Բաժանման հետևանքով տագնապային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաժանման հետևանքով տագնապային խանգարում, հոգեբանական վիճակ, որը դրսևորվում է անհատի տագնապային արտահայտված վիճակով, երբ նա հեռու է տնից կամ մարդկանցից, ում հետ զգայական կապվածություն ունի (օր.՝ ընտանիքի անդամեր, դաստիարակներ)։ Այն հատկապես տարածված է 6-7 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների շրջանում։ Բաժանման տագնապը զարգացման ընթացքի բնական մասն է։ Ի տարբերություն բաժանման հետևանքով տագնապային խանգարման՝ այս գործընթացը վկայում է երեխայի ճանաչողական հասունության առողջ զարգացումը, և այն չպետք է դիտարկվի որպես վարքային խնդիր։ Ըստ Ամերիկյան հոգեբանական միության՝ բաժանման հետևանքով տագնապային խանգարումը վախի և սթրեսի անտեղի ու ծայրահեղ դրսևորումն է, երբ անհատը կանգնած է տնից կամ կապվածության օբյեկտից բաժանվելու խնդրի առաջ։ Ընդ որում՝ զարգացման այս տարիքում և մակարդակում անհանգստությունը համարվում է ոչ բնական։ Ախտանիշների արտահայտվածությունը կարող է տատանվել նախնական անհանգստության փուլից մինչև խորը և լուրջ անհանգստության վիճակ։ Այս խանգարումը կարող է առաջացնել բացասական զգալի հետևանքներ բաժանման տագնապային խանգարումներ ունեցող անհատի սոցիալական և հուզական դաշտում, ինչպես նաև ազդել ընտանեկան կյանքի և ֆիզիկական առողջության վրա։ Այս երևույթը պետք է տևի առնվազն չորս շաբաթ և երեխայի մոտ ի հայտ գա մինչև 18 տարեկանը, որպեսզի համարվի բաժանման հետևանքով տագնապային խանգարում, թեև մեր օրերում այն նաև կարող է ախտորոշվել նաև չափահասների շրջանում՝ որպես կանոն 6 ամիս տևողությամբ (“Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ” 5-րդ հրատարակություն)։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագնապային խանգարումները հոգեկան պաթոլոգիայի ամենատարածված տեսակներն են։ Հանդիպում են երեխաների 5-25%-ի մոտ։ Այս խանգարումներից առավել ախտորոշվածները բաժանման հետևանքով առաջացածներն են, որոնք կազմում են տագնապային խանգարումների մինչև 50%-ը։ Այն համարվում է ամենավաղ առաջացող տագնապային խանգարումներից մեկը։ Հանդիպում է չափահասների ընդամենը 7%-ի մոտ։ Պարզվել է, որ տարիքային ցածր խմբերում նշանակալիորեն մեծ է կլինիկական անհանգստությունը։ Ըստ Համերնեսի՝ հոսպիտալացումների 49%-ը կազմում են բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումների դեպքերը։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների 4.1%-ի մոտ կառաջանա բաժանման տագնապ, իսկ չբուժելու դեպքում յուրաքանչյուր երրորդի մոտ այն կշարունակվի նաև չափահաս տարիքում։ Չափահաս տարիքում հոգեկան խանգարումների առաջացման համար շատ ռիսկային կարող են լինել մանուկ հասակում այս խանգարումների հանդեպ ունեցած հակումները։ Ենթադրվում է, որ երեխաների շատ ավելի բարձր տոկոսն են կազմում նրանք, ովքեր չեն ախտորոշվել, բայց տառապում են բաժանման տագնապով։ Բազմակողմանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղջիկները կազմում են այս խմբի գերակշռող մասը, իսկ ընտանիքում հոր բացակայությունը կարող է դեռ մի բան էլ մեծացնել դրա առաջման ռիսկերը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանման հետևանքով տագնապի առկայությունը բնորոշ է 8-14 ամսական երեխաներին։ Այն ի հայտ է գալիս, երբ անձը գիտակցում է իր անհատականություն լինելը կամ հասկանում, որ անկախ և անջատ է իր երբեմնի խնամակալից։ Անջատ լինելը էլ ավելի է դժվարանում, քանի որ երեխաները փնտրում են իրենց խնամակալներին հարմարավետություն և հանգիստ գտնելու համար։ Հետագայում առաջանում է օբյեկտի մշատականության գաղափարը . սա այն վիճակն է, երբ երեխան հասկանում է, որ անձը կամ իրը գոյություն ունի նույնիսկ երբ այն հնարավոր չի տեսնել կամ լսել։ Այսպիով ավելի պարզ է դառնում խնամակալից բաժանված լինելու նրանց գիտակցումը։ Հետևաբար զարգացման շրջանում, երբ երեխան գիտակցում և զգում է իր “ես”-ը, ինչպես նաև օբյեկտների մշտականությունը, սկսում է նաև հասկանալ, որ, ըստ էության, իրենք կարող են առանձին լինել երբեմնի խնամակալից։ Երեխաներն այս բաժանումը վերջնական են համարում՝ չգիտակցելով, որ իրենց խնամակալի վերադարձը կառաջացնի սթրես ու վախի զգացում։ Նման խանգարումներից ապահովագրված չեն հատկապես այն անձինք, ովքեր չափազանց ցավագին են արձագանքում բաժանմանը։ Երեխայի մոտ այս խանգարման բացահայտումը բարդ է այնքանով, որ դա կարող է զարգանալ վարքային այլ խանգարումների՝ հատկապես անհանգստության տարածված խանգարմանը զուգահեռ։ Վարքային այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են, օրինակ՝ դպրոց չգնալու ցանկությունը կամ տան հանդեպ խիստ կարոտի զգացումը, կարող են արտահայտված լինել նույն կամ մասնակիորեն նույն ախտանիշներով և վարքային մոդելով, ինչպես որ բաժանման հետևանքով խանգարումների դեպքում է։ Վերջինիս դեպքում չափահասների մոտ ավելի գերակշռող են ուղեկցող խանգարումները և ընդգրկում են ախտորոշման հնարավորությունների ավելի լայն շրջանակ։ Զուգահեռ ընթացող հիվանդությունների շարքին կարող են դասվել ֆոբիաները (վախերը), սթրեսային hետտրավմատիկ խանգարումը, խուճապային խանգարումը, կպչուն-սևեռուն խանգարումը (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում), անձնային խանգարումը։ Հնարավոր է հոգեկան միաժամանակ մի քանի խանգարումների համընկնումը, նույնիսկ դրանցից մեկը կարող է հանգեցնել մյուսի ի հայտ գալուն, հատկապես երբ խոսքը տագնապային խանգարումների մասին է։ Ախտանիշների բազմազանության և համընկնումների պատճառով տագնապային խանգարումների ժամանակ շատ կարեւոր է անհատի պատշաճ գնահատումը տարբերությունների և կարևորության տարանջատման տեսանկոյւնից, քանի որ կան համընկումներ ու բազմանություն։ Տարբերելու համար՝ արդյոք անհատի մոտ բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարում է, թե՞ այլատիպ խանգարում, նախ պետք է պարզել՝ որտեղից է ծագում անհատի առանձնացված լինելու զգացումը։ Դա կարելի է անել հարցման միջոցով. ի՞նչը կարող է նրանց վախեցնել կապվածության օբյեկտից բաժանված լինելու ընթացքում։ Բաժանման հետևանքով առաջացած խանգարումների դեպքում հատկանշանական է այն փաստը, որ անհատը ամեն կերպ խուսափում է հասարակության հետ շփումից և փոխազդեցությունից։ Անհատները “որպես կանոն ցուցաբերում են ավելորդ անհանգստություն, որն ուղեկցվում է լացով, ֆիզիկական ախտանշիշների մասին կրկնվող բողոքներով (օրինակ՝ ստամոքսի ցավ, գլխացավ և այլն), խուսափողական տրամադրվածությամբ (օր.՝ հրաժարվել դպրոց գնալուց, մենակ քնելուց, տանը միայնակ մնալուց, հասարակական գործունեությամբ զբաղվելուց, աշխատանքի գնալուց և այլն), ինչպես նաև այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որ կապահովի իրենց անվտանգությունը (խնանամակալին կամ կապվածության օբյեկտին հաճախակի զանգահարելը)։

Ախտորոշման չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանման հետևանքով առաջացած տագնապը գլուխ է բարձրացնում երեխաների մոտ, երբ նրանք ընտելանում են միջավայրին։ Այս տագնապի զգացումը համարվում է բնական փուլ, որն ընդգրկում է ինֆանտի կյանքի սկզբնական շրջանը՝ տևելով մինչև 2 տարեկան։ Բաժանման տագնապը բնական է նաև 3-4 տարեկան երեխաների շրջանում, երբ նրանք մանկապարտեզ են գնում կամ մնում են դայակի հետ ՝ հեռու իրենց ծնողներից կամ խնամակալից։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հղիության ընթացքում առաջացած հորմոնալ փոփոխությունները հետագա կյանքում կարող են հանգեցնել կորտիզոլի նվազեցված մակարդակի, ինչը կարող է բերել հոգեբանական այնպիսի խանգարումբերի, ինչպիսին բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումն է։ Կարևոր է նշել նաև խանգարման ի սկզբանե ունեցած վճռորոշ փոփոխությունները, որ երեխան ունենում է կյանքում։ Օրինակ՝ այն երեխաները, ովքեր վաղ հասակում գաղթել են այլ երկրից, հնարավոր է՝ ավելի ուժեղ հակում ունենան այս խանգարման նկատմամբ, քանի որ նրանք արդեն ունեցել են հարազատ վայրից տեղափոխվելու փորձ։ Սովորաբար նոր վայր ժամանելուց հետո նրանք կառչում են իրենց խնամակալից հատկապես այն դեպքերում, երբ չեն տիրապետում նոր լեզվին։ Այս ախտանիշերը կարող են անհետանալ, երբ երեխան վարժվի նոր միջավայրին։ Այլ աղբյուրներ նշում են, որ մինչև 3 տարեկան չպետք է հստակ ախտորոշումներ ներկայացվեն։ Բաժանման հետևանքով առաջացած տագնապը կարող է դիտարկվել իբրև խանգարում, եթե բաժանման տագնապը երեխայի մոտ հասնում է ծայրահեղ չափերի և անցնում է զարգացման փուլին համապատասխան շրջանակներից՝ բացասաբար ազդելով նրա առօրյա կյանքի վրա։ Հոգեկան շատ խանգարումներ առաջանում են մանուկ հասակում։ Հոգեկան խանգարումներով տառապող չափահասների 2/3-ի մոտ վաղ հասակում արդեն իսկ դրսևորվում են խանգարումների ախտանիշերը։ Ինքնամփոփ վարքագիծը մեծ դեր է խաղում բաժանման հետևանքով առաջացած տագնապային և շատ այլ խանգարումների դեպքում։ Ի տարբերություն ոչ ինքնամփոփ վարքագծով երեխաների՝ նրանք, ովքեր ինքնամփոփ են հասարակական և այլ ազդակների դեպքում ավելի լուրջ վախեր են ունենում։ Ինքնամփոփ վարքագծով երեխաների մոտ ավելի մեծ է հոգեկան խանգարումներ, հատկապես՝ բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումներ ձեռք բերելու ռիսկը։ Բաժանման տագնապը բնական երևույթ է 3-4 տարեկան երեխաների մոտ, երբ նրանք դայակի խնամքի տակ են կամ մանկապարտեզ են գնում՝ հեռու լինելով իրենց ծնողից կամ խնամակալից։ Անձի մոտ բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարում ախտորոշելու համար նա պետք է համապատասխանի այս չափորոշիչներից առնվազն երեքին.

