Արոսենի մշակովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արոսենի կուլտուրականից)
Արոսենի կուլտուրական
Արոսենի կուլտուրական
Արոսենի կուլտուրական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսենի կուլտուրական (S. domestica)
Միջազգային անվանում
Sorbus domestica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արոսենի կուլտուրական (Sorbus domestica), Վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառատեսակ։

Բարձրությունը 10-12, երբեմն մինչև 20 մետր, լայն բրգաձև կամ գնդաձև սաղարթով։ Բնի տրամագիծը հասնում է 0,8 - 1,3 մետրի։ Կեղևը թեփուկապատ է, անհարթ, մոխրագույն, ճաքճքված։ Երիտասարդ ընձյուղների կեղևը ձիթամոխրավում է կամ կարկրագորշավուն։ Տերևները բարդ են, կենտ փետրաձև, 15-18 սմ երկարությամբ, կազմված 13-21 նշտարաձև տերևներից, սուր սղոցաեզր, սրածայր։ Ծաղիկները սպիտակ են, հավաքված բրգաձև ծաղկափթթություններում։ Պտուղները տանձաձև են (երբեմն՝ գնդաձև), 2,5-3 սմ երկարությամբ և 1,2-3,5սմ լայնությամբ, կարմիր կամ նարնջագույն, երբեմն՝ դեղնականաչավուն։ Բավականին համեղ են, քաղցր։ Պտղամիսը մեծ քանակությամբ քարային բջիջներ է պարունակում։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածված է Ղրիմում, Արևմտյան Եվրոպայի հարավում, Միջերկրածովային շրջանում, լեռնային տերևաթափ անտառներում։

Պտղաբերում է 8-10 տարեկանից։ Պտուղները պարունակում են 11,4% զանազան շաքարներ, 0,65-0,75% օրգանական թթուներ։ Մեկ ծառը կարող է տալ 200-600 կգ բերք։ Պտուղները օգտագործվում են թարմ վիճակում, հատկապես լրիվ հասունանալուց հետո։ Պահում են սառեցված վիճակում, որից հետո համային լավ հատկություններ են ձեռք բերում։ Դրանցից պատրաստում են կոմպոտներ, պովիդլո, կվաս, պաստիլներ, լիկյորներ։ Լավ դեղամիջոց է համարվում ստամոքսային հիվանդությունները բուժելու համար։

Ցրտադիմացկուն է և երաշտադիմացկուն[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան (1983). Քո շրջապատի ծառերը. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 26.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի մշակովի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի մշակովի» հոդվածին։