Արցախյան պատերազմի ժամանակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


  • Հունվար 6 1992 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության հռչակագիրը
  • Հունվար 21-22 1992 - հայկական զինված խմբավորումները գրավեցին Քյարքիդջահան գյուղը՝ Ստեփանակերտի մոտ
  • Փետրվար 25-26 1992 - հայկական կամավորական ջոկատները ազատագրեցին Խոջալուն։ Այս գործողության ընթացքում մեծաթիվ զոհեր եղան ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում, ըստ Ադրբեջանական պաշտոնական տվյալների հայկական ռազմական խմբավորումների կողմից դաժանաբար սպանվել է 613 մարդ այդ թվում մեծ քանակությամբ կանայք և երեխաներ (տվյալները ճշտված չեն)
  • Ապրիլ 10 1992 - ադրբեջանական զինված խմբավորումները գրավեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը։ 45 գյուղացիներ դաժանաբար սպանվեցին, ևս 50-ը գերեվարվեցին, այդ թվում կանայք և երեխաներ (տվյալները հաստատվել են «Helsinki Watch» Միջազգային իրավապաշտպան կազմակերպության և բարոնուհի Կերոլաին Կոկսի կողմից)
  • Մայիս 8 1992 - հայկական զինված խմբավորումները գրավեցին Շուշի քաղաքը, ըստ որոշ տվյալների քաղաքը պաշտպանող ադրբեջանցիների շարքերում էր նաև Շամիլ Բասաևը
  • Մայիս 18 1992 - հայկական զինված խմբավորումները գրավեցին Լաչին քաղաքը՝ ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
  • Հունիս 12 1992 - ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձական շնորհիվ Շահումյանի շրջանը անցավ վերջիններիս ենթակայության տակ
  • Հուլիս 1992 - ադրբեջանական բանակը գրավեց Մարտակերտ քաղաքը, սեպտեմբեր 1992 Լաչինի միջանցքի ճակատամարտը
  • Մարտ 1993 - դեպի Քելբաջար/Քարավաճառ/ հայկական զինված խմբավորումների հարձակման սկիզբը
  • Ապրիլ 5 1993 - հայկական զինված խմբավորումների դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցավ Մուրավդագի/Մռավի/ լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գյանջային/Գանձակ/ միացնող խաչմերուկը
  • Հունիս 27 1993 - հայկական զինված խմբավորումները գրավեցին Մարտակերտ քաղաքը
  • Հուլիս 23 1993 - հայկական զինված խմբավորումները 40 օրյա համառ մարտերց հետո գրավեցին Աղդամ քաղաքը
  • Օգոստոս 22 1993 - հայկական զինված խմբավորումները գրավեցին Ֆիզուլի քաղաքը
  • Օգոստոս 23-25 1993 - հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը
  • Օգոստոս 31 1993 - հայկական բանակը գրավեց Կուբատլու քաղաքը
  • Հոկտեմբեր 23-24 1993 - հայկական բանակը հակահարձակման անցավ ռազմաճակատի հարավային ուղղությամբ։ Գրավեց կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ առավ ադրբեջանական բանակի Զանգելանյան/ և Կուբատլունյան/Կովսական/ զորամասերը
  • Հոկտեմբեր 28 1993 - հայկական բանակը տանկային գումարտակի /25 տանկ/ աջակցությամբ գրավեցին Մինջիվանի/Միջնավան/ կայարանը
  • Նոյեմբեր 1 1993 - հայկական բանակը գրավեց շրջկենտրոն Զանգելանը՝ իրեն հարող բնակավայրերով։ Ադրբեջանական բանակի Զանգելանյան գունդը Արաքսի վրայով նահանջեց Իրան
  • Հունվար 1994 - ադրբեջանական բանակը անցավ հակահարձակման և գրավեց Հորադիզ քաղաքը
  • Հունվար 20 1994 - ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքեցին Քելբաջարի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավեցին Քելբաջարի շրջանի 14 բնակավայր, դուրս գալով Մարտակերտ-Քելբաջար ավտոմայրուղի
  • Փետրվար 12-18 1994 - ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարում լեռնանցքում հաստատվեց հայերի լիակատար վերահսկողությունը։ Այսպիսով Քելբաջարի ողջ շրջանը ազատագրվեց հայերի կողմից։ Այս մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրեց մոտ 4000 զինվոր
  • Ապրիլ 10 1994 - հայկական բանակը սկսեց «Տեր-Տեր» օպերացիան։ Հարձակման հիմնական ուղղության վրա, հրթիռային և փողային հրետանու աջակցությամբ ճակատամարտի դուրս ելան Ստեփանակերտի գնդի և «Արցախի Պաշտպանության բանակի» շուրջ 1 500 մարտիկներ, 30 միավոր զրահամեքենա, 17 տանկ։ Ադրբեջանական բանակը, գեներալ Էլբրուս Օրուջաևի գլխավորությամբ, օգտագործելով Տեր-տեր քաղաքի ամրությունները՝ համառ դիմադրություն ցույց տվեց
  • Ապրիլ 16 - Մայիս 6 1994 - հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ, ճակատամարտի նետելով 5-րդ մոտոհրաձգային բրիգադը և «Տիգրան Մեծ» առանձին մոտոհրաձգային գումարտակը՝ ստիպեց ադրբեջանցիներին նահանջել։ Հայկական բանակը գրավեց Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ Երկու կողմերն էլ ունեցան ծանր կորուստներ, միայն մեկ շաբաթվա ընթացքում /14-21 ապրիլի/ ադրբեջանական բանակի կորուստները կազմեցին 2000 զիվոր /600 սպանված/ հայկական բանակին անցան ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում 8 տանկ, 5 ՀՄՄ/Հետևակի Մարտական Մեքենա/ և 15 զրահամեքենա։
  • Մայիս 5 1994 - Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը կնքեցին հրադադարի համաձայնագիր։

Հայ-Ադրբեջանական հակամարտության արդյունքը հայկական կողմի լիակատար հաղթանակն էր։ Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը, ռեսուրսներով անհամեմատ հարուստ Ադրբեջանը պարտություն կրեց։

Կորուստները երկու երկրեների համար էլ աղետալի էին։ Հայկական կողմի ռազմական կորուստները կազմեցին շուրջ 5 865 մարդ սպանված, այդ թվում 3 291-ը Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության քաղաքացիներ, մնացածը՝ 2 574 ՀՀ քաղաքացիներ և հայկական սփյուռքի կամավորներ։

Պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների և հրետակոծությունների ժամանակ, զոհվեցին 1 264 ԼՂՀ խաղաղ բնակիչներ, այդ թվում 500 կին և երեխա։ Անհայտ կորան 596 մարդ /179 կին և երեխաներ/։ 1988թ-1994թ Ադրբեջանում և ԼՂՀ-ում սպանվեցին շուրջ 2.000 խաղաղ հայ բնակիչներ։ Ադրբեջանական կողմի կորուստները կազմեցին շուրջ 25.000 մարդ, այդ թվում ադրբեջանական կանոնավոր բանակի զինվորներ, ներքին զորքերի զինծառայողներ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարտիկներ, գրոհայիններ տարբեր զինված խմբավորումներից և բազմաթիվ այլազգի վարձկաններ։

Հայկական կողմը շարքից հանել է մոտ 500 միավոր զրահատեխնիկա /Ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի պարկի, մոտ 31%-ը/, այդ թվում 186 տանկ /49%/, 20 ինքնաթիռ /37%/, 20 ռազմական ուղղաթիռ /54%/։ Ոչնչացված տեխնիկայի զգալի մասը, և Ադրբեջանական, և հայկական, պատերազմի ավարտից հետո վերանորոգվել և շարք է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից։

Պատերազմի մասշտաբների և դաժանության մասին են խոսում նաև հետևյալ փաստերը՝ 1991թ նոյեմբերի 21-ից մինչ 1994թ միայն Ստեփանակերտի վրա /բնակչությունը 1991թ 54.000/ Ադրբեջանական բանակի կողմից արձակվել է ավելի քան 21.000 «Град» տիպի հրթիռային արկեր, 2700 «Алазань» հրթիռ, 2000-ից ավելի հրետանային արկեր, 180 գնդիկային ռումբ, 150 կեստոննայանոց ավիառումբ/այդ թվում 8 վակումային/։ ԼՂՀ տարածքում միայն ադրբեջանական բանակի կողմից տեղադրվել է 100.000 հակատանկային և ավելի շատ հակահետևակային ականներ։

Ռազմական դիմակայության արդյունքում Հայկական կողմի վերահսկողության տակ անցան նախկին ԼՂԻՄ-ը և ԱՍՍՀ 7 շրջաններից 5-ը ամբողջությամբ և 2-ը մասնակի/ Քելբաջարի, Լաչինի, Աղդամի, Զանգելանի, Կուբատլուի շրջանները ամբողջությամբ և Աղդամի ու Ֆիզուլիի շրջանները մասնակի( 7060 քմ մակերեսով), որոնք պատմական Հայաստանի մի մասն են եղել։ Ադրբեջանի ռազմական խմբավորումների վերահսկողության տակ մնաց 750 քմ ԼՂՀ տարածքից, որից 630 քմ ՝ Շահումյանի շրջանից, բացի սրանից ադրբեջանցիների վերահսկողության տակ է նաև ՀՀ տարածքի Արծվաշեն գյուղը, իրեն հարող տարածքներով։

Փախստական դարձավ 390.000 հայ /360.000 Ադրբեջանից և 30.000 ԼՂՀ-ից/, բացի սրանից Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքով հայրենիքը լքեցին շուրջ 1մլն հայ։ Փախստական դարձան 375.000 ադրբեջանցիներ/42.000 ԼՂՀ-ից և 175.000 ՀՀ-ից։ Պատերազմի հետևանքով փախստական դարձավ 592.000 մարդ։

ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը կարողացան մեկնումից առաջ փոխանակել կամ վաճառել իրենց բնակարանները, մինչդեռ Ադրբեջանից փախչող հայերը, լավագույն դեպքում ողջ մնացին։

Արտաքին հղումներ[խմբագրել]