Արոսենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոսենի
Արոսենի
Արոսենու պտուղները
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ենթաընտանիք Խնձորայիններ
Ցեղ Արոսենի
Լատիներեն անվանում
Sorbus
L., 1753
Հայերեն տարանուններ

Սնձնի, սրահացի, սին

Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 25318
NCBI 23222

IPNI34042

Արոսենի (լատ.՝ Sorbus), սնձնի, սրահացի, սին, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ արոսենի ծտիխնձոր (S. aucuparia), արոսենի Թախտաջյանի (S. takhtadzianii), արոսենի հունական (S. graeca) կամ արոսենի ասպաբ, արոսենի երկակի (S. dualis), արոսենի Կուզնեցովի (S. kuznetzowii), արոսենի Թամամշյանի (S. tamamschianae), արոսենի հայկական (S. armeniaca), արոսենի մշակովի (S. domestica) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել]

Ծառերի բարձր, մինչև 15 մ է։ Տերևները հերթադիր են, կենտփետրաձևից մինչև բլթակավոր և ամբողջական, ատամնակամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները հատապտղանման խնձորիկներ են՝ կլոր, օվալ, հազվադեպ՝ տանձաձև, կարմիր, դեղին, նարնջագույն, դարչնագույն, թավոտ կամ մերկ, թթու-դառնավուն կամ քաղցր։ Սերմերը հաճախ եռակող են, երկարավուն, օվալաձև կամ հակադիր ձվաձև։

Կիրառական նշանակություն[խմբագրել]

Պարունակում են շաքարներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), օրգանական թթուներ, եթերայուղեր, աղաղանյութեր, միկրոտարրեր և այլն։ Պտուղներն օգտագործում են սննդի (թարմ և վերամշակված՝ թուրմ, մուրաբա, օղի, լիկյոր և այլն) և բժշկության մեջ։ Դրանցով սնվում են թռչուևները և այլ անտառային կենդանիներ։ Սերմերը պարունակում են ճարպեր։ Փայտանյութն օգտագործվում է կահույք և երաժշտ. գործիքներ պատրաստելու համար։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի վերին անտառային և ենթալպյան գոտիներում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, կիրճերում, թփուտներում, կաղնու նոսրանտառներում (1000 - 2500 մ բարձրություններում)։

Արոսենի հայաստանյանը (S. hajastana) Հայաստանի շատ հազվադեպ էնդեմիկ է, հանդիպում է միայն Սևանի ավազանում և Արայի լճի վրա։ Աճում է ժայռերի զառիկող լանջերին, մնացորդային անտառներում, անտառների վերին սահմանի և ենթալպյան գոտու բարձրախոտերում (1600 - 2400 մ բարձրություններում)։ Արոսենի լուրիստանյանը (S. luristanica) հանդիպում է Սևանի հարավարևելյան ափին, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է կաղնու անտառներում, ժայռոտ լանջերին, անտառեզրերին և բացատներում (1600 - 2400 մ բարձրություններում)։ Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png