Արևելյան լեգեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական լեգեոնը:

Հայկական լեգեոնը, որ հիմնվել էր ըստ Ֆրանս-Հայկական համաձայնագրի, հայկական լեգեոն էր Ֆրանսիական բանակում:

Պատմություն [խմբագրել]

Կազմավորվել է 1916-ին Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայանգրի հիման վրա: Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում , որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերամից հետո ինքնավարություն տալ: 1916-ի նոյեմբերին Ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները , հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն: Կամավորագրությունը սկսվեց նոյեմբերի կեսերից Եգիպտոսում: Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը , որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները` հիմնականում ամերիկահայերից: Արևելյան լեգեոնը մարտական առաջին մկրտությունը ստացավ 1918 թ-ի սեպտեմբերի 18-ին Պաղեստինում (Արարայի ճակատամարտ), այնուհետև, անգլո-ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին: 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լեգեոնը, որն արդեն Հայկական էր անվանվել, մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը: Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի , իսկ 1920-ի օգոստոսին` վերջնական լուծարման: