Արևաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևաբուժություն, հելիոթերապիա, արևի ճառագայթների օգտագործումը լոգանքների ձևով, հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։ Արևի ճառագայթների ազդեցությունը օրգանիզմի վրա գիտականորեն սկսել են ուսումնասիրել 1799 թվականից։

Արևաբուժության առաջին ինստիտուտը հիմնադրվել է Ավստրիայում (1855)։ Արևի սպեկտրը պարունակում է տեսանելի և ոչ տեսանելի (ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն) ճառագայթներ։ Տեսանելի ճառագայթների ազդեցությունը տեղային է, առաջացնում է ջերմային էրիթեմա, երբեմն՝ մարմնի ընդհանուր ջերմության բարձրացումով։ Ոչ տեսանելի ճառագայթներն օժտված են կենսաբանական մեծ ակտիվությամբ, նրանց ազդեցությունից մաշկային ծածկույթների բջջանյութում առաջանում են քիմիական տեղաշարժեր, որի հետևանքով արյան մեջ են անցնում սպիտակուցների քայքայման ակտիվ նյութեր։ Լոգանքների ժամանակ օրգանիզմը ենթարկվում է ոչ միայն ճառագայթների, այլև շարժվող օդի ազդեցությանը։ Արևաբուժությունը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը և դիմադրողականությունը (ավշահանգույցների, մաշկի, ոսկրահոդային տուբերկուլոզի ժամանակ), կարգավորում կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը, խթանում ոսկրագոյացման պրոցեսը (ռախիտի դեպքում)։ Արևաբուժության չարաշահումը կարող է պատճառ դառնալ արևային այրվածքների, նյարդային և սիրտ-անոթային համակարգի գործունեության խանգարումների և քրոնիկական բորբոքային պրոցեսների սրացման։ Հակացուցումները․ թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևեր, անոթների (հատկապես՝ ուղեղի) սկլերոզ, սիրտ-անոթային անբավարարություն, հիպերտոնիկ հիվանդություն, արյունահոսային նախատրամադրվածություն և հյուծվածություն։ Արևաբուժությունը լայնորեն կիրառվում է առողջարաններում և մանկական ճամբարներում, որտեղ արևի լոգանքներ ընդունելու համար պատրաստում են հատուկ հրապարակներ՝ սոլյարիաներ։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png