Բաղադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներատիվ լեզվաբանություն

Բաղադրություն, բառակազմության մեջ առանձին խումբ կազմող այն բառերն ու բառակապակցությունները, որոնք ներկայանում են իբրև տարբեր տարրերի համակցում՝ բաղադրում։ Բաղադրվել կարող են հիմնական ձևույթն ածանցի հետ, հիմնական ձևույթները՝ արմատները միմյանց հետ, ածանցավոր բառը ածանցի կամ արմատական բառի հետ, մի բառը մեկ այլ բառի հետ, բաղադրյալ անվան սկզբնատառերը միմյանց հետ և այլն։ Բաղադրություն կազմող տարրերը կոչվում են բաղադրիչներ (ռուս.՝ компоненты, состовляющие)։ Բաղադրության տիպով պայմանավորված՝ տարբերվում են ածանցման, բարդացման, հապավման և այլ բաղադրիչներ։

Ըստ Է. Աղայանի, հայերենում տարբերվում է բաղադրության երեք տիպ՝ վերլուծական, համադրական և հապավական։

Վերլուծական բաղադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծական են կոչվում այն բաղադրությունները, որոնց բաղադրիչները պահպանում են բառային ինքնուրույնությունը, արտասանվում և գրվում են տրոհված, որպես առանձին բառեր, մեծ մասամբ ունեն ինքնուրույն բառային շեշտ, սակայն ամբողջությամբ արտահայտում են մեկ բառիմաստ (բարև տալ, շուռ գալ, առաջ քաշել, թև ու թիկունք, մաս-մաս)։ Բաղադրության բաղադրիչները կարող են լինել արմատական բառեր կամ բաղադրություններ։ Վերլուծական բաղադրությունները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հարադրական, կրկնավոր, հատվածական բաղադրություններ և կայուն բառակապակցություններ։

Հարադրական բաղադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարադրական բաղադրությունները բառերի կապակցություն են մեկ բառային իմաստով։ Բաժանվում են երկու ենթախմբի՝ բայական և անվանական։

  • Բայական հարադրությունների բաղադրիչներից մեկը կամ բոլորը բայեր են։ Այս հարադրություններն իրենց հերթին լինում են հարադրավոր և զուգորդական։ Առաջին դեպքում միայն մեկ բաղադրիչն է բայ (պար գալ, լաց լինել, վայր ընկնել). երկկազմ են՝ հարադիր և հարադրյալ։ Հարադիրը կարող է լինել գոյական, ածական, դերանուն, մակբայ և այլն։ Հարադրյալը բայական բաղադրիչն է, որը պայմանավորում է խոսքիմասային իմաստը, քերականական իմաստավորումները։ Զուգորդական բայերի բոլոր բաղադրիչները բայեր են (ասել-խոսել, գալ-հասնել, աղաչել-պաղատել, քշել-տանել)։ Այս բաղադրությունները հիմնականում կազմվում են հոմանիշ, մերձիմաստ բայերի կապակցությամբ։
  • Անվանական բաղադրությունների բաղադրիչները անուններ են (գոյական, ածական, թվական). օրինակ՝ օր ու գիշեր, խեղճ ու կրակ, կորած-մոլորած, հինգ-վեց, ձյուն-ձմեռ և այլն։ Կազմությամբ լինում են՝ ա) շաղկապական, երբ բաղադրիչները կապակցված են ու (հազվադեպ՝ և) շաղկապով (օր ու գիշեր, թև ու թիկունք, սար ու ձոր), բ) հարակցական, երբ բաղադրիչները կապակցված են ուղղակի, անմիջական հարակցմամբ (գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ, սարեր-ձորեր), բ) կապակցական, երբ բաղադրիչներից մեկը կամ երկուսը շարահյուսորեն կապակցված են քերականական թեք ձևերով (ոտից գլուխ, ձեռով-ոտով, տնով-տեղով)։ Անվանական բաղադրությունները բաղադրիչների իմաստաբանական հարաբերակցությամբ լինում են՝ առնչակից (սար ու ձոր, թև ու թիկունք), հոմանիշ (ջահել-ջիվան, լռիկ-մնջիկ, ահ ու սարսափ), հականիշ (ծեր ու մանուկ, չար ու բարի, ամառ-ձմեռ)։ Առնչակից առարկներ (երևույթներ, հատկանիշներ) ցույց տվող անուններից (բաղադրիչներից) կազմված հարադրություններն արտահայտում են միասնություն, հավաքականություն, ամբողջություն, հոմանիշ բաղադրիչներով հարադրությունները՝ իմաստի սաստկացում։ Իմաստաբանական տեսանկյունից առանձին խումբ են կազմում թվականներով բաղադրված հարակցական հարադրությունները. սրանք սովորաբար արտահայտում են մոտավոր քանակ (մեկ-երկու, հինգ-վեց)։

Կրկնավոր բաղադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնավոր բաղադրությունները նույն բառի հնչյունափոխված կամ անհնչյունափոխ, ամբողջական կամ հատվածական կրկնությունն են (մեծ-մեծ, սխալ-մխալ, աման-չաման, կաս-կարմիր)։ Արտահայտում են բազմակիություն (գունդ-գունդ, տեսակ-տեսակ), բաշխականություն (վեց-վեց, խումբ-խումբ), անորոշություն-զանազանություն (տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ), սաստկություն-ամբողջականություն (սուր-սուր, արագ-արագ, խակ-խակ), փաղաքշանք (նազուկ-մազուկ, բարալիկ-մարալիկ) և այլն։ Լինում են հարակցական, շաղկապական և նախդրավոր։ Կրկնավոր բաղադրությունների հաջորդող բաղադրիչը կարող է լինել առաջինի անփոփոխ կրկնությունը (կամաց-կամաց, մեծ-մեծ) կամ առաջինի հնչյունափոխվոծ տարբերակը (աման-չաման, հայ-հույ, սևիկ-մևիկ)։

Հատվածական բաղադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվածական բաղադրությունների բաղադրիչները նույնական կամ նույնիմաստ ածականակերտ ածանցներով կազմված և իրար հետ ստորադասության, համադասության կամ փոխադարձության հարաբերությամբ կազմված բառեր են, վերածված կայուն բառակապակցության՝ շաղկապի և առաջին բաղադրիչի ածանցի կրճատումով (ռազմա-քաղաքական, պատմա-բանասիրական, ռազմա-ծովային)։ Հատվածական բաղադրություններն այժմ հակում ունեն վերածվելու համադրական բարդությունների. օրինակ՝ գիտահանրամատչելի, գիտահետազոտական և այլն։

Կայուն բառակապակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաղադրությունները ներկայանում են բառակապակցական տեսքով և բառայնացած են (ուր որ է, ինչ որ է, ամեն մեկը, ուղիղ խնդիր, խոսքի մաս և այլն)։ Սրանք նախադասության մեկ անդամի պաշտոն են վարում։ Տարբերում են դարձվածային և բաղադրական բառակապակցություններ։ Դարձվածային բառակապակցությունները ծագում են շարահյուսական կապակցություններից, որոնք փոխաբերաբար գործածվելով՝ աստիճանաբար բառայնացվել են (կրակի կտոր, անպոչ գդալ)։ Բաղադրական բառակապակցությունները հիմնականում անվանական են, բաղադրիչների հիմնական իմաստները պահպանված են (ուղիղ խնդիր, մանկավարժական համալսարան և այլն)։

Համադրական բաղադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադրական են կոչվում այն բադադրությունները, որոնց բաղադրիչները միացած են իրար, մեկ բառ են կազմում, արտասանությամբ ևս միասնական են՝ մեկ բառային շեշտով։ Դրսևորվում են բարդությամբ և ածանցումով։ Ըստ բաղադրությունների կազմության աստիճանականության՝ լինում են առաջնային և երկրորդային բաղադրություններ։ Առաջնային համադրական բաղադրությունները կազմված են միայն երկու ձևույթից (մտ-ավոր, երկ-իմաստ)։ Սրանցից, նոր բաղադրիչի ավելացումով, կազմվում են երկրորդային համադրական բաղադրությունները (մտավոր-ական, երկիմաստ-ություն)։ Կարող է լինել նաև եռաձևույթ համադրական բաղադրություն։

Համադրական բաղադրությունը ենթադրում է բաղադրական հիմքի գաղափարը։ Բարդության մեջ երկու մասերից յուրաքանչյուրը բաղադրական հիմք է։ Բաղադրական հիմքերը կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ։ Պարզ են բառակազմական տեսանկյունից մենաձևույթ հիմքերը, բաղադրյալ են մեկից ավելի ձևույթներից կազմվածները (վար-որդ և վարորդ-ական)։ Սրանք գործառությամբ բաժանվում են երկու խմբի՝ սերող և բաղադրող։ Սերող բաղադրական հիմքը, որ բնորոշ է և՛ ածանցմանը, և՛ բարդացմանը, այն է, որին ավելանում է ածանց կամ բաղադրական այլ տարր. օրինակ՝ հայր-ական, ան-տուն, հաց-թուխ։ Բաղադրող բաղադրական հիմքը սերողին ավելացողն է. օրինակ՝ հաց-թուխ, ջր-կիր, գործ-ընկեր։

Բաղադրական հիմքերը կարող են ներկայանալ տարբերակներով, որոնք լինում են տիպաբանական, հնչյունաբանական և այլն։ Տիպաբանական հիմքատարբերակները բնորոշ են հիմքի քերականական կամ քարացած ձևերով. օրինակ՝ ձեռ-ձեռն-..., հայր-հոր-..., աստղ-աստեղ-..., թատրոն-թատեր-..., կայսր-կայսեր-... և այլն։ Հնչյունաբանական հիմքատարբերակները բնութագրվում են արտասանական պլանում եղած փոփոխություններով. այսպես՝ գետ-գիտ-..., կին-կն-կան-..., յոթ-յոթն-յոթան-... և այլն։ Նշված տարբերակների մի մասն ունի պատմական պայմանավորվածություն, և դրանք կարելի է բնութագրել որպես պատմական հիմքատարբերակներ։

Հապավական բաղադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հապավական բաղադրությունները ստեղծվում են բաղադրյալ անվանումների ու տերմինների կրճատված մասերի միավորումով։ Բաղադրության արդյունքը կամ բաղադրությունից գոյացած միավորը կոչվում է հապավում։ Հապավական բաղադրությունները կազմավորվել են համառոտագրությունների հիմքի վրա։ Այս բաղադրությունների կրճատված բաղադրիչները կոչվում են հապավույթներ։ Լինում են տառային (ՄԱԿ, ՀՀ, ՀԱՀ), բառամասային կամ վանկային (զինկոմ, մանկխորհ), հատվածական (գյուղնախարարություն, անտառտնտեսություն)։

Ըստ հապավույթների բնույթի և դրանց համակցության տարբերում են՝ ա) տառային հապավումներ, երբ հապավման բաղադրիչները տառային հապավույթներ են, բ) վանկատառային, երբ բաղադրիչների մեջ կան և՛ տառային, և՛ վանկային հապավույթներ, գ) վանկային, երբ հապավույթները բառերի սկզմնամասեր են, գ) վանկաբառային, երբ բաղադրիչների մեջ կան և՛ բառի սկզբնամաս, և՛ բառ-բաղադրիչ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 75։