Եղանակի քերականական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բայի եղանակից)

Բայի եղանակի քերականական կարգով արտահայտվում է խոսողի, խոսակցի կամ մի երրորդ անձի վերաբերմունքը գործողության կատարման եղանակի (ձևի) նկատմամբ, ինչպես նաև գործողության ու իրականության փոխհարաբերության նկատմամբ[1]։

Բայի եղանակի կարգի տրամաբանական հիմքն այն է, որ նույն գործողությունը կարող է ներկայացվել որպես իրական, ցանկալի, ենթադրելի, պայմանական, անհրաժեշտական և այլն. նույն գործողության տարբեր երանգավորումները գնահատվում են խոսողի տեսանկյունից[2]։

Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ.

  • Սահմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի (խոսողի) կողմից հավաստի համարվող գործողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի)։
  • Հրամայական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողություն (գրի՛ր, գրեցե՛ք)։
  • Ըղձական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի)։
  • Հարկադրական եղանակը ցույց է տալիս անհրաժեշտ համարվող գործողություն (պիտի գրեմ, պիտի գրեի)։
  • Պայմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից հաստատորեն որոշակիորեն ենթադրվող գործողություն (կգրեմ, կգրեի)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994:
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png