Արտուշ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուշ Հարությունյան
հունիսի 8, 1942(1942-06-08) - դեկտեմբերի 4, 2012(2012-12-04) (70 տարեկան)
ԾննդավայրԴուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵրևան
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ և Արցախյան ազատամարտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Order of the Star Մարտական ծառայության մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից և «Մարտիկ-ինտերնացիոնալիստին» կրծքանշան

Արտուշ Թադևոսի Հարությունյան (հունիսի 8, 1942(1942-06-08), Դուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2012(2012-12-04), Երևան, Հայաստան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1989)։ Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտուշ Թադևոսի Հարությունյանը ծնվել 1942 թվականի հունիսի 8-ին, Հայկական ԽՍՀ-ի Ախուրյանի շրջանի Գետք գյուղում, գյուղացու ընտանիքում[1]։ Հարությունյանը սովորել է Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղի միջնակարգ դպրոցում, 10-րդ դասարանն ավարտել է ք. Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում։ 1960 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը աշխատել է որպես խառատ Երևանի կոմպրեսորային գործարանում (1960-1961 թթ.)[2]:

1961 թ-ին ընդունվել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո՝ 1965 թ.-ին ուղարկվել է Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տրամադրության տակ։ 1965 թ. սեպտեմբերից մինչև 1966 թ. հունվար՝ 78-րդ տանկային դիվիզիայի 374-րդ մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային դասակի հրամանատար։ 1966 թ. հունվարից մինչև 1968 թ. նոյեմբեր՝ 80-րդ ուսումնական գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 372-րդ ուսումնական գվարդիական գնդի ուսումնական դասակի հրամանատար, իսկ 1968 թ. նոյեմբերիից՝ նույն դիվիզիայի ուսումնական վաշտի հրամանատար։

1970 թ. հունիսից՝ Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի կուրսանտների վաշտի հրամանատար։ 1973 թ. հուլիսին նշանակվում է Միջինասիական զինվորական օկրուգի 17-րդ բանակային կորպուսի 860-րդ առանձին Պսկովյան մոտոհրաձգային գնդի 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար (ք. Օշ, Կիրգիզական ԽՍՀ)։ 1974 թ. հունիսին ընդունվել է Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի հեռակա բաժինը, որն ավարտել է 1978 թ.։

Մասնակցությունը Աֆղանական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխգնդապետ Ա.Թ. Հարությունյանը ղեկավարում է Սանգիդուզդանի մարտական գործողությունը։ Բադախշանի նահանգ, Աֆղանիստան, հունիս 1980 թ.

1977 թ. հունվարին նշանակվել է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ։ Գունդը 1979 թ. դեկտեմբերին մտել է Աֆղանստան և տեղակայվել է Բադախշանի շրջանում։ 1979 թ. դեկտեմբերին Ա. Հարությունյանին շնորհվել է փոխգնդապետի զինվորական կոչում։ 1980 թ. փետրվարից՝ 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, իսկ 1980 թ. դեկտեմբերից մինչև 1982 թ նոյեմբեր՝ նույն գնդի հրամանատար։ 1982 թ. Ա. Հարությունյանին վաղաժամ շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։

860-րդ առանձին Պսկովյան մոտոհրաձգային գնդի հրամանատար փոխգնդապետ Ա.Թ. Հարությունյան։ Ֆայզաբադ, Աֆղանիստան 1981 թ.

Պարտականությունների պատշաճ կատարման՝ գնդի հաջող մուտքը Աֆղանստան, և Աֆղանստանում մարտական ծառայությունները կատարելու համար Ա. Հարությունյանը պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Լենինի», «Կարմիր դրոշի» շքանշաններով և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշանով։ 1982 թ. դեկտեմբերից մինչև 1983 թ. մայիս՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 10-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 28-րդ գվարդիական գնդի հրամանատար (ք. Վալե, Վրաստանի ԽՍՀ)։ 1983 թ. մայիսից մինչև 1986 թ. մարտ՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 147-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Ախալքալաք, Վրացական ԽՍՀ)։ 1986-1991 թթ. Հայկական ԽՍՀ զինվորական կոմիսար։ 1989 թ-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ Ա. Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչումը։

Մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-մայոր Ա.Թ. Հարությունյան, գեներալ-մայոր Ս.Վ. Միրզոյան և գեներալ-գնդապետ Գ.Հ. Դալիբալթայան։ Մայիսի 28, Սարդարապատ

1991 թ. դեկտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարարի առաջին տեղակալ։

1992-1993 թթ. գեներալ - մայոր Ա. Հարությունյանը ղեկավարել է հայկական զորքերը Մարտակերտի, Հադրութի և Հարավ-Արևելյան (Լաչինի միջանցք և Գորիսի շրջան) օպերատիվ ուղղություններով։ Արցախի պաշտպանության ժամանակ մարտական առաքելությունների հաջող կատարման և դրսևորած քաջության համար գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, ինչպես նաև այլ պետական և գերատեսչական մեդալներով։

Հարավ-արևելյան ուղղությամբ պաշտպանությունը հաջողությամբ կազմակերպելու համար գեներալ-մայոր Ա. Հարությունյանին շնորհվել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը։ 1993 թ. սեպտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել Գլխավոր Շտաբի Գլխավոր կազմակերպչական և զորահավաքային վարչության պետ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետի տեղակալ։ 1996 թ. գեներալ-մայոր Ա. Հարությունյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար։ Այդ պաշտոնում ծառայել է մինչև 2007 թ.։ 2007-2012 թթ. գեներալ-մայոր Ա.Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին կից Բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ։ Մահացել է 2012 թ. դեկտեմբեր 4-ին Երևանում։ Նա թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով։

  • Խորհրդային Միության «Լենինի» շքանշան
  • Խորհրդային Միության «Կարմիր դրոշի» շքանշան
  • Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշան
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշան
  • Տարբեր երկրների 23 պետական մեդալներ

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հայրենի Գետք գյուղի միջնակարգ դպրոցը կրում է նրա անունը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]