Արևելյան ուղղափառ եկեղեցիներ
Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներ կամ Արևելյան հնագույն եկեղեցիներ, քրիստոնյա Արևելքում կազմավորված ազգային եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներն իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել առաջին երեք տիեզերական ժողովներում։
Ընդունելով միայն երեք տիեզերական ժողովների դավանանքային վճիռները՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ․ Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստոնեական կրոնի և հավատի հիմնական սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Սուրբ Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները։ Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբանական ավանդությանը հակասող։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, դավանելով միաբնակությունը (միաֆիզիտիզմ), մերժում են եվտիքեսությունը (մոնոֆիզիտիզմ) նեստորական և քաղկեդոնական երկաբնակությունը (դիոֆիզիտիզմ), կանգնել են դավանական այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզերական ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներն են՝ Հայ Առաքելական Եկեղեցին, Ղպտի ուղղափառ եկեղեցին, սրանից առանձնացած Եթովպական ուղղափառ եկեղեցին, Ասորի ուղղափառ եկեղեցին՝ Անտիոքի պատրիարքությամբ (Հակոբիկյան եկեղեցի) և Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |