Բամիանական բուդդաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բամիանական Բուդդաների արձաններ
Բուդդայի արձաններից մեկը 1963 թ. և ոչնչացումից հետո

Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Աֆղանստան Բամիան, Աֆղանստան
Նահանգ Բամիան
Հոգևոր կարգավիճակ բուդդայական վանական համալիր
Ներկա վիճակ ավերված են արձանները
ժառանգության կարգավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ
Ճարտարապետական նկարագրություն
Կառուցման սկիզբ 1500 տարի առաջ

2 հսկա բուդդաների արձաններ էին, գտնվում են Աֆղանստանում, Քաբուլից 200 կմ հյուսիս-արևմուտք, համանուն հովտում ։ Համարվում էին աշխարհի ամենաբարձր արձանները ։ Բուդդաների արձանները ոչնչացվել են 2001 թ. փետրվարի 26-ին թալիբների կողմից ։ Ներկայումս արձաններից պահպանվել են դատարկ խորշերը ։ Հուշարձանների խորշերը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում ։

Պատմությունը[խմբագրել]

Քաբուլից հյուսիս-արեւմուտք 140 մղոն հեռավորության վրա գտնվող հովիտը, որի տաճարներում եւ վանքերում աղոթելու կամ քարանձավներում մեդիտացիայի համար դեռեւս 4-րդ դարում հազարավոր ուխտագնացներ էին ժամանում, կրկին գրավում է միջազգային հանրության ուշադրությունը։ 2003 թվականին ՄԱԿ-ը Բամիանի փլատակները մտցրեց Համաշխարհային մշակութային ժառանգության կատալոգի մեջ՝ նշելով, որ դրանց վտանգ է սպառնում հումքանյութի փխրունության պատճառով, առկա է նաեւ գողության վտանգը, դրանից բացի՝ խոցելի է թալիբների իշխանության անկումից հետո զբոսաշրջության եւ շինարարական աշխատանքների աշխուժացմամբ պայմանավորված հիմնախնդիրների պատճառով։ Ջանքեր են գործադրվում պահպանել այն, ինչ մնացել է ժայռեղեն քանդակներից ու որմնանկարներից։ Արձանների փլուզումը, հնագետներին ուսումնասիրություններ կատարելու մեծ հնարավորություն է ընձեռել, որպեսզի նոր բացահայտումներ կատարեն եւ ստուգեն երրորդ հսկա Բուդդայի մասին հնագույն առասպելների հավաստիությունը, որը, հնարավոր է, թաղված է երկու կործանված Բուդդաների միջեւ։ «Բամիանի պատմությունը բառի բուն իմաստով սկսում են պեղել՝ թե վերականգնողական աշխատանքների, թե հնագիտական պեղումների ճանապարհով», - հայտարարել է ճապոնացի պատմաբան Կասակու Մայեդան, որը 40 տարուց ավելի ուսումնասիրում է Բամիանը։ Վերջին մի քանի տարիներին ՅՈւՆԵՍԿՕ-ն վերահսկում է խորշերի շտապ վերանորոգման ծրագիրը, որը ներգրավել է ողջ աշխարհի հնագետներին եւ վերականգնողներին։ «Օբյեկտը վտանգված է», - ասել է Քաբուլում ՅՈւՆԵՍԿՕ-ի բաժանմունքի մշակութային ծրագրի մասնագետ Մասանորի Նագաոկան։

Ոչնչացումը[խմբագրել]

Ոչնչացումը տեղի է ունեցել 2001 թվականի փետրվարի 26-ին , երբ Աֆղանստանում թալիբները եւ Ալ Քաիդայի նրանց հովանավորները իշխանության բարձրակետում էին։ Գրոհայինները, կատարելով «անհավատների աստվածներին», ոչնչացնելու հրամանը, պայթուցիկ տեղադրեցին երկու Բուդդաների հիմքի եւ նրանց ուսերի տակ ու 1.5 հազարամյա արձանները փշրեցին ։ Զայրացած աշխարհի համար այդ ակցիան իսլամական արմատականների կառավարման սարսափների մարմնավորումն էր։ Նույնիսկ Չինգիսխանը, որը 13-րդ դարում ամայացրեց հովտի քաղաքները եւ ոչնչացրեց նրա բնակչությանը, Բուդդաներին խնայեց։

