Բորդոյի գինիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորդոյի գինիներ (ֆր.՝ Bordeaux), դա ցանկացած գինու տեսակ է որը արտադրվում է Ֆրանսիայի Բորդո գինեգործական շրջանում։

Նորին մեծություն Բորդոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան՝ գինեգործության օրրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր, երբ գինի է արտադրվում աշխարհի գրեթե բոլոր անկյուններում՝ անգամ Ֆինլանդիայի կլիմայական պայմաններում, գինեգործական արժեքների վերագնահատման մեծ խնդիր է ծառանում ողջ աշխարհի գինու սիրահարների առջև։ Իհարկե, գինին գինի է՝ անգամ չինականը, սակայն ընդամենը մեկ երկիր կա, որտեղ, ի տարբերություն գինի արտադրող հին ու նոր տարբեր երկրների, այն նաև խորհրդանիշ է։ Գուցե, սա Ֆրանսիական մենաշնորհային նկրտումների հերթական դրսևորում է, ինչպես օրինակ կոնյակի դեպքում, բայց քաղաքակիրթ ողջ մարդկությունը վաղուց արդեն համակերպվել է Ֆրանսիայի գինեգործական գերիշխանության հետ, իսկ կոնկրետ Բորդոյի գինիների դեպքում՝ ճիշտ է ասել, որ ըստ արժանվույն է գնահատել դրանք։ Ընդ որում, մեր օրերում այս հարցում հաշվի են առնվում հետևյալ շատ կարևոր հանգամանքները. Ֆրանսիայում ընդհանրապես նորին գերազանցություն գինին ոչ միայն պաշտում են, այլև այստեղ գործում են գինու որակի նկատմամբ առաջադրվող պաշտոնական ամենախիստ պահանջներն աշխարհում։ Իսկ դրանք պահպանողները գինեգործներ են, որոնք, շատ հաճախ, գինու արտադրությամբ զբաղվում են արդեն 20 սերունդ։ Դրա արդյունքում էլ Ֆրանսիան շարունակում է համարվել գինեգործության օրրան, իսկ Բորդոյի ռեգիոնը՝ «գինեգործության Վատիկան» նաև մեր օրերում։

Բորդոն գինու շատ սիրահարների մոտ տպավորված է որպես գետաջրերով ողողվող մի շրջան, որտեղ տիրում է հատուկ միկրոկլիմա, որտեղ գեղեցիկ դղյակներին կից ձգվում են խաղողի անծայրածիր այգիներ, որոնցում խաղողի մշակմամբ զբաղվում են ամենատարբեր տիտղոսավոր անձինք։ Իրականում այդպես էլ կա, ուղղակի Բորդոն ոչ այնքան «ընդհանուր» հասկացություն է, որքան ընդունված է կարծել։

Բաժանումն ըստ Աջ և Ձախ ափերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ Բորդոյի գինեգործական ռեգիոնի (այն. կազմում է 113 000 հեկտար) «բարիքը» ընդունված է բաժանել՝ Ձախ և Աջ ափերի միջև։ Բացի այդ Բորդոյի գինիները ստորաբաժանվում են ըստ appellation-երի («ապելասիոն»–«անվանումն ըստ պատրաստման տեղի», որը համապատասխանում է պետության կողմից սահմանված ստանդարտներին )։ Աջ ափում՝ Բորդոն գետից աջ, էկոհամակարգն առավել նպաստավոր է Մերլո ու Կաբերնե ֆրան տեսակների խաղողի մշակման համար, Ձախ ափին՝ Կաբերնե սովինյոն տեսակի համար։ Աջ ափին արտադրվող գինիներն առավել քիչ թանիններ են պարունակում, ընդհանուր առմամբ՝ ավելի փափուկ են։ Դրանց բնորոշ են սալորի և սև սալորաչրի բույրերը, իսկ Ձախ ափի գինիներին՝ առավել սև հաղարջի բույրային նրբերանգները։ Ձախ ափի խաղողի այգիները շուրջ 10 անգամ ավելի շատ են, քան Աջ ափինը։ Սակայն Աջ ափն իր լավագույն ապելասիոններն ունի, այդպիսիք համարվում են Saint Emilion-ը և Pomerol-ը։

Սենտ-էմիլիոնի ապելասիոնը տարածվում է 5400 հեկտարի վրա. այստեղ կան ավելի քան 800 chateau-ներ՝ գինեգործական կալվածքներ։ Սենտ-էմիլիոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ պարբերաբար վերանայվում է կալվածքների հողերի դասակարգումն ըստ որակի։ Իսկ դասակարգման կատեգորիաները հետևյալն են՝ Premier grand cru classe՝ իր a և b խմբերով, Grand cru classe, Grand cru։ Ելնելով այս դասակարգումից՝ լավագույնն են համարվում Chateau Chavel Blanc և Chateau Ausone կալվածքները։ Ինչ վերաբերում է Pomerol-ին՝ 800 հեկտար տարածքով, ապա այստեղ արտադրվող գինիները բավական մեծ հեղինակություն ունեն միջազգային շուկայում։ Սա Բորդոյի լավագույն ապելասիոններից միակն է, որտեղ չկա գինեգործական կալվածքների պաշտոնական դասակարգում (ոչ պաշտոնապես լավագույնն է համարվում Petrus-ը. Chateau Petrus-ում տարեկան արտադրվում է ընդամենը 3000 արկղ գինի, սակայն այս շատոյի շատ գինիներ մասնագետների կողմից գնահատվում են մաքսիմալ բարձր՝ 100 բալով)։ Աջ ափի էլիտար վերոհիշյալ 2 ապելասիոններն էլ ունեն իրենց հարակից շրջանները, որոնցում արտադրվող գինիներն անհամեմատ զիջում են իրենց վարկանիշով։ Բորդոյի հարավում՝ Ձախ ափին գտնվում են Sauternes և Barsac ապելասիոնները, որոնցում արտադրվող դեսերտային՝ բնական-քաղցր, սպիտակ գինիները համարվում են լավագույնն աշխարհում։

Իսկ Ձախ ափի ապելասիոններից առավել արժանահիշատակ է Medoc-ը (մոտ 8000 հեկտար), որը համարվում է «կարմիր գինիների թագավորություն»։ Այստեղ արտադրվող կարմիր գինիները հաճախ անվանում են նաև «արիստոկրատ»։ Medoc-ի գինեգործական համայնքներից ամենից բարձր արժեքորոշվում են Pauillac–ը, Margaux–ն ու Saint-Julien-ը։

Սակայն գինեգործության մայրաքաղաքի բոլոր բարիքները գոնե համտեսելու համար ոչ միայն կլորիկ կարողություն է հարկավոր, այլև համապատասխան «պատրաստվածություն»։ Վերջինս ապահովելու համար էլ հենց ստեղծվում են հարյուրավոր «գինու ուղեցույցներ» (և անգամ ամբողջ գրքեր), որոնք միևնույնն է կատարյալ չեն համարվում։ Թեկուզ միայն այն պատճառով, որ գինեգործական այս ռեգիոնում գրեթե 10 հազար գինեգործական տնտեսություններ, համայնքներ ու կոոպերատիվներ կան։

Լավագույն կալվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց Բորդոյից գինիներ ձեռք բերելու շատերի անդիմադրելի ցանկությունը ընդունված է բավարարել տեղի ամենահայտնի կալվածքներն այցելելով։ Բորդոն և դրա շրջակայքը լավ են նրանով, որ գինի այստեղ կարելի է ձեռք բերել ոչ միայն խանութներում, այլ նաև հենց շատոներում։ Այստեղ շատ կալվածքների մոտ առկա են ցուցատախտակներ՝ visite կամ degustation գրություններով։ Բորդոյի լավագույն կալվածքներից մեկը համարվող Chateau Pichon Longueville Comtesse de Lalande կարելի է այցելել նախնական պայմանավորվածությամբ։ Որոշ կալվածքներ հանդես են գալիս նաև իբրև թանգարաններ, այդպիսիններից ամենահայտնին Chateau Mouton-Rothchild-ն է։ Այստեղ ներկայացված է կալվածքի գինիների ընդարձակ հավաքածուն, որը դիտելուց հետո այցելուներին հրամցվում է վերջին բերքից ստացված գինին՝ տեղի սոմելյեի (գինու մասնագետ) մեկնաբանություններով։ Ե՛վ որպես շատո, և՛ իբրև թանգարան առավել ուշագրավ է Chateau Haut-Brion-ը։ Շատ մասնագետներ այստեղ ստեղծվող գինին համարում են լավագույնը աշխարհում։ Շատոն ոչ միայն խաղողի որթի ինքնատիպ թանգարան է, այլև աչքի է ընկնում կտավների արժեքավոր հավաքածուով և ինքնատիպ ինտերիերով։

Բորդոն և բիզնեսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են՝ գինեգործությունն ամենաեկամտաբեր բիզնեսներից է ժամանակակից աշխարհում, սակայն իրականում դա այնքան էլ ճիշտ չէ բիզնես անվանելը՝ թեկուզ միայն այն պատճառով, որ այստեղ գործում են այլ կանոններ՝ և հենց ամենասկզբից։ Իսկ ամենասկզբից տեղի է ունենում այն, ինչ բիզնես-աշխարհում անվանում են ներդրում, այլ ոլորտներում ծավալվող բիզնեսի համեմատ գինեգործության մեջ այն ավելի մեծ պետք է լինի, իսկ հաջողության միանշանակ երաշխիքներ գրեթե չկան։ Նախ, պետք է ասել, որ քիչ թե շատ հեղինակավոր ռեգիոնում խաղողի այգու մեկ հեկտարի միջին արժեքը կազմում է 50 հազար դոլար (2005 թվականի դրությամբ)։ Իսկ սկզբի համար պահանջվում է 10 հեկտար տարածք։ Ճիշտ է, լինում են նաև բացառություններ, օրինակ, Բորդոյում գինեգործ Ժան-Լյուկ Տյունևենը (նա ստեղծել է Chateau de Valandraud՝ Saint-Emilion ապելասիոնում) իր գինեգործական կարիերան սկսել է մեկ հեկտարից։ Ի դեպ, նրա արտադրած գինիներն առաջինն էին, որ անվանվեցին «գարաժային գինիներ», քանի որ դրանց շշալցումն իրականացվում էր ավտոտնակում։ Այսօր Chateau de Valandraud-ն իրենից ներկայացնում է ավելի քան 10 հեկտար տարածքով գինեգործական մի կալվածք, որտեղ տարեկան արտադրվում է 12 հազար շիշ գինի։ Սա, իհարկե, բացառիկ դեպք է, քանի որ ավելի շատ են հակառակ օրինակները։ Երբեմն սկսնակ բիզնեսը չեն փրկել անգամ ամենահայտնի գինեգործների խորհրդատվությունները կամ այլևայլ ներդրումները։ Իսկ Բորդոյի պես տեղանքում բոլոր ջանքերն ունեն նաև իրենց դրամական ցնցող արտահայտությունը։ Սրան, իհարկե, գումարվում է նաև ժամանակը, որը գինեգործական բիզնեսում ևս փող է. գինեգործության համար պիտանի առաջին բերքը ստացվում է, սովորաբար, միայն 3-4 տարի անց։ Կան նաև մանր-մունր այլ հոգսեր, ինչպես օրինակ տակառները կամ նորաստեղծ շատոյի խորհրդանիշերով ու անունով պիտակներ թողարկելը։ Իսկ այս ամենից հետո, իհարկե, պետք է որպեսզի արտադրանքը գտնի իր սպառողին՝ նաև կալվածքի ցանկապատերից դուրս։ Ինչպես յուրաքանչյուր բիզնեսում, գինեգործության մեջ էլ կան մենաշնորհներ, ժամանակին, օրինակ, մեծահարուստ Ռոթշիլդներին էին պատկանում Բորդոյի 5 լավագույն շատոներից 3-ը։ Իսկ այսօր, այնպիսի կարծիք կա, որ ընդհանրապես սեփական գինեգործական կալվածք ունենալը շատ դեպքերում թեկուզ ոչ այնքան հաջող ներդրում է, բայց անչափ հարգի է՝ ինչպես օրինակ սեփական ինքնաթիռը։ Դրա վառ օրինակ կարող է ծառայել մեծն Ազնավուրը, եթե տեղի տա գինեգործության 15-ամյա փորձ ունեցող ժերար Դեպարդյեին, որն, ասում են, համոզում է շանսոնյեին գինեգործական կալվածք գնել Բորդոյում (Բորդոյում հազվադեպ են վաճառվում իսկապես արժեքավոր կալվածքներ)։ Ինչևէ, հայտնի է Ազնավուրի հետևյալ «խոստովանությունը»՝ «...ես գինի սկսել եմ խմել այն ժամանակ, երբ դադարել եմ ալկոհոլ օգտագործելը։ Ճիշտ է, նախկինում, ես «բորդո» էի խմում բեմ դուրս գալուց առաջ, իսկ հիմա ավելի հանգիստ եմ դարձել և խմում եմ բեմելուց հետո»։

Բորդոն և վայելքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում շատ հավաքորդներ իրենց հավաքածուներում առաջնային տեղ են տալիս Բորդոյի գինիներին այն աստիճան, որ երբեմն հավաքածուն իսկապես հավաքածու են սկսում կոչել միայն այն դեպքում, երբ դրանում կան Բորդոյի հետ կապված մի քանի նշանավոր անվանումներ կրող շշեր՝ Haut-Brion, Margaux, Cheval Blanc։ Ֆրանսիացիներն ասում են, թե երեսունն անց ցանկացած նորմալ տղամարդ պետք է կարողանա գլուխ հանել գինուց և սննդից։ Իսկ քանի որ դա մեղմ ասած այնքան էլ հեշտ գործ չէ, ապա սկզբի համար արժե թերևս մտապահել վերոհիշյալ անվանումները, գոնե նրա համար, որպեսզի առիթի դեպքում բաց չթողնենք նաև դրանք համտեսելու հնարավորությունը։ Դրանից հետո գինու մասին դատողությունները համենայն դեպս առավել «օբյեկտիվ» են։ Բորդոյում արտադրվող ամենաթանկ գինին է Chateau Petrus-ը (Pomerol ապելասիոնից)։

Սննդի ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է սննդին, ապա կոնկրետ Բորդոյի վերաբերյալ ընդունված է ասել, որ Ձախ ափի գինիներին առավել համապատասխանում են ոչխարի մսից, իսկ Աջ ափի գինիներին՝ տավարի մսից պատրաստված ուտեստները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորդոյի գինիներ» հոդվածին։