Ադամաթզենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բանանենիից)
Ծաղկաբույլը

Մատոնենի, Ադամաթզենի (նաև՝ բանանենի, լատին․՝ Musa acuminata), բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս։ Ադամաթզենու ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես գեղազարդիչ բույս։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ունի 5–6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն։ Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից։ Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են։ Դրանք 10–12 հատով կազմում են ողկույզներ։ Ցողունի վրա 6–12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ։

Պտուղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատոնը(Ադամաթուզ) կամ բանանը պարունակում է C և B1 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին) և պեկտինային նյութեր։ Հասունացած թարմ Մատոնը պարունակում է մինչև 18% օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի. օսլայի քանակը նվազում է մինչև 2%, իսկ շաքարինը հասնում է մոտ 19%-ի։ Ադամաթուզը չի կարելի պահել 10 °C-ից ցածր ջերմաստիճանում, քանի որ վրան առաջանում են մուգ բծեր, և այն փչանում է։

Մատոնը հնագույն մշակաբույսերից է, արևադարձային երկրների համար կարևոր արտահանման ապրանք է։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]