Աֆազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆազիա
Ձախ կիսագնդի շրջանները, որոնք վնասվելիս կարող են առաջացնել աֆազիա[1]
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններՄուտիզմ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն, Նյարդահոգեբանություն և Լոգոպեդիա
ՀՄԴ-9315.31, 784.3 և 438.11
ՀՄԴ-10F80.0, F80.2, R47.0 և F80.1
 Aphasia Վիքիպահեստում

Աֆազիա, ( հուն․՝ ἀ φάσις, ἀ-- ժխտող մասնիկ, φάσις - ասույթ), խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ, որը գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանք է։ Աֆազիայի դեպքում հնչյունների արտասանության ընդունակությունը պահպանվում է, քանի որ լեզուն, շրթունքները և ձայնալարերը նորմալ են լինում։ Հիվանդները կարողանում են նաև ընկալել հնչյունները, բայց խոսակցին չեն հասկանում, քանի որ բառերը նրանց համար անհասկանալի ազդանշաններ են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆազիայի տեսակներն են՝

  • շարժողական (խանգարված են լինում արտահայտչական խոսքը, նրա քերականական կառուցվածքը, հատկապես կամածին ու ինքնաբեր խոսքը)
  • զգայական ( հատկապես խանգարված է լինում ընկալումն ու հասկացումը)
  • ամնեստիկ (առարկաների անունների մոռացում)

Պ. Բրոկայի և Կ. Վերնիկեի աֆազիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1861 թ. ֆրանսիացի գիտնական Պ. Բրոկան ցույց տվեց, որ կեղևի որոշակի բաժնի վնասումը միշտ հանգեցնում է աֆազիայի, այսինքն խոսքի խանգարման։ Այդ բաժինը գտնվում է գլխուղեղի ճակատային բաժնի հետևի մասում և այժմ կոչվում է Բրոկայի կենտրոն։ Պ. Բրոկան պարզեց նաև, որ եթե ուղեղի ձախ կիսագնդնում այդ բաժնի ախտահարումը առաջ է բերում աֆազիա, ապա աջ կիսագնդի սիմետրիկ բաժինը վնասելուց՝ խոսքի հիվանդագին խանգարումներ առաջ չեն գալիս։ Անցած հարյուրից ավելի տարիների ընթացքում Պ. Բրոկայի հայտնագործությունները բազմիցս հաստատվել են և այլևս կասկած չեն հարուցում։ Մասնագետները պարզել են, որ աֆազիայի բոլոր դեպքերի գրեթե 90 % ձախ կիսագնդում տեղորոշված խոսքային կենտրոնների ախտահարման հետևանքն է։ Բրոկայի կենտրոնը սահմանակից է և սերտ կապի մեջ է գտնվում շարժողական կեղևի այն բաժնի հետ, որը կառավարում է դեմքի մկանների, լեզվի, ծնոտների և կոկորդի աշխատանքը։

1874 թ. գերմանացի հետազոտող Կ. Վերնիկեն նկարագրեց աֆազիայի մեկ այլ տեսակ, որն արդեն պայմանավորված է գլխուղեղի կեղևի քունքային մասում տեղորոշված մի բաժնի ախտահարմամբ, որն անվանում են Վերնիկեի կենտրոն։ Այդ կենտրոնն ընկած է առաջնային լսողական բաժնի, այսպես կոչված՝ անկյունային գալարի միջև։ Հետագայում պարզվեց, որ Բրոկայի և Վերնիկեի կենտրոնները կապված են նյարդաթելերի մի խրձով, որն անվանում են աղեղանման ուղի։ Ինչպես Բրոկայի, այնպես էլ Վերնիկեի կենտրոնների ախտահարումը հանգեցնում են աֆազիայի, բայց դրանք խոսքի խանգարման տարբեր տեսակներ են։ Բրոկայի աֆազիայի դեպքում մարդը դժվարանում է խոսել, առաջ են գալիս արտասանության սխալներ, խոսքի ընթացքը դանդաղում է։ Տրված հարցերին հիվանդը իմաստալից պատասխաններ է տալիս, բայց այդ պատասխանները հազվադեպ են տրվում քերականորեն ճիշտ կառուցված նախադասությունների ձևով։ Լուրջ դժվարություններ են առաջ գալիս բայերը խոնարհելիս, կապող բառերն օգտագործելիս և քերականական բարդ կառուցվածքներ ստեղծելիս։ Խոսքը հեռագրական ոճ է ստանում, որը դրսևորվում է և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքում։

Վերնիկեի աֆազիայի դեպքում հակառակ պատկերն է դիտվում. հնչյունական և նույնիսկ քերականական տեսակետից խոսքը նորմալ է, բայց ունի իմաստային խանգարումներ։ Բառակապակցությունները հեշտությամբ են ստեղծվում և ունենում են ճիշտ վերջավորություններ, նախադասությունները ձևականորեն ճիշտ են, բայց նրանցում հանդիպում են անիմաստ վանկեր ու բառեր, իսկ շատ բառեր էլ՝ տեղին չեն օգտագործվում։ Երբեմն ստեղծվում են ձևականորեն ճիշտ, բայց անիմաստ նախադասություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Henseler I, Regenbrecht F, Obrig H (March 2014). «Lesion correlates of patholinguistic profiles in chronic aphasia: comparisons of syndrome-, modality- and symptom-level assessment». Brain. 137 (Pt 3): 918–930. doi:10.1093/brain/awt374. PMID 24525451.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆազիա» հոդվածին։