Բոնավանտյուր Դեպերիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բոնավանտյուր Դեպերիե (1510 - 1544), ֆրանսիական Վերածնության դարաշրջանի ռեալիստական արձակի հիմնադիրներից: Ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի ռեալիստական արձակի հիմնադիրներ են եղել նաև Ֆրանսուա Ռաբլեն և Մարգարիտ Նավարացին:

Բովանդակություն

Կենսագրական տվյալներ [խմբագրել]

Բոնավանտյուր Դեպերիեն ծնվել է Բուրգունդիայում: Նրա աշխարհայացքը ձևավորվել է հումանիստ գրողների շրջապատում: 1535-ին տեղափոխվել է Լիոն, որտեղ ծանոթացել է Կլեման Մարոյի և Ֆրանսուա Ռաբլեի հետ: Մի տարի հետո փոխադրվում է Մարգարիտ Նավարացու պալատը, նշանակվում թագուհու քարտուղար, դառնում նրա գրական խմբակի աստղերից մեկը: Այդ տարիներին գրել է իր նովելները, որ լույս է տեսել նրա մահից հետո, «Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» վերնագրով: Փարիզյան հրատարակիչ Ժան Մորենը 1537-ին տպագրել է Դեպերիեի «Աշխարհի ծնծղան» աշխատությունը, առանց հեղինակի անունը նշելու: Սորբոնի համալսարանի աստվածաբանները խիստ դատաստան են տեսնում, հրատարակչին բանտարկում են, դատի տալիս և որոշում գրվածքն այրել` «վնասակար գիրք» որակելով: Դեպերիեն ստիպված փախուստի է դիմում: Մի քանի տարի ապրում է հալածական կյանքով: 1544-ին Լիոնում ինքնասպանություն է գործում` նետվելով իր սրի վրա:

«Աշխարհի ծնծղան» ստեղծագործությունը [խմբագրել]

«Աշխարհի ծնծղան» Վերածննդի դարաշրջանի հիանալի կոթողներից է: Բաղկացած է չորս դիալոգից:

Առաջին դիալոգին մասնակցում են Մերկուրիոսը, Բիրֆանեսը, Կուրտալիուսը և պանդոկի տիրուհին: Յուպիտերը Մերկուրիոսին երկիր է ուղարկել ճակատագրերի գիրքը կազմելու համար: Դիալոգն սկսում է Մերկուրիոսի մենախոսությամբ: Առաջին խոսքերից երևում է, որ Մերկուրիոսը կոմիկական անձ է, ինչպես նաև` խաբեբա, գինեմոլ ու գող: Զավեշտական գծերով են պատկերված Յուպիտերն ու օլիմպիական աստվածները: Մերկուրիոսը այնքան է շտապել, որ մոռացել է Յուպիտերի հանձնարարությունները: Այստեղ դրսևորվում է երկի կոմիկական սրությունը:

Նույնպիսի տեսարանով է սկսվում նաև երկրորդ դիալոգը: Օլիմպիոսից նոր պատվերներ են գալիս:Երրորդ դիալոգի հերոսները «փիլիսոփայական քար» որոնող փիլիսոփաներ են` միջնադարյան սխոլաստիկ գիտնականներ: Չորրորդ դիալոգի «հերոսները» մարդկային լեզվով խոսող շներ են:

«Աշխարհի ծնծղան» այլաբանական ձև ունի: Ավելի քան երկու դար քննադատները զբաղվել են խորհրդապատկերներն ու ծածկանունները պարզաբանելու, բայց մինչ օրս լրիվ վերծանել չի հաջողվել: Անվիճելի է համարվում հետևյալը. Յուպիտերի համբավաբեր Մերկուրիոսը Հիսուս Քրիստոսն է: Երկու խաբեբաները` Բրիֆանեսը և Կուրտալիուսը, կաթոլիկների ու բողոքականների պարագլուխներն են, իսկ ոմանց ենթադրությամբ` Պողոս և Պետրոս առաքյալները:

«Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» ժողովածուն [խմբագրել]

Դեպերիեի նովելների նյութը նրա ժամանակի ֆրանսիական հասարակության կյանքն է: «Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» ժողովածուի առաջին նովելում, որը հեղինակը համարել է առաջաբան, Դեպերիեն ասում է, որ այդ պատմվածքների համար չի գնացել «ո'չ Կոստանդնուպոլիս, ո'չ Ֆլորենցիա, ո'չ Վենետիկ, և ո'չ էլ ուրիշ հեռավոր վայրեր», այլ օգտագործել է այնպիսի դեպքեր, որ կատարվել են մեր աչքի առաջ: Դեպերիեն պատրաստի սյուժեներ է վերցրել «Դեկամերոնից», Պաջո Բրաչոլինիի «Ֆացետիներից», ֆրանսիական «Հարյուր նոր նովելներ» (1481) ժողովածուից, ժողովրդական զրույցներից: Բոլոր դեպքերում դրանք մշակել է սեփական արվեստով ու ոգով:

Յուրաքանչյուր նովել ավարտված, ամբողջական պատկեր էտալիս` կենդանի բնավորություններով, հետաքրքիր ինտրինգներով: Նկարագրությունները համեմված են սրամիտ, պատկերավոր դարձվածներով, ժողովրդական իմաստություններով ու թևավոր խոսքերով: Հաճախ նովելի իմաստը ամփոփվում է մի սրամիտ առածի մեջ:

Ժողովածուն աչքի է ընկնում թեմաների ու մոտիվների բազմազանությամբ: Գործող անձերը ազնվականներ են, հոգևորականներ, առևտրականներ, արհեստավորներ, բժիշկներ, դատավորներ և այլն:[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրականության պատմություն։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 199-206։