաբանական այգու՝ Վանաձորի (1936 թ.) և Սևանի (1944 թ.) բաժանմունքները։

Սևանա լիճը

Գ. Յարոշենկոն, Հ. Մկրտչյանը, Տ. Չուբարյանը, Լ. Մախատաձեն, Ա. Գրիգորյանը, Ժ. Վարդանյանը, Զ. Աստվածատրյանը և ուրիշներ այգում ու նրա մասնաճյուղերում ստեղծել են տարբեր աշխարհագր. ծագման և տարբեր կարգաբան, ու կենսաձևերի պատկանող ինտրոդուկցված բույսերի հարուստ հավաքածուներ՝ շուրջ 5000 անուն, այդ թվում՝ ծառերի ու թփերի ավելի քան 1600 տեսակ և սորտ, խոտաբույսերի 1240 տեսակ, այլատեսակ ու պարտիզային ձևեր։ Հրատարակվել է Ժ. Վարդանյանի «Հայաստանի ծառերն ու թփերը բնության մեջ և մշակության պայմաններում» (2003) մենագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։