Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեյթ-ուլ-մալ արաբ․՝ بيت المال‎‎, Բեյթ ալ-մալ՝ իսլամի վաղ շրջանի համակարգ, որն առաջացել է հավանաբար Օմար խալիֆի օրոք (637-644թթ.։ Սկզբնապես զբաղվել է գրավված ավարի հետ կապված հարցերի կարգավորմամբ։ Հետագայում իսլամական իրավական համակարգի զարգացմանը զուգընթաց նրա լիազորությունների շրջանակը և բնույթը փոփոխության է ենթարկվել։

«Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգ[խմբագրել]

Բեյթ ալ-Մալի գանձարանը Արաբական խալիֆայության մայրաքաղաքներից մեկում՝ Դամասկոսում. Օմայյան մզկիթի բակ

«Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգը առկա էր դեռևս արաբական տիրապետության շրջանում և սկզբնապես այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան»՝ (արաբ․՝ بيت مال المسلمين‎‎, «բեյթ-ուլ-մալի մուսլիմինա»), կամ «Աստծո գանձարան» (արաբ․՝ بيت مال الله‎‎, «բեյթ-ուլ-մալի -լլահի»

Շարիաթի դոգմաների համաձայն այն հողերը, որոնք պատկանում էին մահմեդական իշխողների հակառակորդներին, ինչպես նաև այն տիրույթները, որոնց մահացած տերերը ժառանգներ չունեին, բռնագրավվում էին մահմեդական «համայնքի» օգտին և ներմուծվում «Բեյթ-ուլ-մալ»-ի կալվածքների շարքը։ Հետագայում գրաված տարածքներում արաբները, վերջ դնելով բյուզանդական և պարսկական պետական համակարգին և ամրապնդելով սեփական քաղաքական դիրքերը, ստեղծեցին առավել բարդ հարկային համակարգ։ Աստիճանաբար «Բեյթ-ուլ-մալ»-ի լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ։ Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ»-ի «մութասարիֆներ»-ը, որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին։ Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ[1]։
Ձեռագիր հիշատակարաններում հանդիպում են տվյալներ, որոնց համաձայն բեյթ-ուլ-մալի կողմից բռնագրավվել են նաև հայ հողատերերի տիրույթները[2]։
Շարիաթի համաձայն «Բեյթ-ուլ-մալ»- ի գանձարանում հավաքված միջոցները պատկանում էին այդ ժամանակի իմամին և դրանք պետք է օգտագործվեին բարեգործական նպատակներով, սակայն Արևելյան Հայաստանում այս համակարգը վերածվեց տնտեսական ճնշման, ֆեոդալական դասի վերացմանը ուղղված գործիքի։ 15-րդ դարում Արևելյան Հայաստանի գյուղերի մեծ մասը գտնվում էին «Բեյթ-ուլ-մալի» հսկողության ներքո։[3]

Խոշոր հայ ֆեոդալների չեզոքացման գործընթացը 15-16-րդ դարերում[խմբագրել]

Գրավված հողերի նկատմամբ սեփականատիրական իրավունքի առկայությունը բնորոշ էր ոչ միայն շարիաթին, այլև ավատատիրությանը։ Հայաստանում ևս առկա էր այդ։ Հաճախ տեղի էին ունենում նաև միջֆեոդալական բախումներ հողերի համար։ Սակայն զենքի միջոցով այս կամ այն կալվածքը գրավելուց հետո անհրաժեշտ էր, որ թագավորը հատուկ հրամանով հաստատեր այդ, քանզի թագավորը պետական իշխանության կրողն էր և այդ պետության սահմաններում գտնվող բոլոր հողերի գլխավոր սեփականատերը։ Սակայն 15-16-րդ դարերում օտար նվաճումների և հալածանքների խստացման պայմաններում ծավալվեց խոշոր հայ ֆեոդալական դասի ունեզրկման և չեզոքացման գործընթացը,որի իրագործումը իրականացվում էր «Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգի միջոցով, որի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ նրանց պատկանող հողերը հայտարարվում էին «Բեյթ-ուլ-մալ» -ի սեփականություն, իսկ հետո դրանք վաճառքի էին հանվում։ Դրանք սովորաբար գնվում էին երկրում հաստատված քոչվոր մահմեդական ցեղերի առաջնորդների կողմից և համարվում նրանց մուլքը։ Այս պայմաններում հայ ֆեոդալները իրենց հողերը նվիրում էին այս կամ այն եկեղեցուն՝ որպես վակֆ և փորձում ինչ որ ձևով պահպանել այն։ Ըստ պահպանված ձեռագրերի[4] 15-րդ դարի 80-ական թվականներին սաստկանում են հալածանքները հայ ֆեոդալների նկատմամբ, տեղի է ունեցել նրանց բռնի մահմեդականացում։ Բռնի մահմեդականցման ենթարկվող հայ ֆեոդալների վերջին այդ ներկայացուցիչները կոչվում էին «ազատորդի»։

