Արևելապոնտական լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելապոնտական լեռներ, լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավ-արևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 400 Կմ է, լայնությունը՝ մինչև 100 Կմ, բարձրությունը՝ մինչև 3937 մ (Քաջքար լեռ

Կազմված է կավճի և երրորդականի բյուրեղային, մետամորֆային և նստվածքա-հրաբխածին ապարներից (կրաքարեր, տուֆոգեններ և գրանիտներ)։ Հարուստ է բազմամետաղային հանքավայրերով, հատկապես արծաթով (Գյումուշխանե)։ Լեռնաշղթաների (Գիրեսուն, Զիգանա, Քաջքար, Լազիստանի, Ալպեր) միջին բարձրությունը գերազանցում է 3000 մ-ից, իսկ առանձին գագաթներ ծածկված են հավերժական ձյունով։ Կան անթրոպոգենի սառցապատումների հետքեր։ Հարմար և անցանելի է միայն Զիգանայի լեռնանցքը։

Արևելապոնտական լեռները մասնատված են Խարշատ, Դագիրման և այլ գետերի հովիտներով։ Հյուսիսահայաց լանջերին (տեղումները 3000 մմ) տարածված են մերձարևադարձային սաղարթավոր (մինչև 400 մ), խառը (400-1250 մ) և փշատերև (մինչև 1900 մ) անտառներ, հարավահայաց չորային լանջերին՝ միջերկրածովային չորասեր անտառներ ու թփուտներ (կան նաև Հայկական բարձրավանդակին հատուկ չորասեր տեսակներ), 2000 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png