Թալիբանին իշխանազրկելուց հինգ տարի անց բամիանական Բուդդաների մասունքները նորից հայտնվել են բանավեճերի կենտրոնում։ Կարելի՞ է վերականգնել հսկայական արձանները։ Եթե՝ այո, ապա այն անհավանական ներդրումները, որ անհրաժեշտ են այդ նպատակով, արդարացված կլինե՞ն մի երկրում, որը տառապում է աղքատությունից, որի հարավում առայսօր շարունակվում է թալիբների դիմակայությունը։ Ի հավելումն այս ամենի, երկիրը գերազանցապես մահմեդական է։

Վերականգնողական աշխատանքներ[խմբագրել]

Թունելների ինժեներ, իտալացի Գեդեոնե Տոնոլին ղեկավարում է ամենահրատապ խնդրի կարգավորման՝ սարի ճաքած մակերեսի պաշտպանության գործը։ Իտալացի ալպինիստները պարաններով կախվել են խորշի վերեւի հատվածում, որտեղ կանգնած էր 125 ֆուտ բարձրություն ունեցող արեւելյան Բուդդան (երկու արձաններից համեմատաբար փոքրը)։ Մետաղալարե ցանցը պատնեշում է խորշի հետին պատը, չնայած դրան ժամանակ առ ժամանակ պատով ցած են գլորվում փոքրիկ եւ մեծ քարեր։ Վիթխարի սպի է գոյացել ներքին ձախ պատի վրա, որտեղ պայթյունի հետեւանքով պոկվել է խորշի մի մեծ կտոր, ինչը փլուզմամբ է սպառնում ամբողջ ժայռաբեկորին։ Սակայն խորշի աջ կողմը արդեն երկու տարի է՝ կայուն է. ամրացված է պողպատե ձողերով եւ բետոնով, որով լցոնել են ճեղքերը։ Ապակե փոքրիկ թիթեղիկները, որ ամրացված են պատին, եւ համակարգչին միացված գրանցող սարքերը հետեւում են սարի վրա կատարվող յուրաքանչյուր շարժմանը։ Տոնոլին ասում է, որ նախկինում այստեղից երկինքը երեւում էր, իսկ թռչունները ներս էին թռչում։

Մեծ Բուդդայի հիմքում, որի բարձրությունը 180 ֆուտ է, բանվորները բահերով դեռ մաքրում են պայթյունից մնացած բեկորները։ Մշակութային հուշարձանների եւ կոթողների միջազգային խորհրդի անդամ գերմանացի վերականգնողները երկու տարի վատնեցին Բուդդաների արձանների մասերը տեսակավորելու համար, ամբարձիչներով բարձրացնելով ամենամեծ կտորները, որոնցից ոմանք 70 եւ նույնիսկ 90 տոննա էին կշռում, եւ տեղավորելով հատուկ ծածկերի տակ, քանի որ փափուկ քարը քայքայվում էր անձրեւից եւ ձյունից։ Փոքր կտորներն ու փոշու հսկայական կույտերն առանձին էին հավաքում։

Վերականգնող Էդմունդ Մելցլի հայտարարությամբ՝ տեղեկությունները, թե թալիբները վաճառելու նպատակով 40 բեռնատարով արձաններից պոկված քարեր են տեղափոխել, իրականությանը չեն համապատասխանում։ «Մենք կարծում ենք, որ, ըստ ծավալի, այստեղ ոչինչ չի պակասել», - ասել է նա։ Բայց այս ծավալի միայն 60 տոկոսն է քար, հավելել է նա, մնացածը փոշիացել է պայթյունի ժամանակ։

Պարադոքս է, բայց Բուդդաների ոչնչացումը ինչ-որ իմաստով նպաստեց հնագետների ուսումնասիրություններին։ Օրինակ, ածխածնային մեթոդով Բուդդաների մակերեւույթի սվաղի կտորների տարիքի որոշումը հնարավորություն տվեց պարզել, որ փոքր արձանը կառուցվել է մոտ 507 թվականին, իսկ մեծը՝ 554 թվականին։ Նախորդ գնահատումները տատանվում էին 200 տարվա սահմաններում։ Բուդդաները պարզապես կոպտորեն քանդակվել են քարի մեջ, ապա սվաղվել ձիու մազի եւ ծղոտի հետ խառնած կավով, որով եւ ձեւավորվել են հագուստի ծալքերը, ապա՝ ներկվել պայծառ գույներով։ Բանվորները գտել են սվաղի մոտ 3000 կտոր, շատերի վրա պահպանված են ներկի հետքեր, ինչպես նաեւ փայտե ցցիկներ եւ պարաններ, որոնցով փաթաթված են եղել արձանները՝ սվաղն ամրացնելու համար։ Աֆղանստանի չոր կլիման եւ խորշերի խորությունը պաշտպանել էին արձանները եւ նպաստել պահպանել նաեւ փայտն ու պարանները։ Մեծ Բուդդան ներկված է եղել կարմինով, իսկ փոքրը բազմագույն էր։ Ամենազարմանալի գտածոն տապանն է, որտեղ պահված էին ծառի կեղեւի վրա գրված բուդդայական տեքստի հատվածներ, կավե երեք հուլունքներ, կավե կնիք։ Ենթադրվում է, որ տապանը տեղադրված է եղել մեծ Բուդդայի կրծքում, եւ շինարարության ժամանակ սվաղվել է։ Քանի դեռ բոլոր բեկորները հավաքելու գլխավոր խնդիրը լուծված չէ, եղած կտորները խնամքով պահպանվում են, որպեսզի աֆղանական կառավարությունը եւ փորձագետները կարողանան որոշել, թե հետագայում ինչպես են վարվելու։ Նախեւառաջ աֆղանացիներն են կոչ անում վերականգնել Բուդդաների արձանները։ Նրանք կարծում են, որ վերականգնված արձանները ավելի շատ զբոսաշրջիկների ուշադրություն կգրավեն եւ կշտկեն կատարվածը։ ՅՈւՆԵՍԿՕ-ն նախազգուշացնում է, որ Բամիանի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակը պահպանելու համար չպետք է շինարարական նոր աշխատանքներ կատարվեն, պետք է կատարվեն միայն վերականգնման աշխատանքներ։ Սակայն Մշակութային հուշարձանների եւ կոթողների միջազգային խորհրդի նախագահ Միխայել Պրետցետի հավաստմամբ՝ գտնված 200 տոննա քաշով նյութը թանգարանում ցուցադրելու այլընտրանքը իրատեսական չէ։ Վերականգնման մեթոդներից մեկը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ որոշ փորձագետներ ընդունելի են համարում, անասթիլոզի մեթոդն է, որը հաճախ է կիրառվում հունական եւ հռոմեական տաճարներում, երբ հավաքում են եզակի կտորները եւ իրար կապակցում նոր նյութի նվազագույն քանակությամբ։ Քյոլնի համալսարանի երկրաբան Միխայել Ուրբատն ուսումնասիրել է մեծ Բուդդայի կտորները եւ լեռնաշերտերի հետազոտման արդյունքում եզրակացրել, թե հսկայական արձանի որ մասին է պատկանում այս կամ այն բեկորը։

Բայց 90 տոննա քաշ ունեցող կտորների հավաքումը երկրորդ անգամ շատ դժվար կլինի։ «Դրանք բարձրացնելու համար Աֆղանստանում նույնիսկ բավարար հզորության ամբարձիչ չկա», - ասել է Մելցլը։ Վերականգնման նախագիծը, որը Բամիանի նահանգապետը գնահատել է 50 մլն դոլար, այդ աղքատ մահմեդական երկրում, որի բնակչության 10 տոկոսը մինչ օրս պարենային օգնության կարիք ունի, կարող է նաեւ քաղաքական խնդիր դառնալ։ Այդուհանդերձ, նահանգապետ Հաբիբա Սարաբին կողմ է Բուդդաների վերականգնմանը անասթիլոզի մեթոդով։ Նա հայտարարել է, որ կենտրոնական կառավարությանը կառաջարկի պաշտոնապես դիմել ՅՈւՆԵՍԿՕ-ին։ Պրոֆեսոր Մայեդան պաշտպանում է մեկ Բուդդայի վերականգնման գաղափարը՝ երկրորդը թողնելով ավերված՝ որպես հանցագործության վկայություն։

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ ճապոնացի նկարիչ Հիրո Յամահատայի առաջարկին՝ 64 մլն դոլար արժողությամբ լազերա-ձայնային սարքավորման ստեղծման մասին, որը 2009 թվականից կսկսի ցուցադրել Բամիանի Բուդդաների պատկերները եւ կգործարկվի հարյուրավոր հողմաշարժիչների շնորհիվ, որոնք միաժամանակ էլեկտրաէներգիայով կապահովեն շրջակայքի բնակիչներին։

Այնուամենայնիվ, սարսափեցնում է նույնիսկ այն ամենի պահպանումը, ինչ մնացել է։ Ժամանակին քարանձավները, որմնախորշերը եւ անձավները ծածկված էին որմնանկարներով, բայց Մայեդայի հավաստմամբ՝ 80 տոկոսը թալիբները ջնջել են։ Մեծ վնաս են պատճառել նաեւ գողերը, որոնք 100 ֆուտ բարձրության վրա գտնվող քարանձավներ մուտք գործելու համար օգտագործել են պարաններ եւ հափշտակել նստած Բուդդաների պատկերով անգին կրծքազարդեր։ Դրանցից մեկը հայտնվել է Տոկիոյում, որտեղ հնավաճառներից մեկը, կասկածելով դրա ապօրինի ծագմանը, ցույց էր տվել Մայեդային, որին հաջողվել է գտնել արվեստի գանձերի գողության ավելի քան 40 փաստ։

«Ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ մենք դրանք կվերադարձնենք Աֆղանստան», - ասել է նա։

Նա շարունակում է իր որոնումները քարանձավներում եւ փլատակների տակ փոքրիկ ուրախություններ է գտնում։ Քարանձավներից մեկը, որը նա բացահայտել է 1964 թվականին Բամիան կատարած առաջին այցելության ժամանակ, այնպես էր սեւացել խարույկների մրից, որ թալիբները եւ գողերը անուշադրության էին մատնել։ Այդ քարանձավում նա գտել է հինգ փոքրիկ կենդանիների՝ վայրի խոզի, առյուծի, կապիկի, անգղի, եզի նկարներ, որոնք բուդդայական արվեստի մեջ հազվադեպ են հանդիպում, բայց բնորոշ են Բամիանին, որտեղ միահյուսվել են հնդկական, իրանական եւ կանդագարյան ազդեցությունները։ Չնայած հիմա գլխավորը եղածի պահպանումն է, փորձագետները համոզված են, որ իրենց դեռ շատ հայտնագործություններ են սպասում։ Հնագետների առնվազն երկու խումբ գաղտնի մրցակցության մեջ է. նրանք փորձում են գտնել երրորդ հսկա Բուդդային, որին ժամանակին երեւի տեղադրել են երկու կանգնած Բուդդաների միջեւ։ Չինացի վանական Սյուան Ցզանը 632 թվականին եղել է Բամիանում եւ նկարագրել ոչ միայն երկու կանգնած Բուդդաներին, այլեւ թագավորական պալատներից ոչ հեռու գտնվող տաճարը, որտեղ էր մոտ 1 հազար ֆուտ երկարությամբ պառկած Բուդդան։ Փորձագետներից շատերը կարծում են, որ նա պառկած է եղել հողի վրա եւ վաղուց ոչնչացվել է։ Սակայն երկու հնագետներ՝ Աֆղանստանից Զեմարյալայ Թարզին եւ Ճապոնիայից Կազույա Յամաուչին ջանասիրաբար շարունակում են պեղումները՝ հուսալով, որ կգտնեն նրա հիմքերը։ Թարզին, որն այս տարի բուդդայական տաճար է պեղել, հավանաբար գտել է նաեւ թագավորական ամրոցի պատը, որը նրան կարող է հասցնել երրորդ Բուդդայի մոտ։ Նա ծրագրել է վերադառնալ այս տարի եւ շարունակել պեղումները։