Վակֆ[խմբագրել]

Վակֆ տերմինը ունի արաբական ծագում, որը բառացիորեն նշանակում է՝ կանգ առնել, դառնալ անձեռնմխելի։ Խոսքը վերաբերվում է այն ունեցվածքին, որը որպես պարգև տրվում էր այս կամ կրոնական հաստատությանը և օտարման ենթակա չէր[5]։ Վակֆը հաստատող փաստաթղթերը բաժանվում էին երկու մասի ՝կաբալե և վակֆնամե։ Առաջին մասում նշվում էր մուլքի գնման մասին, իսկ երկրորդում՝ այն նվիրատվության ենթարկելու մասին։ Այսինքն նվիրատվություն կատարողը նախ հանդես էր գալիս որպես մուլքի գնորդ՝ վճարելով դրամ դրա դիմաց դարձնում էր իր սեփականությունը և միայն իրավաբանորեն իր իրավունքները հաստատելուց հետո այն որպես վակֆ նվիրում որևէ կրոնական հաստատության։ Վակֆը այլև հնարավոր չէր հետ վերցնել կամ օտարել, վաճառել։ Միայն ծայրահեղ դեպքերում վարձակալման տալ կարճ ժամանակով։ Նմանատիպ արգելքները վակֆի վրա տարածվում էին դեռևս 13-րդ դարից և դրանից առաջ։ Վակուֆային հողատիրությունը համարվում էր ամենաամուր իրավական հիմք ունեցողը։ Արևելյան Հայաստանի պայմաններում վակֆը միջոց էր հողային սեփականության ամբողջականությունը պահպանելու համար։

Եզրակացություններ[խմբագրել]

«Բեյթ-ուլ-մալ» -ի ինստիտուտը սկզբնավորվել է արաբական տիրապետության շրջանում, հետագայում զարգացում ապրել իսլամադավան մյուս տիրապետությունների պայմաններում։
Հայաստանում առկա էր խոշոր ֆեոդալական դաս։ Այստեղ «Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգը վերածվեց տնտեսական ճնշման, ֆեոդալական դասի վերացմանը ուղղված գործիքի։
15-16-րդ դարերում ծավալվեց հայ խոշոր ֆեոդալական դասի չեզոքացման գործընթացը, որի արդյունքում նրանք որպես ազդեցիկ ուժ դուրս եկան քաղաքական ասպարեզից։ Սակայն նրանք իրենց կալվածքները փորձում էին ձևակերպել որպես վակֆ, իրենց վրա վերցնել տվյալ եկեղեցու առաջնորդի պարտավորությունները և այդպիսով եկեղեցապատկան հողերի անվան տակ որոշակիորեն պահպանել ունեցվածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ.Դ.Փափազյան, Հողային հարաբերությունները Արևելյան Հայաստանում 16-17-րդ դարերում, Եր.1972, Էջ 66-69:
  2. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ,մաս 3-րդ, Եր.1967,էջ 293:
  3. Հ.Դ.Փափազյան,Նույն տեղում, էջ 77:
  4. Գ.Հովսեփյան, Խաղբակեանք հայոց պատմութեան մէջ, Լիբանան, 1969, էջ 359
  5. Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873, էջ 172: