Բանկային գաղտնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանկային գաղտնիք, մի շարք երկրներում առկա իրավական սկզբունք, համաձայն որի բանկերը և այլ վարկային կազմակերպությունները պարտավոր են գաղտնի պահել իրենց հաճախորդների հաշիվների և դրանցով իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է խախտել հաճախորդների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Հաճախորդների սպասարկման ընթացքում բանկերը ստանում են տեղեկություններ իրենց հաճախորդների, նրանց ֆինանսական վիճակի և ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ, ինչի հրապարակումը կարող է վնաս պատճառել հաճախորդներին։ Դա է պատճատը, որ տարբեր երկրների բանկային օրենսդրություններ ներառում են բանկային գաղտնիքի կարգավորման հստակ օրենսդրական մեխանիզմներ (բանկային գաղտնիքի մասին օրենքներ, իրավական ակտեր, քաղաքացիական օրենսգրքի առանձին հոդվածներ և այլն)։

Տարբեր երկրներում բանկային գաղտնիքի օրենսդրական կարգավորումը ապահովող դրույթները ընդհանուր առմամբ նույնն են. պաշտպանում են հաճախորդի շահերը և սահմանափակում նրանց մասին գաղտնի տեղեկատվության հասանելիությունը երրորդ անձանց համար, միևնույն ժամանակ սահմանում են այն բացառիկ դեպքերը, որոնց ժամանակ, պետական շահերից ելնելով, այդ սահմանափակումը հանվում է և տեղեկությունները դառնում են հասանելի։ Ինչքան բարձր է տեղեկատվության պահպանության մակարդակը, այնքան բարձր է բանկի վարկանիշը և պոտենցիալ հաճախորդների շրջանակը։

Բանկային և առևտրային գաղտնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկային և առևտրային գաղտնիքի փոխկապակցվածության շուրջ չկա միասնական մոտեցում։ Որոշ մասնագետներ բանկային գաղտնիքը համարում են առևտրային գաղտնիքի մասնավոր դեպք, իսկ որոշ մասնագետներ երկուսն էլ համարում են ինքնուրույն իրավական ինստիտուտներ։ Գերակշռում է այն մոտեցումը, որով բանկային գաղտնիքը սահմանում են որպես առևտրային գաղտնիքի մասնավոր տարատեսակ։ Միևնույն ժամանակ մի շարք հեղինակներ, դիտարկելով բանկային և առևտրային գաղտնիքների փոխկապակցվածության հարցը, եկել են այն եզրակացության, որ բանկային գաղտնիքի նորմերը ավելի շուտ լրացնում են առևտրային գաղտնիքի իրավական ռեժիմը, այլ ոչ թե ներառվում նրանում։

Տեղեկատվությունը իրենից ներկայացնում է առևտրային գաղտնիք այն դեպքում, երբ ունի իրական կամ պոտենցիալ առևտրային արժեք 3-րդ անձանց անհայտ մնալու պայմանով, ինչպես նաև օրենքով չունի ազատ հասանելիություն և այդ տեղեկատվությունը կրողը գործողություններ է իրականացնում դրա գաղտնիության պահպանման համար։

Բանկային և առևտրային գաղտնիքների ռեժիմների տարանջատումը օրենսդրական մակարդակով լիովին տրամաբանական է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է տեղեկատվության տարբեր օբյեկտներ (բանկային գաղտնիքի ռեժիմով պահպանվում է բանկի հաճախորդների շահերին վերաբերող տեղեկատվություն, այն դեպքում երբ առևտրային գաղտնիքը կոչված է առաջին հերթին պաշտպանելու հենց բանկի շահերը)։ Պարզ է դառնում, որ առավել նպատակահարմար է առևտրային և բանկային գաղտնիքները դիտարկել որպես գաղտնի տեղեկատվության հարաբերականորեն անկախ տարատեսակներ։

Բանկային գաղտնիքը Շվեյցարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկային գաղտնիքը որպես իրավական ինստիտուտ իր սկիզբն է առել 1934 թ.-ին Շվեյցարիայում «Բանկային գործունեության մասին» օրենքով։ Շվեյցարիայում օրենքը ընդունվել է Ֆրանսիայում տեղի ունեցած սկանդալից հետո, երբ հայտնի դարձավ ֆրանսիացի մի շարք հայտնի մարդկանց (քաղաքական գործիչներ, դատավորներ, հոգևորականներ և այլն) կողմից հարկային պարտավորություններից խուսափելու մասին, ովքեր իրենց գումարները պահում էին Շվեյցարիայում։

Շվեյցարական բանկերը հայտնի են հաճախորդների գործառնությունների և ներդրումների մասին տեղեկություների բացարձակ պահպանությամբ, ինչն էլ մեծ չափով ապահովում է երկրի բանկային համակարգի և հենց երկրի կայունությունը։ Բանկային գաղտնիքը Շվեյցարիայում միշտ համարվել է և շարունակվում է համարվել մասնավոր բանկային գործունեության անքակտելի մասը։ Բանկային գաղտնիքը կարգավորող օրենսդրությունը խստորեն սահմանափակում է որևէ տեղեկատվության հայտնումը 3-րդ կողմին, ներառյալ հարկային մարմիններին, արտասահմանյան կառավարություններին և անգամ շվեյցարական պետական մարմիններին, բացառությամբ երբ այդպիսի պահանջ է ներկայացվում շվեյցարական դատավորի կողմից կամ առկա է ահաբեկչության կամ ծանր հանցագործության կասկած։

Ոչ պետական կազմակերպությունները և տարբեր երկրների կառավարություններ բանկային գաղտնիքը այսպիսի պահպանումը համարում են ստվերային տնտեսությանը և հանցավոր գործունեությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Շվեյցարական բանկերի նախկին մի շարք աշխատակիցներ հայտարարել են, որ շվեյցարական բանկերը տարբեր անհատների և կազմակերպությունների թույլ են տալիս գործել ստվերում և խուսափել հարկերից։

Մեծ ճնշումների ադրունքում 2013 թ, փետրվարի 1-ից Շվեյցարիայում ուժի մեջ մտավ օրենքը, որով կարգավորվում են օտարերկրյա պետությունների կողմից հարկային հանցագործությունների վերաբերյալ կատարվող հարցումներին Շվեյցարիայի հարկային մարմինների կողմից պատասխանելու ընթացակարգերը։ Այնուամենայնիվ, սրանով շվեյցարական բանկային գաղտնիքը ամենևին էլ չի վերանում։

Բանկային գաղտնիքը ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքն ընդունվել է 1996 թ. հոկտեմբերի 7-ին, որում բանկային գաղտնիքը սահմանված է որպես բանկի կողմից հաճախորդին սպասարկելու ընթացքում հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը, որը հախաճորդը մտադիր է եղել պահել գաղտնի, որի մասին բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել։ Բանկն ունի օրենքով նախատեսված պարտավորություն ապահովելու բանկային գաղտնիքի պահպանումը անհրաժեշտ տեխնիկական և այլ միջոցներով, ինչպես նաև հրահանգելով աշխատակիցներին։

ՀՀ օրենսդրությամբ բանկային գաղտնիքը հրապարակել նշանակում է

  • բանավոր կամ գրավոր այն տարածելը,
  • 3-րդ անձին հայտնելը կամ նրա համար նման հնարավորություն ստեղծելը,
  • 3-րդ անձին չխոչընդոտելը ստանալու տեղեկատվությունը։

Սահմանված են նաև այն բոլոր դեպքերը երբ բանկային գաղտնիք հրապարակելը չի համարվում անօրինական քայլ.

  1. բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության փոխանցումը մասնագիտացված կազմակերպություններին նրանց աշխատանքն ապահովելու համար (աուդիտորական, հաշվապահական, իրավաբանական և այլ ծառայությունների մատուցման ժամանակ),
  2. ԿԲ կողմից եռամսյակը մեկ անգամ 20 միլիոն դրամը կամ գերազանցող պարտավորություն ունեցող անպարտաճանաչ պարտաապանների անվանումներն ու անունները հրապարակելը,
  3. հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը նրա համաձայնությամբ,
  4. դատարանի որոշման հիման վրա իրավապահ մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, եթե հաճախորդը որևէ դատական գործով ներգրավված է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,
  5. անհրաժեշտ տեղեկատվության հրապարակումը, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է հայց տվյալ բանկի դեմ,
  6. տվյալ անձի ժառանգներին ժառանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում տեղեկատվության տրամադրումը,
  7. դատարանի որոշման հիման վրա հարկային մարմիններին տեղեկատվության տրամադրումը,
  8. ԿԲ կողմից իրավապահ մարմիններին տեղեկատվության տրամադրումը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում,
  9. վարկային բյուրոին և միմյանց տեղեկատվության հաղորդումը իրենց գործունեության անվտանգությունը և վարկերի վերադարձելիությունն ապահովելու համար։

Մնացած բոլոր դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը համարվում է անօրինական, և նման փաստի արձանագրման դեպքում կիրառվում են պատասխանատվության տարբեր միջոցներ։

Բանկային գաղտնիքը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում բանկային գաղտնիքի օրենսդրական կարգավորումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով (Bank Secrecy Act)։ Օրենքը «Արժութային և արտարժութային գործառնությունների հաշվետվական ներկայացման մասին» օրենքի տարածված անվանումն է (Currency and Foreign Transactions Reporting Act)։ Այն ընդունվել է 1970 թ.-ին, հետագայում 1982 թ.-ին և 1986 թ.-ին ենթարկվել է փոփոխությունների։

Օրենքը ներառում է մի շարք պահանջներ հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կապակցությամբ։ Վերջիններս օգտագործվում են քրեական և հարկային հանցագործությունների քննման, բանկային գործունեությունը կարգավորող մարմինների կողմից վերահսկողության իրականացման կամ անօրինական և կասկածելի գործառնությունների հետ կապված ընթացակարգերի իրականացման ժամանակ։

Այս օրենքի նպատակն է օգնություն ցուցաբերել քրեական գործերի քննման ժամանակ՝ պահանջելով հաշվետվությունների պարտադիր ներկայացում, որոնք կապված են կանխիկով խոշոր գործառնությունների հետ։

Օրենքում ներառված են հետևյալ հիմնական պայմանները՝

  1. ֆինանսական ինստիտուտները պարտավոր են համապատասխան ծառայությանը տեղեկություններ տրամադրել 10,000 ԱՄՆ $-ը գերազանցող բոլոր արժութային գործառնությունների մասին։ Վերջինիս վերաբերում են ինչպես երկրի ներսում իրականացվող գործառնությունները, այնպես էլ միջազգային գործառնությունները դոլարով և արտարժույթով,
  2. ԱՄՆ քաղաքացիները և օտարերկրացիները, ովքեր բնակվում են ԱՄՆ տարածքում պարտավոր են տեղեկություններ ներկայացնել օտարերկրյա բանկերում իրենց ունեցած հաշիվերի մասին, որոնց մնացորդը հաշվետու տարում գերազանցում է 10,000 ԱՄՆ $-ը,
  3. Հաշվետվությունը պետք է ներկայացվի գործառնության իրականացումից հետո 15 օրվա ընթացքում,
  4. Հաշվետվական պահանջի ցանկացած խախտում դասակարգվում է որպես ծանր հանցագործություն։

Բանկային գաղտնիքը ՌԴ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ-ում բանկային գաղտնիքը օրենսդրորեն կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով և ՌԴ Քաղաքացիական օրենսգրքով։ Համաձայն քաղաքացիական օրենսգրքի բանկը երաշխավորում է բանկային հաշիվների, բանկային ներդրումների, հաշիվներով իրականացվող գործառնությունների և հաճախորդի մասին տեղեկությունների գաղտնիությունը։

Օրենքով սահմանված են այն հատուկ իրավիճակները, երբ պետական մարմինները իրավունք ունեն վարկային կազմակերպությունից պահանջել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն։

Վարկային կազմակերպությունը ֆիզիկական անձանց գործառնությունների, հաշիվների և ներդրումների գծով քաղվածքները տրամադրում է դաշնային պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ ստուգելու համար «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքին այն անձանց եկամուտների, ունեցվածքի և ունեցվածքային բնույթի պարտավորությունների համապատասխանությունը, ովքեր հավակնում են ՌԴ պետական պաշտոնների, դատավորների պաշտոնների, դաշնային ծառայության պաշտոնների և այլն։

Տրամադրվում են հաշիվների, հաշիվներում դրամական միջոցների մնացորդի, նեդրումների, գործառնությունների, էլեկտրոնային դրամական միջոցների և էլեկտրոնային դրամական միջոցների փոխանցումների քաղվածքները։ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են գրեթե նույն մարմիններին, ինչ ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Պարզապես ՌԴ օրենսդրության մեջ առանձին սահմանված են աուդիտորական կազմակերպություններին և մաքսային մարմիններին տեղեկությունների տրամադրման դեպքերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
  2. Закон РФ "О банках и банковской деятельности"
  3. Currency and Foreign Transactions Reporting Act
  4. Банковская тайна, Шен Бекасов, Медиа Дистрибьюшен 2006