Բանկերի ներքին վերահսկողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանկի ներքին վերահսկողության համակարգ - Բանկի կառուցվածքային միավորների կողմից իրականացվող այն աշխատանքների ամբողջությունը, որոնց նպատակն է ապահովել բանկի անվտանգ և արդյունավետ աշխատանքը։ Վերջիններս առաջնորդվում են բանկի համապատասխան մարմինների մշակած կանոնակարգերով, որոնք իրենց հերթին բանկի ընդհանուր քաղաքականության մասն են կազմում։ Ներքին վերահսկողության օղակների նկատմամբ բանկի ղեկավարության վարած քաղաքականությունն է ձևավորում նրանց նկատմամբ վերաբերմունքը բանկում։ Կարևոր է, որ այդ օղակների հետ հարաբերությունները այլ ստորաբաժանումների կողմից լինեն գործընկերային։ Նման համակարգի ստեղծման նպատակը բանկի ընդհանուր վիճակի կայունության ապահովումն է, վտանգավոր երևույթների ժամանակին հայտնաբերումը և դրանց հակազդումը՝ չսպասելով արտաքին հսկողության մարմինների արձագանքին։

Ներքին հսկողության հիմնական հասկացությունները - անկախություն, ռիսկ և հսկողություն։ Այս երեք հասկացությունների գոյությունը պարտադիր է միաժամանակ։ Հակառակ դեպքում, եթե ներքին հսկողության համակարգը հնարավորություն չունենա անկաշկանդ տալ իր եզրակացությունները և գնահատականները, չտիրապետի և խորությամբ չկարողանա գնահատել բանկի ռիսկերը, հսկողության ընտրված մեթոդը համարժեք չլինի ռիսկի բավարար գնահատման համար, ապա կարելի է ասել, որ ներքին վերահսկողության համակարգը, որպես այդպիսին, կայացած չէ։

Բանկերի ներքին վերահսկողության հիմնական սկզբունքները. Ամբողջականության սկզբունք – Ներքին հսկողության համակարգը ընդգրկում է ողջ կազմակերպությունը, դրա բոլոր ներքին օղակներն ու կապուղիները։

Կանխարգելման սկզբունք - Ներքին հսկողության համակարգը հիմնված է կազմակերպության կողմից իրականացվող գործառնությունների և գործողությունների նախապատրաստման, ներդրման ու իրականացման փուլերի ընթացքում հնարավոր ռիսկերի կանխատեսման, գնահատման և դրանց սահմանափակման հիմնադրույթների վրա։

Կենսունակության սկզբունք - Ներքին հսկողության համակարգը պետք է լինի կենսունակ, հասկանալի ու ընդունելի լինի կազմակերպության ողջ անձնակազմի համար և ապահովի կառավարչական մոտեցումների ու պրակտիկ գործունեության խելամիտ հավասարակշռվածություն։ Այն պետք է ամբողջությամբ համապատասխանի կազմակերպության գործունեության միջավայրին։

Կատարելագործման սկզբունք - Ներքին հսկողության համակարգը պետք է լինի ճկուն և ունենա անընդհատ կատարելագործման ու զարգացման ներքին մեխանիզմներ։

Ներքին հսկողության հիմնական խնդիրները.

  • բանկի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը,
  • բանկի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների, բացթողումների և խախտումների վերացմանն ուղղված արդյունավետ որոշումների ընդունումը,
  • բանկային գործունեության ռիսկերի արդյունավետ կառավարման պահանջների կատարումը,
  • հաշվապահական, ֆինանսական հաշվետվությունների մեջ բանկի գործունեության իրական և համարժեք արտացոլումը,
  • բանկի ակտիվների պահպանությունը,
  • բանկի պարտավորությունների հսկողությունը, արտաքին աուդիտորների, պետական վերահսկողության մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը։
  • Ներքին հսկողության հիմնական նպատակները.
  • Գործառնական արդյունավետության ապահովում (գործառնական նպատակ), որը նշանակում է առաջին հերթին ապահովել բանկի ակտիվների արդյունավետ օգտագործումը և դրանց ապահովությունը կորուստներից, ապահովել բանկի անձնակազմի կողմից ամենաարդյունավետ ճանապարհով նպատակների նվաճումը նվազագույն բանկային ռիսկերի պայմաններում
  • Ֆինանսական և կառավարման տեղեկատվության հուսալիության, ամբողջականության և ժամկետայնության ապահովում (տեղեկատվության նպատակ)։