  • Մշտական և մեծ անհանգստություն կապվածության օբյեկտի կորստի կամ նրան պատճառվելիք հնարավոր վնասների համար (հիվանդություն, աղետ, վնասվածքներ, մահ)։
  • Մշտական և մեծ անհանգստություն դժբախտ պատահարի մեջ (հիվանդություն, առևանգում) ընկնելու համար, որը կհանգեցնի հարազատ մարդու հետ բաժանման։
  • Բաժանման վախի պատճառով տնից դուրս չգալը։
  • Տանը մենակ մնալու կամ հարազատ մարդուց առհասարակ անջատ լինելու հանդեպ մշտական վախը և դժկամությունը։
  • Մշտական վախը կամ դժկամությունը միայնակ կամ կապվածության օբեյկտից առանձին քնելու դեպքում։
  • Բաժանման թեմատիկայով անընդհատ կրկնվող մղձավանջները։
  • Ֆիզիկական ախտանիշների մասին կրկնվող բողոքներ (գլխացավ, ստամոքսի ցավ, փսխում, սրտխառնոց), երբ անձը բաժանված է կապվածության օբյեկտից կամ նախատեսում է բաժանումը։

Գնահատման մեթոդներն ու գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատման մեթոդների մեջ են մտնում ախտորոշմանն ուղղված հարցազրույցները, ծնողի կամ երեխայի կողմից ինքնահաշվետվությանն ուղղված ձեռնարկումները, երեխա-ծնող փոխազդեցության ուսումնասիրումը և նախադպրոցական տարիքի երեխաների մասնագիտացված գնահատումը։ Ուսումնասիրվում են երեխայի զարգացման տարբեր ասեպկտներ, այդ թվում՝ հասարակական կյանքը, ուտելն ու քնելը, բժշկական հարցերը, տրավմատիկ իրադարձությունները, ինչպես նաև հոգեկան առողջության վիճակը գենետիկ կտրվածքով։ Մինչ բազմաթիվ հետազոտություններ էին կատարվում՝ հասկանալու ինֆանտի և խնամակալի միջև բաժանման տագնապի զգացումը, վարքային հոգեբան Մերի Էյզվրթը մշակեց վարքային գնահատման մեթոդը, որն այն ժամանակ համարվում էր բաժանման տագնապի ուսումնասիրությունների համար ամենաարժեքավոր և հայտնի հիմքը (The Strange Situation (1969 թ.)։ Տարօրինակ իրավիճակի գործընթացը իր կարևոր դերն ունի 9-18 ամսական ինֆանտների մոտ անձնական կապվածության ձևերի գնահատման ու չափման գործում։ Այս հետազոտական ուսումնասիրությունում ստեղծվում է մի այնպիսի միջավայր, որ տատանվում է կյանքում հանդիպող ծանոթ և անծանոթ իրավիճակների միջև։ Ուսումնասիրվում են երեխայի մոտ սթրեսածին գործոնների տեսակները և իր արձագանքը դրանց նկատմամբ, և հիմնվելով երեխայի՝ խնամակալի հանդեպ փոխազդեցության վարքագծի վրա՝ տարբերակում են անձի կապվածության 4 խմբեր՝

  1. ապահով
  2. ոչ ապահով
  3. դիմացկուն, վտանգավոր
  4. անկազմակերպ, չկողմնորոշված

Չի բացառվում, որ բժիշկները օգտագործեն հարցաքննումները՝ որպես սիմպտոմատիկ երեւույթները չափելու գործիք՝ այսպիսով նպաստելով բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումների ախտորոշմանը։ Հարցաքնումները կարող են իրականացվել ինչպես երեխայի, այնպես էլ կապվածության օբյեկտի հետ։ Ծնողին և երեխային առանձին հարցաքննելը բժշկին թույլ է տալիս հավաքելու տարբեր տեսակետներ և տեղեկատվություն։ Հարցաքնումների տարածված տեսակներն են՝

  • Տագնապային խանգարումների հարցաքննամ պլան (DSM-IV-ի համար),երեխա-ծնող տարբերակներ (ADIS-IV-C/P)
  • Երեխաների համար ախտորոշիչ հարցաքննման պլան, IV (DISC-IV) տարբերակ
  • Աֆեկտիվ խանգարումների և դպրոցական տարիքի երեխաների համար շիզոֆրենիայի հարցաքննման պլան, նաև ցմահ տարբերակ

Ինքնահաշվետվության միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատման այս ձևը չպետք է ընդունել որպես բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումների ախտորոշման հիմնական հիմք։ Կարևոր է ստուգել, թե արդյոք իր փորձի մասին հաշվետվություն ներկայացնող երեխան ունի այս միջոցառումներին ճիշտ արձագանքելու և դրանք ընկալելու ճանաչողական ու հաղորդակցական համապատասխան ունակություններ։ Ինքնահաշվետվության ձեռնարկման փորձված օրինակ է բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումների գնահատման սանդղակը (SAAS-C)։ Սանդղակը ներառում է 34 դրույթներից, բաղկացած է 6 բաժնից ՝ հետևյալ հերթականությամբ՝ լքվածություն, մենակության վախ, վախ ֆիզիկական հիվանդություններից, աղետալի պատահարների համար անհանգստություն, աղետալի պատահարների հաճախականություն, անվտանգության ազդանշանների ցուցակ։ Առաջին հինգ մասերն ունեն 5 դրույթ, իսկ վերջին վեցերորդը՝ 9։ Սանդղակը ավելի շատ ներկայացնում է առանձին դեպքեր և բուժման նախագծում, քան գնահատում է ախտանիշերը։

Ուսումնասիրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Ալթմանը (McGoey & Sommer), կարևոր է երեխայի ուսումնասիրումը “ինչպես տարբեր, այնպես էլ իր ամենօրյա միջավայրում (տուն, ցերեկօթիկ, մանկապարտեզ):“ Բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումների ախտորոշման համար կարող է օգատակար լինել նաև ծնող-երեխա փոխազդեցությունների և վարքագծի դիտումը։ Երեխա-ծնող երկկողմանի փոխազդեցության կոդավորման համակարգը և վերջերս նաև երեխա-ծնող երկկողմանի փոխազդեցության կոդավորման համակարգ II (DPICS II) երեխա-ծնող փոխազդեցությունների զննման մեթոդներ են։ Separation Anxiety Daily Diaries (SADD)-ը նույնպես օգտագործվում է “անհանգիստ վարքագծի, ինչպես նաև դրան նախորդող և հետևող երևույթների գնահատման մեջ և կարող է մասնավորապես հարմարեցվել բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծնող-երեխա բաժանմանը” (Silverman & Ollendick, 2005)։ Ստուգվում է այս պարբերականների վավերականությունը։

Նախադպրոցական տարիքի երեխաների գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական փուլում շատ կարևոր է վաղ ճանաչումը և միջամտումը։ Տարիքին համապատասխան գնահատումներ անելիս հաշվի են առնվում հաղորդակցական հմտությունները։ Նախադպրոցական տարիքի երեխաների (2-5 տարեկան) գնահատման համար սովորաբար օգտագործվում է նախադպրոցական տարիքի հոգեբուժական գնահատումը (PAPA). Երիտասարդների հավելյալ գնահատման սանդղակների և հարցաքննման մեթոդների մեջ են մտնում Աքենբախի սանդղակը, ինֆանտների և նախադպրոցականների վախի ուսումնասիրության գրաֆիկը և ինֆանտ-նախադպրոցականների մոտ ինքնամփոփ վարքագծի սանդղակը։ Նախադպրոցական երեխաները նույնպես հարցաքննվում են։ Հիմնականում անցկացվող երկու հարցաքննումներն են զգայական գիտելիք և կապվածության տուն-տունիկ խաղերը։ Երկու դեպքում էլ հարցաքննողը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ տեղի է ունենում բաժանում և միացում, իսկ հետո երեխային խնդրում են ցույց տալ նշված չորս դեմքերի արտահայտություններից մեկը։ Այս դեմքի արտահայտությունները պատկերում են այնպիսի զգացումներ, ինչպիսիք են տխրությունը կամ զայրույթը։ Արդյունքները ենթարկվում են հետագա վերլուծությունների։ Վարքի զննումը օգտագործվում է նաև երիտասարդների գնահատման հարցում։ Զննումները թույլ են տալիս բժիշկներին նաև դիտարկելու վարքն ու զգացմունքները հատուկ համատեքստում։

Նպաստող գործոններ և էտիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանգարմանը նպաստող գործոններից են կենսաբանական, ճանաչողական, միջավայրի, երեխայի խառնվածքի և վարքի գործոնների միասնությունն ու փոխազդեցությունը։ Երեխայի մոտ ավելի հավանական է բաժանման հետևանքով տագնապային խանգարումների առաջացումը, եթե նրա ծնողները հոգեկան խանգարման ախտորոշում ունեն։ Շատ հոգեբաններ կարծում են, որ խնամակալից վաղ կամ/և տրավմատիկ բաժանումները երեխայի կյանքում կարող են մեծացնել բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարման, դպրոցի հանդեպ վախի և դեպրեսիվ սպեկտորի ախտորոշման հավանականությունը։ Որոշ երեխաներ ավելի խոցելի են դրա նկատմամբ իրենց խառնվածքի պատճառով։

Միջավայրի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հաճախ կյանքի սթրեսային որևէ իրադարձությունն է բաժանման տագնապի առաջացման պատճառ դառնում, օրինակ՝ սիրելի մարդու կամ ընտանի կենդանու կորուստը, ինչպես նաև ծնողների բաժանումը, դպրոցի կամ բնակավայրի փոփոխումը, բնական աղետները, հանգամանքները, որ անձին ստիպել են բաժանվելու կապվածության օբյեկտից։ Տարիքով անձանց մոտ կարող են սթրեսածին լինել նաև ուսումնական հաստատություն ընդունվելն ու հաճախելը, բնակության վայրը առաջին անգամ փոխելը կամ ծնող դառնալը։

Գենետիկ և հոգեբանական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխան կարող է ունենալ բաժանման տագնապային խանգարումներ ձեռք բերելու գենետիկ հակումներ։ Բաժանման տագնապային խանգարումը երեխայի մոտ կարող է ժառանգական լինել։ Երեխայի խառնվածքը նույնպես կարող է ազդել բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարման զարգացման վրա։ Ամաչկոտ երեխաների վարքը կարելի է բնութագրել որպես “վարքի ինքնամփոփ խառնվածք”։ Սա այն դեպքն է, երբ հնարավոր է՝ երեխան անծանոթ միջավայրում կամ անձանց նկատմամբ տագնապի զգացում ունենա։

Ուսումնական հաստատություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանման հետևանքով տագնապային խանգարումներ ունեցող երեխաներն ավելի շատ խոչընդոտների են հանդիպում դպրոցում, քան բաժանման խանգարումներից չտառապող երեխաները։ Դպրոցին վարժվելը, պարզվում է, ավելի բարդ է նրանց համար։ Հիվանդության որոշ առավել ծանր դեպքերում նրանք, հնարավոր է, հրաժարվեն առհասարակ դպրոց գնալուց։ Հաշվարկվել է, որ խանգարում ունեցող երեխաների 75%-ը դրսևորել է հենց այդպիսի մերժողական վարքագիծ։ Դա բարդ խնդիր է, քանի որ երբ երեխան հետ է վարժվում դպրոցից, նրա համար ավելի է դժվարանում վերադառնալու գործընթացը։ Դասերին չհաճախելու արդյունքում առաջացած կարճաժամկետ խնդիրներից են ակադեմիական ցածր առաջընթացը կամ առաջընթացի նվազումը, հասակակիցներից օտարացումը, ծնողների հետ կոնֆլիկտները։ Չնայած դպրոց գնալուց հրաժարվելու վարքագիծը բնորոշ է բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումներ ունեցող երեխաներին, բայց այն նաև կապված է ընդհանուր տագնապային խանգարումների կամ տրամադրության խանգարումների հետ։ Այսպիսով կարելի է ասել, որ բաժանման տագնապային խանգարում ունեցող երեխաների մեծ մասի մոտ կա դպրոց գնալուց հրաժարվելու ախտանիշ։ Դպրոց գնալ չցանկացող երեխաների 80%-ը կազմում են բաժանման տագնապային խանգարուներ ունեցող երեխաները։

Աշխատանքի վայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանման հետևանքով տագնապային խանգարումները երեխայի ակտիվ գործունեության վրա ոչ միայն ազդում են դպրոցում, այլեւ ուղեկցում են նրան չափահաս տարիքում։ Վերջերս “ազգային և միջազգային հարթակում մտահոգության առարկա են դարձել աշխատանքի վայրում հոգեկան հիվանդությունների հետևանքները արտադրողականության վրա”։ Ընդհանուր առմամբ հոգեկան հիվանդությունը առողջական տարածված խնդիր է աշխատող չափահասների շրջանում։ Նրանց 20 –ից 30%-ը ունեն հոգեկան խանգարում։ Հոգեկան խանգարումը ուղիղ համեմատական է արտադրողականության նվազմանը։ Բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարում ունեցող մարդկանց կենսագործունեության մակարդակը նվազում է, շատանում է բացակայությունների քանակը, և նրանք սկսում են գլուխ պահել այն ժամանակ, երբ պետք է լինում որևէ բան ձեռնարկել կամ կատարել հանձնարարությունները։

Նեյրոնային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նախնական ապացույցների՝ նշագեղձի բարձր ակտիվությունը կարող է կապված լինել բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումների ախտանիշների հետ։ Կողային նախաճակատային կեղևի առաջնակողային և հետմիջային հատվածների թերությունները նույնպես կապված են երեխայի տագնապային խանգարումների հետ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ֆարմակոլոգիական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ֆարմակոլոգիական մեթոդները բաժանման տագնապ ունեցողների բուժման համար առաջին ընտրությունն են։ Դեղերին լավագույնս փոխարինում է խորհրդատվութունը։ Գոյություն ունի բաժանման տագնապը բուժելու ոչ ֆարմակալոգիական երկու մոտեցում։ Առաջինը կրթահոգեբանական միջամտությունն է, որը հաճախ ուղեկցվում է թերապևտիկ այլ բուժումներով։ Այս մեթոդի էությունը խանգարման մասին տեղեկատվությամբ անձի ու նրա ընտանիքի անդամների ապահովումն է, ինչպես նաև ապահովումնէ ծնողների և ուսուցիչների խորհրդատվությունը՝ ուղղված երեխային ճիշտ մոտեցում ցուցաբերելուն։ Երկրորդը հոգեթերապևտիկ միջամտությունն է. այն կիրառվում է առաջին մեթոդի ձախողման դեպքում։ Այս մեթոդն ավելի համակարգված է, ներառում է վարքային, ճանաչողական-վարքային, հոգեդինամիկ թերապիա, ինչպես նաև ընտանեկան թերապիա։

Վարքային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքային թերապիաները ոչ ֆարմակալոգիական բուժումների տեսակներ են, որոնք հիմնված են բացահայտման տեխնիկայի վրա։ Դրանք ներառում են զգայունության համակարգված նվազեցումը, զգայուն պատկերավորումը, չնախատեսված իրավիճակի կառավարումը և գործողության ներկայացումը։ Վարքային թերապիաները անձանց մոտ ժամանակի ընթացքում նվազեցնում են տագնապի զգացումը՝ հիմնականում կենտրոնանալով նրանց վարքի վրա։

