Բազմացման ինտենսիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմացման ինտենսիվություն, Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ, որովհետև սերնդի մի մասը ոչնչանում է՝ չհասնելով սեռահասունության։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավական մեծ քանակով։ Նույնիսկ դանդաղ բազմացող կենդանիներն իրականում ընդունակ են թողնելու սերունդների հսկայական քանակություն։ Մրրկահավը դնում է մեկ ձու, սակայն երկրի վրա գոյություն ունեցող ամենատարածված թռչուններից մեկն է։ Որպես կանոն՝ մեկ ձագ ծնող երկկճղակավորներն՝ անտիլոպները, հյուսիսային եղջերուները, եղնիկները կազմում են հսկայական հոտեր։ Փղի էգը վաթսուն տարվա մեջ ծնում է վեց ձագ։ Հաշվարկված է, որ չնայած այդքան ցածր ծնելիությանը, յոթ հարյուր հիսուն տարվա ընթացքում փղերի մեկ զույգի սերունդը կկազմեր տասնինը միլիոն առանձնյակ։ Դոդոշը դնում է մոտ տասը հազար գորտնկիթ, թառափը՝ մինչև չորս հարյուր հազար ձկնկիթ, լուսնաձուկը մոտ երեք հարյուր միլիոն ձկնկիթ։ Կակաչի մեկ բույսի վրա զարգանում է քառասուն հազար սերմ։ Գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ՝ միջին հաշվով ութ–ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։