Արշակ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակ Պողոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Պողոսյան
ԾննդավայրՍեբաստիա, Սեբաստիայի նահանգ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՆաֆթլուղի զինվորական լազարեթ

Արշակ Պողոսյան (Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ - ?), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սեբաստիա նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում։ Ստացել է բժշկական կրթություն և աշխատել որպես բժիշկ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։

Սարիղամիշում ծառայելու ընթացքում մի թուրք զինվորից տեղեկացվելով, որ բանակում ծառայող բոլոր հայ զինվորականները գաղտնի հրամանով դատապարտվել են մահվան, ընկերոջ՝ բժիշկ Սարգիս Հովսեփյանի հետ փախել է զորամասից և գերի հանձնվել ռուսական կողմին։ Հաջորդ օրը ամենուր տարածվել են յուրաքանչյուր դասալիքի գլուխը 50000 ոսկի գնահատումով ազդագրեր։ Հետագայում համարվել են անհետ կորած։ Բժիշկները ռազմագերիների հետ տեղափոխվել են Թիֆլիս և բանտարկվել։ Եռամսյա բանտարկությունից հետո նրանց հարկադրական աշխատանքի են ուղարկել Նաֆթլուղի զինվորական լազարեթում։

1915 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ ազատվելով գերությունից՝ բժիշկները տեղափոխվել են Էջմիածին, որտեղ նրանք օգնություն են ցուցաբերել սովից ու հիվանդություններից տառապող ավելի քան 75000 գաղթականների։

1918 թվականի սեպտեմբերին Արշակ Պողոսյանը գտնվել է Բաքվում և թաքնվել հրեա բարեկամի տանը, ականատես եղել Բաքվի հայության կոտորածին։ Հետագայում բնակություն է հաստատել Փարիզում, ամուսնացել և դարձել անվանի բժիշկ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորլաքեան Միսաք, Օրերուս հետ, Պէյրութ, 2001։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ստեփանյան Հ., Սարգիս Հովսեփյան - 115, «Առողջապահության լրատու», Երևան, 2003։