Արևմտահայերենի հնչյունական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է արևելահայերենից։ Գրության մեջ պահելով ավանդական համակարգը՝ արևմտահայերենը տարբերություն չի ներկայացնում արևելահայերենից և պահպանում է բոլոր գրանիշերը։ Սակայն արտասանության մեջ կան մի շարք տարբերություններ։

Պայթական բաղաձայնների եռաստիճան համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթական բաղաձայնների գրաբարյան եռաստիճան համակարգը գրական արևմտահայերենում վերածվել է երկաստիճան խլազուրկ համակարգի։

Բացի այդ՝ տեղի է ունեցել հնչյունափոխական մի շարք երևույթներ, որոնք Հրաչյա Աճառյանը անվանել է տեղաշարժ-տեղափոխություն։ Ըստ այդ համալիր հնչյունափոխության՝ բոլոր խուլ պայթականները դարձել են ձայնեղներ, իսկ ձայնեղ պայթականները՝ շնչեղ խուլեր։


բ - պ - փ
գ - կ - ք
դ - տ - թ
ձ - ծ - ց
ջ - ճ - չ

Սրանից հետևում է, որ առաջին շարքի տառերը արտասանվում են երրորդի նման, իսկ երկրորդ շարքի տառերը առաջինի նման՝ բերան-փերան, գերան-քերան, դանակ-թանագ, ձայն-ցայն, ջուր-չուր, պապիկ-բաբիգ, կատու-գադու, տուն-դուն, ծաղիկ-ձաղիկ, ճանճ-ջանջ։

Սակայն վերը նշված տեղաշարժ-տեղափոխություն կանոնը ոչ միշտ է գործում. այստեղ դեր են խաղում մի շարք հանգամանքներ՝ խոսողի բարբառային պատկանելիությունը, սփյուռքի տվյալ գաղթօջախում գերակշիռ լեզվի ազդեցությունը, ինչպես նաև զուտ լեզվական երևույթներ՝ կախված բառի մեջ հնչյունի ունեցած դիրքից[1]։

Կարծիք կա, որ ժամանակի ընթացքում գերակշիռ (դոմինանտ) լեզուների ազդեցությամբ վերականգնվել է արևմտահայերենի պայթականների եռաստիճան համակարգը[2]։

Ռ-Ր հնչյունների արտասանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական արևմտահայերենում վերատամնայնություն-ոչ վերատամնայնություն հակադրությունը, արևելահայերենի համեմատությամբ թույլ է արտահայտված։ Նշված հակադրության թուլացման հետևանքով արևմտահայերենում ր-ռ հնչույթների տարբերակումը հաճախ չի հստակվում և տեղիք է տալիս ուղղագրական սխալների[3]։

Արևմտահայերենում մի շարք բառերի մեջ ռ-ր շփոթումն է և զուգաձև գրությունը՝ ձառ-ձար, րաբբի-ռաբբի, րեժիմ-ռեժիմ, ռոք-րոք, ռուբլի-րուբլի։ Այս նույն պատճառով այսօր արևմտահայության մեջ շրջանառվում են Րաֆֆի և Ռաֆֆի անձնանունները, որոնք միանման են արտասանությամբ։ Այս երևույթի առաջացման գլխավոր պատճառը արևմտահայերենի գործածման տիրույթի շրջակա լեզուներում ռ-ր հակադրության բացակայությունն է, որի հետևանքով բանավոր տարբերակում բացակայում է ռ հնչույթը[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Կ. Սաքապետոյան (2006). Արևմտահայերենի դասագիրք. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 10.
  2. Տ՛ես Ա. Սարգսյան (1985). Արևելահայ և արևմտահայ գրական լեզուները. Երևան. էջ 26-27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Ա. Սարգսյան (1985). Արևելահայ և արևմտահայ գրական լեզուները. Երևան. էջ 25.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ռ. Կ. Սաքապետոյան (2006). Արևմտահայերենի դասագիրք. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 13.