Աքվինկում
Աքվինկում (լատիներեն՝ Aquincum) քաղաքը Հռոմեական կայսրության մի բնակավայր էր այսօրվա Բուդապեշտի տարածքում: Այն եղել է Հռոմեական կայսրության Ներքին Պաննոնիա նահանգի կենտրոնը: Աքվինկումը Հռոմեական կայսրության կարևորագայն քաղաքներից մեկն էր Ք.հ. 1-ին դարից մինչև 5-րդ: Ռազմական նշանակություն ուներ իր աշխարհագրական դիրքի հետևանքով, մաս կազմելով հռոմեական Լիմեսի:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Աքվինկումի վայրում հռոմեացիներից առաջ ապրել են կելտեր, որոնք հիմնադրել են Ակ-ինկ բնակավայրը: Տարածքը հարուստ էր աղբյուրներով, որոնք արդեն կելտերն օգտագործել են որպես բաղնիք: Հռոմեացիները Ք.ա. 1-ին դարի վերջերին նվաճել են Ակ-ինկի շրջանը և հիմնել զինվորական ճամբարներ: Աքվինկումի բերդերը, ճամբարները, զինվորական և քաղաքացիական ավանները կառուցվել են Դոմիցիանոս, Տրայանոս, Կոմմոդոս, Կարակալլա և Գալլիենոս հռոմեական կայսրերի կողմից: Քաղաքի ձևավորմանը նպաստել են նաև Հադրիանոս, Սեպտիմիոս Սեվերոս և Կոստանդիանոս Ա կայսրերի ձեռնարկած միջոցները: 4-րդ դարի կեսերից, բարբարոսների հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչությունը աստիճանաբար հեռացավ քաղաքից: 433 թվականին քաղաքը հանձնվել է հոներին:
Մշակույթ [խմբագրել]
Աքվինկումը 3-րդ դարում, իր ծաղկման ժամանակ, 60.000 բնակիչ ուներ: Բնակչությունը բաղկացած էր զինվորներից, վարչական աշխատողներից, առևտրականներից և արհեստավորներից: Քաղաքացիական թաղամասը շրջապատվում էր խոշոր պարսպով: Գլխավոր պողոտաների խաչմերուկում գտնվում էր ֆորումը, որի մոտակայքում կառուցվել է Կապիտոլիումի Եռյակին (Յուպիտեր, Յունոնա, Միներվա) նվիրված տաճարը: Ֆորումի դիմաց էր Հասարակական բաղնիքը, բայց բոլոր թաղերն էլ ունեին իրենց բաղնիքները: Բնակելի շենքերը միացված էին ջրամատակարարման համակարգին, կեղտաջուրը տարվում էր հատուկ ջրանցքներով: Հարուստ քաղաքացիների շենքերում կար նաև ջեռուցման համակարգ: Պատերը զարդարված էին որմնանկարներով, որոնք պատրաստվել են Հռոմից եկած վարպետների կողմից: Բացի բաղնիքներից, տաճարներից և վարչության շենքերից, քաղաքում մեծ դեր են խաղացել նաև ամֆիթատրոնները, շուկաները, խանութները և դրամի փոխանակման կետերը: Երաժշտական կյանքի մասին վկայում է հրշեջների կացարանում հայտնավերված ջրային երգեհոնը: 4-րդ դարում կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ:
Աքվինկումի կառույցները հետագայում [խմբագրել]
5-9-րդ դարերում հոները, լանգոբարդները և ավարները բնակվել են Աքվինկումի տարածքում: 9-րդ դարից հունգարացիներ էին ապրում այդտեղ, և շենքերի պատերը ծառայել են որպես նոր շենքերի հիմք միջնադարյան հունգարական քաղաքում, մինչև թուրքերի ներխուժումը: Քաղաքացիական թաղամասի ավերակները հայտնաբերվել և պեղվել են 19-րդ դարի վերջում: 1945 թվականից հետո սովետական իշխանության կողմից հուշարձանների մեծ մասը քանդվել է նոր թաղամաս («Չերեմուշկա») կառուցելու ընթացքում: Հնագետները հնարավորություն չունեին նորահայտ շենքերը բավականաչափ ուսումնասիրելու: Աքվինկում քաղաքի տարածքում գտնվում է հիմա Օբուդայի խրուշչովյան ոճով զանգվածը, իսկ հռոմեական քաղաքի կենտրոնի մի մասը կարող է դիտվել «Աքվինկում» բացօթյա թանգարանում: