Բիսկուպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բիսկուպին
լեհ.՝ Biskupin
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Խոսվող լեզուներլեհերեն
Բնակչություն320 մարդ
Ազգային կազմլեհեր
Կրոնական կազմկաթոլիկներ
Ժամային գոտիUTC+1
Բիսկուպին (Լեհաստան)##
Բիսկուպին (Լեհաստան)

Բիսկուպին (լեհ.՝ Biskupin), երկաթե դարի բնակավայր Լեհաստանում, հնագիտական թանգարան բաց երկնքի տակ։ Տեղակայված է Բիսկուպինի լճի թերակղզիներից մեկում՝ Բիդգոշ քաղաքից շուրջ 40 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին հնագետներ Յուզեֆ Կոստժևսկին ու Զդիսլավ Ռաևսկին Բիսկուպին լճի թերակղզիներից մեկում հայտնաբերում են հնագույն բնակավայրի հետքեր։ Ճահճային տեղանքի շնորհիվ հիանալի պահպանվել են փայտե շինությունները, որ վերաբերում են մոտավորապես մ.թ.ա. 550 թվականին։ Դա հնագետներին հնարավորություն տվեց վերականգնել տների արտաքին տեսքը, ցանկատատները, դրանց կառուցման տեխնոլոգիան։

Բիսկուպինի բնակեցումը, ըստ գիտնականների, տեղի է ունեցել բրոնզե դարի կեսերին՝ մոտավորապես մ.թ.ա. XIV դարից մինչև վաղ երկաթե դար կամ մոտ մ.թ.ա. V դար։

Բնակավայրը շրջապատված էր ցանկապատով, որն ուներ հողե հիմք։ Արտաքին պատերը կառուցված են փայտից, իսկ ներսի մասը լցված է հողով։ Տները (դրանք եղել են շուրջ 105 հատ) կանգնած են եղել իրար շատ մոտ և կազմել են 13 երկար փողոցներ։ Տները կառուցված են եղել շատ պարզ՝ սրահ, տան մեջտեղում օջախ, իսկ ձախ կողմում՝ քնելու տեղերը։ Սրահում ձմեռները կարող էին տեղավորել նաև անասուններին։

Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները փաստում են, որ բնակիչներն զբաղվել են հիմնականում հողագործությամբ, անասնապահությամբ, երկաթի մշակությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ, հավաքչությամբ և այլն։

Հնագիտական պեղումների ժամանակ բնակավայրի տեղում գտնվել են շուրջ 6 միլիոն տարբեր առարկաներ։ Դրանց թվում կան ցանցեր, մանելու գործիքներ, անիվներ, նավակներ, մեծ քանակությամբ սպասքեղեն, այդ թվում՝ կերամիկական։ Որոշ գտածոներ վկայում են, որ բնակավայրն առևտրական կապեր է ունեցել Սև ծովի հյուսիսային ափում բնակված սկիֆների ցեղերի հետ։

Ներկայում Բիսկուպինը թանգարան է բաց երկնքի տակ։ Այն Վարշավայի Հնագիտական ազգային թանգարանի մասնաճյուղերից մեկն է։ Այնտեղ կարելի է տեսնել հնագույն բնակավայրի՝ ամենայն մանրամասնությամբ վերականգնված փողոցներն ու տները։ Ամռանն այնտեղ անցկացվում են հնագիտական փառատոններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Украинская советская энциклопедия. В 12-ти томах. / Под ред. М. Бажана. — 2-е изд. — К., 1974—1985.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Danuta Piotrowska, Biskupin 1933-1996։ archaeology, politics and nationalism. Archaeologia Polona 35-36, 1997/98, 255-285, ISSN 0066-5924
  • Józef Kostrzewski "Osada bagienna w Biskupinie w pow. żnińskim", Poznań 1936
  • "Gród prasłowiański w Biskupinie", Poznań 1938,
  • Z. Rajewski "Biskupin - osiedle obronne sprzed 2500 lat", Arkady, Warszawa 1970,
  • Z. Rajewski "Osadnictwo ludności z kulturą łużycką we wczesnym okresie epoki żelaznej w Biskupinie i okolicy" Archeologia Polski, t. II 1958,
  • Z. Rajewski "10 000 lat Biskupina i jego okolic", Warszawa 1965,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]