Բժիշկներ առանց սահմանների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժիշկներ առանց սահմանների (ԲԱՍ), միջազգային հասարակական անկախ և կամավորական կազմակերպություն։ Ստեղծվել է 1961 թվականին՝ Ֆրանսիայի բժիշկների նախաձեռնությամբ՝ բժիշկների, առողջապահության բնագավառի աշխատողների և իր առաքելությանը նպաստող այլ մասնագետների միավորմամբ։ Ունի 18 գրասենյակ, որոնցից ԲԱՍ-Ֆրանսիան, ԲԱՍ-Բելգիան, ԲԱՍ-Շվեյցարիան, ԲԱՍ-Հոլանդիան և ԲԱՍ-Իսպանիան գործող և ծրագրեր իրականացնողներ են (2003)։ ԲԱՍ մասնաճյուղեր գործում են 80 երկրներում, որտեղ աշխատում է շուրջ 2500 կամավոր (2003)։ ԲԱՍ-ի գլխավոր նպատակն է բնական աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն) և պատերազմների ժամանակ բժշկական համընդհանուր էթիկային և մարդասիրական սկզբունքներին համապատասխան, առանց ռասայական, կրոնական, աշխարհայացքային և այլ խտրականությունների բազմակողմանի բժշկական աջակցություն ցույց տալ տուժած մարդկանց։

ԲԱՍ-ն իր առաջին առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, բուժօգնություն է կազմակերպել աղետյալներին, աջակցել առողջապահական ենթակառույցներին, հիմնել հոգեբանական խնամքի կենտրոն են։ 2002 թվականին ԲԱՍ-ը ՀՀ-ում իրականացրել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ու Սևանա լճի շրջանում հոգեկան առողջության ապահովման (ԲԱՍ-Բելգիա), դժվար իրավիճակում գտնվող երեխաների խնամակալության (ԲԱՍ-Ֆրանսիա) ծրագրերը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԲԱՍ-ի ֆրանսիական, բելգիական և հոլանդական մասնաճյուղերը բժշկական օգնություն են ցույց տվել հակամարտող կողմերի վիրավորներին, գերիներին, պատանդներին, բռնագադթածներին, ինչպես նաև աջակցել դրանց առողջապահական կառույցներին։ ԼՂՀ-ում ներդրվել է հիվանդանոցային սանհիգիենային (բժշկական թափոնի վառարանի կառուցում և հիվանդանոցների սանիտարական վիճակի վերահսկում), ներարկումների անվտանգության, ընտանիքի պլանավորման, հոգեկան հիվանդների և պատերազմի ժամանակ վնասված երեխաների առողջացման, տոտերկուլոզի դեմ պայքարի ծրագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png