Բաղաբերդ
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Բաղաբերդ (այլ կիրառումներ)
| Ամրոց | |
|
Բաղաբերդ
|
|
| Բերդի տեսքը | |
| Երկիր | Հայաստան |
| Մարզ | Սյունիք, Ողջի գետի ափին |
| Հիմնադիր | Կամսարական |
| Շինարարություն | III—IV |
Բաղաբերդը ամրոց է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում։
Հայաստանի հնագույն բերդերից մեկը, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։
Բաղաբերդի նշանակությունն ավելի մեծացավ հատկապես Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։
1103-ին, Կապան քաղաքի ավերումից հետո, Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ 1170-ին, սելջուկները, գրավելով Բաղաբերդը, այստեղ ամբարված հսկայական հարստությունները ենթարկում են ավարի, իսկ ավելի քան 10 000 ձեռագրերը ոչնչացնում։ Դրանից հետո Բաղաբերդն այլևս չի վերականգնվում։
Բաղաբերդի ավերակները մինչ օրս պահպանված են։ Նրա ավերակները գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։
Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ` իրենց աշտարակներով։ Բավական հորդաբուխ մի աղբյուր, որն այժմ դուրս է գալիս Ողջի գետի անմիջապես ափին, ժողովրդական զրույցների համաձայն, մի ժամանակ տարված է եղել բերդի ներսը։ Տեղացիների մոտ մինչ օր պահպանվել են Բաղաբերդի հետ կապված մի քանի ավանդություններ։[1]
[խմբագրել] Տես նաև`
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք», էջ 202.