Արշակ Տեր-Ղուկասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Տեր-Ղուկասով
Արզաս Արտեմի Տերղուկասով
Արշակ Տեր-ՂուկասովԱրզաս Արտեմի Տերղուկասով
ռուսական բանակի հայազգի զորավար
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս
 
Ծննդյան օր 1819 թ.
Ծննդավայր Ռուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունվարի 8, 1881 թ.
Վախճանի վայր Ռուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն

Արշակ Հարությունի Տեր-Ղուկասով (Արզաս Արտեմի Տերղուկասով) ( 1819, Թիֆլիս - հունվարի 8, 1881, Թիֆլիս), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ /1874/, գեներալ-համհարզ /1880/, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս։

Կրթություն[խմբագրել]

Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1839 թվականին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1842-50 թվականներին, որպես ճարտարագետ, աշխատել է Կովկասում՝ Ռազմավարական ճանապարհի շինարարությունում, ապա նշանակվել Կովկասի հաղորդակցության վարչության 2-րդ վարչության կառավարիչ։ 1850 թվականին անցել է զինվորական ծառայության։

Ռազմական կարիերան[խմբագրել]

1852 թվականից, որպես Ապշերոնյան գնդի 3-րդ գումարտակի հրամանատար (կոչումով՝ մայոր), մասնակցել է կովկասյան լեռնականների դեմ մղվող մարտերին (Դիլիմ և Բուրդալա աուլներ). ցուցաբերած անօրինակ խիզախության համար նշանակվել է նույն գնդի հրամանատար (1859)։ 1859 թվականի օգոստոսին Տեր-Ղուկասովի գլխավորած 1-ին և 4-րդ գումարտակները արյունահեղ մարտերից հետո գրավում են կովկասյան իմամ Շամիլի ապաստան Գունիբ ավանը, ինչի համար նա պարգևատրվում է Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ 1865 թվականին Տեր-Ղուկասովն արժանանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել 19-րդ հրետանային դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1868 թ նա ստանձնում է Թերեքի մարզի ղեկավարումը, իսկ 1869 թ մարտին նշանակվում 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Այս պաշտոնում էլ 1874 թ-ին արժանացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման։

Տեր-Ղուկասովի զորավարական տաղանդը ավելի ակնառու է դրսևորվել 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Նրա հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատը 1877թ ապրիլի 18-ին մտել է թուրքական զորքերից դատարկված Բայազետ։ Փոքրաքանակ պահակազոր թողնելով բերդում՝ Տեր-Ղուկասովը շարժվում է Էրզրումի ուղղությամբ, նույն ամսին գրավում Դիադինը և Ղարաքիլիսան, մայիսին՝ Ալաշկերտը (ամսի 28) և Զեդկանը։ Հունիսի 4-ին՝ Դրամդաղի և 9-ին՝ Դհարի ճակատամարտերում ջախջախել է Մուխտար փաշայի գլխավորած մեծաքանակ ուժերին։ Հունիսի 15-ին կովկասյան բանակային կորպուսի հրամանատար Միքայել Լորիս-Մելիքովից հրաման ստանալով՝ հմտորեն կազմակերպել է իր զորաջոկատի 8-օրյա նահանջը (շուրջ 200 վերստ) և մոտ 20, 000 հայ բնակիչների գաղթը Իգդիր։ Նահանջն իրագործելու համար պարգևատրվել է Սպիտակ արծիվ շքանշանով։ Գերմանացի ռազմագետները այդ նահանջը համեմատել են Քսենոփոնի նահանջի հետ։ Շուտով, Սամսոն Տեր-Պողոսյանից (Րաֆֆիի համանուն վեպի նախատիպ Խենթից) լուր ստանալով Իսմայիլ փաշայի 25-հազարանոց ուժերի կողմից Բայազետի բերդի պաշարման մասին, շտապում է բերդի կայազորին (մոտ 1600 հոգի, բերդի պարետ կապիտան Ֆ. Շտոկվիչ) օգնության։ Հենց այս ժամանակ նա արտասանում է իր նշանավոր կոչը.

Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում։ Գնանք նրանց հետ մեռնելու։

Հունիսի 28-ին Տեր-Ղուկասովի զինվորները ազատում են Բայազետի 27 օրվա պաշարվածներին։ Հոկտեմբերի 23-ին Տեր-Ղուկասովի և Վասիլի Հեյմանի գլխավորած ուժերը Դևեբոյնի ճակատամարտում գլխովին ջախջախում են Մուխտար փաշայի թվական առավելություն ունեցող ուժերին։ Բայազետի պաշարումը ճեղքելու համար 1878 թվականի հուլիսի 22-ին հայազգի գեներալը պարգևատրվում է Սբ. Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով։ 1878 թվականի հունվարին Տեր-Ղուկասովը նշանակվել է Ախալցխայի ուղղությամբ գործող ռուսական զորքերի հրամանատար, պատերազմի ավարտից հետո գլխավորել է Անդրկասպիական զորքերը, այնուհետև՝ Կովկասյան 2-րդ կորպուսը։

Մահը[խմբագրել]

1880 թվականին մեկնել է արտասահման՝ բուժվելու։ Սակայն լրիվ չապաքինված վերադարձել է Թիֆլիս և 1881 թվականի հունվարի 8-ին 62 տարեկան հասակում մահկանացուն կնքել քաղաքի «Լոնդոն» հյուրանոցում։ Թաղումը կատարվել է կառավարության ծախսերով, 1881 թվականի հունվարի 11-ին Թիֆլիսի հայկական Սբ. Գևորգ եկեղեցու բակում։ Զինվորական հանճարի դագաղը տանողների մեջ էր նաև Կովկասի փոխարքա, ցարի եղբայր, մեծ իշխան Միխաիլ Նիկոլայևիչը։ Գերեզմանին դրվել էր երկու պսակ՝ «Թիֆլիս քաղաքի կողմից» և «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից»։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Սալ-Ման, Ռուս-տաճկական պատերազմը 1877-78 թթ. և նրա հայազգի հերոսները, գիրք 3, Բայազետի հերոս գեներալ-լեյտենանտ Տեր-Ղուկասյան, Թիֆլիս, 1915 թ.։
  • Պարսամյան Վ., գեներալ-լեյտենանտ Ա. Հ. Տեր-Ղուկասով, Երևան, 1942 թ.։
  • Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ. էջ 650։
  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 263-264։
  • Кишмишев С. О., Война в Турецкой Армении 1877-1878гг., СПБ, 1884 г.

Արտաքին հղումներ[խմբագրել]