Չնախատեսված իրավիճակի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնախատեսված իրավիճակի կառավարումը բաժանման հետևանքով տագնապային խանգարումներ ունեցող երեխաների արդյունավետ բուժման ձև է։ Իրավիճակի կառավարումը կենտրոնացված է ներքին ամրապնդման համակարգի վրա, ուղղված է վերբալ և նյութական համալրումների և պահանջում է ծնողական ներգրավվածություն։ Ծնողի և երեխայի միջև կնքվում է հետևանքների հետ կապված պայամանագիր, որը ներառում է գրավոր համաձայնություն որոշակի նպատակների շուրջ, որոնց երեխան պետք է հասնի, ինչպես նաև նշվում են ծնողի կողմից երեխային տրվելիք հատուկ պարգևատրումները այն դեպքում, եթե նա հաջողությամբ իրականացնի հանձնարարությունը։ Երբ չնախատեսված իրավիճակի կառավարմանը ենթարկված երեխան անկախության նշաններ է ցուցաբերում կամ հասնում բուժման նպատակին, արժանանում է պարգևատրման և գովասանքի։ Երբեմնի վախն ու անհանգստությունը փոխվում են դրական փորձով։ Բաժանման հետևանքով տագնապային խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաները չունեն հաղորդակցական հմտություններ իրենց զգացածը արտահայտելու համար, ինչպես նաև չեն տիրապետում ինքնակարավարմանը, որպեսզի կարողանան ինքնուրույն հաղթահարել բաժանման տագնապը։ Այսպիսով այս տարիքի երեխաների դեպքում ծնողի ներգրավվածությունը շատ կարևոր է։

Ճանաչողական վարքային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողական վարքային թերապիան կենտրոնանում է բաժանման հետևանքով տագնապային խանգարումներ ունեցող երեխաներին օգնելու վրա։ Այն փորձում է դրդապատճառների մերկացմամբ նվազեցնել տագնապի զգացումը և անհանգիստ մտքերի առկայությունը երեխաների մոտ, ունի 3 փուլ՝ ուսուցում, կիրառում, հիվանդության կրկնության կանխարգելում։ Ուսուցման փուլում անհատը տեղեկացվում է ֆիզիկական և հոգեկան բոլոր այն ազդեցությունների մասին, որ կարող է թողնել տագնապը։ Հասկանալով և ունակ լինելով ընկալելու նրանց արձագանքը՝ հավանական կլինի դրանց կառավարումն ու նվազեցումը։ Ըստ Կենդալի և նրա գործընկերների՝ կան չորս բաղադրիչներ, որոնք պետք է սովորեցնել ճանաչողական վարքային թերապիայի ենթարկվող երեխային՝

  1. Տագնապային զգացումների և վարքի գիտակցում
  2. Տագնապ առաջացնող վիճակների քննարկում
  3. Իրավիճակին համապատասխան արձագանք տալու ծրագրի մշակում
  4. Պլանի արդյունավետության գնահատումը

Կիրառման փուլում անհատը կարող է գործադրել իր գիտելիքը կենցաղային իրավիճակներում։ Այս փուլի կարևորագույն ասպեկտն այն է, որ գործընթացի ժամանակ մարդիկ կարողանան կառավարել իրենց։ Հիվանդության կրկնության կանխարգելման փուլում անհատին տեղեկացնում են, որ շարունակական բացահայտումները և այն գիտելիքների կիրառումը, որ օգնել է իրեն, շարունակական առաջընթացի բանալին են։ Ուսումնասիրությունը զննել է սոցիալական վախ, բաժանման, ինչպես նաև ընդհանրացված տագնապային խանգարումներ ունեցող երեխաների մտքի բովանդակությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ բաժանման տագնապային խանգարումներ, ինչպես նաև ընդհանրացված տագնապային խանգարումներ և սոցիալական վախ ունեցող երեխաների հետ տարվող թերապիաները պետք է ուղղված լինեն տագնապ հարուցող իրավիճակներում սեփական վարքի ճանաչման բացասական իդենտիֆիկացիային և փոփոխեն այդ մտքերը՝ աջակցելու ինքնագնահատականի բարձրացմանը և տվյալ իրավիճակը պատշաճ կերպով հաղթահարելու կարողությանը։ Ճանաչողական ընթացքը բուժման իդելական ձև է բաժանման հետևանքով առաջացած խանգարումներ ունեցող երեխաների համար։ Թեորիայի բուն էությունն այն է, որ երեխայի չգործող մտքերը, վերաբերմունքը, համոզմունքներն են, որ անհանգստություն և տագնապային վարքագիծ են առաջացնում։ Երեխաներին սովորեցնում են ինքները իրենց հարցնել՝ արդյոք կա ապացույց, որ կպաշտպանի իրենց անհանգիստ մտքերն ու վարքը։ Նրանց վարժեցնում են իրավիճակի վտանգի ճիշտ գնահատմանը, որից հետո իսկ հետո թույլ են տալիս բարձրացնելու ինքնագնահատականը՝ իրավիճակը քաջաբար հաղթահարելու համար։ Նման խանգարված մտքերի մեջ են մտնում բևեռացված մտածողությունը, գերընդհանրացումը, զտելը (բացասականի վրա կենտրոնանալը), արագ եզրակացություններ անելը, իրավիճակը բարդացնելը, պիտակավորումը, պետք է-ները, մեղքը իր կամ այլոց վրա գցելը և այլն։ Որոշ դեպքերում թերապևտները կարող են ներգրավել ծնողին և սովորեցնել նրան վարքային մարտավարություններ, որոնցից է չնախատեսված իրավիճակի կառավարումը։

Ֆարմակալոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարմակալոգիական բուժումը կիրառվում է բաժանման հետևանքով տագնապային խանգարումների ծայրահեղ դեպքերում, երբ ոչ մի այլ մեթոդ չի օգնել։ Ինչևէ, բարդ է ապացուցելը այդ խանգարումը ունեցողների դեղերով բուժվելու օգտակարությունը, քանի որ արդյունքները միանշանակ չեն։ Չնայած ուսումնասիրություններին և ստուգումներին՝ պետք է բաժանման հետևանքով տագնապային խանգարումների դեմ մի դեղորայք լինի։ Food and Drug Administration–ի կողմից չափահասներին նշանակվող դեղորայքի արդյունավետության մասին հաճախակի արձագանքում են բաժանման խանգարումներ ունեցող անձիք։ Եռացիկլ հակադեպրեսանտների (որ պարունակում են իմիպրամին և կլոնիպրամին) օգտագործման օգտի վերաբերյալ կան շատ խառը արդյունքներ։ Մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իմիպրամինը օգտակար է այն երեխաների համար, ովքեր ունեն վախ դպրոցի նկատմամբ, ինչպես նաև բաժանման հետևանքով տագնապային խանգարումներ։ Ինչևէ, այլ ուսումնասիրությունները վկայում են, որ իմիպրամինն ու կլոնիպրամինը նույն ազդեցությունն ունեն երեխաների վրա, ինչ դեղահաբերն ու պլացեբոն։

Նախատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-14 ամսականների մոտ բաժանման հետևանքով առաջացած անհարմարավետությունը սովորական է։ Երեխաները հաճախ նյարդայնանում կամ վախենում են անծանոթ մարդկանցից և տեղերից, բայց եթե նույն վարքագիծը շարունակվում է 6 տարեկանից հետո և տևում 4 շաբաթից ավելի, հնարավոր է՝ երեխան ունի բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարում։ Երեխաների մոտավորապես 4%-ի մոտ կա այս խանգարումը։ Վաղ փուլերում այն բուժելի է ֆարմակոլոգիական և վարքային թերապիաների միջոցով։ Շատ կարևոր է երեխային օգնել իր տագնապի առաջացման հանգամանքները գիտակցելու հարցում։ Երեխայի ունակությունը՝ դիմակայելու բաժանումներին, ժամանակի ընթացքում պետք է աստիճանաբար ավելանա։ Նմանատիպ խանգարում ունեցող երեխային քաջալերելը, որ նա իրենց մրցունակ և ուժեղ զգա, ինչպես նաև անհանգստություն հարուցող միջադեպերի մասին զրույցները կնպաստեն առողջացմանը։ Բաժանման հետևանքով տագնապային խանգարումներ ունեցող երեխաները հաճախ բացասաբար են արձագանքում իրենց խնամակալի կամ ծնողի տագնապներին։ Վերջիններս, ունենալով տագնապային խանգարումներ, անմտածված կերպով կարող են հաստատել երեխայի անիրական վախերը, թե ինչ-որ բան կարող է պատահել, եթե իրենք միասին չլինեն։ Այսպիսով կարևոր է, որ ծնողներն ու խնամակալը նախ և առաջ գիտակցեն իրենց զգացումները և երեխային հաղորդեն վստահություն բաժանման պարագայում։

Երկարաժամկետ ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտություններ ուղղված են բացահայտելու բաժանման հետևանքով տագնապային խանգարման դեպքում հոգեկան առողջության երկարաժամկետ հետևանքները։ Այս խանգարումները նպաստում են խոցելիությանը և 19-30 տարեկանների մոտ հոգեկան խանգարումների առաջացման համար ռիսկային գործոններ հանդիսանում։ Բոլոր խանգարումների մեջ ավելի հավանական է դեպրեսիվ և խուճապային խանգարումների առաջացումը, իսկ այլ աղբյուրներ նշում են հոգեկան պաթոլոգիաներից երկուսից մեկի ի հայտ գալու հնարավորության մեծ ռիսկի մասին այն մարդկանց շրջանում, ովքեր նախկինում ունեցել են բաժանման հետևանքով առաջացած տագնապային խանգարումներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]