Արշակ Չոպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արշակ Չոբանյանից)
Արշակ Չոպանյան
Չոպանյան.jpg
(գրող, գրականագետ)
ԱԱՀ՝ Արշակ Չոպանյան
Ծննդյան օր՝ հուլիսի 15, 1872
Ծննդավայր՝ Կ. Պոլիս (Թուրքիա)
Վախճանի օր՝ հունիսի 8, 1954
Վախճանի վայր՝ Փարիզ, (Ֆրանսիա)

Արշակ Հովհաննեսի Չոպանյան (1872- 1954), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է:

Կենսագրություն [խմբագրել]

Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895-ին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը: Մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում։

Ստեղծագործական աշխատանք [խմբագրել]

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ:

Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը: Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ: Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902-ին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովանթանեան նկարիչը» 1910-ին, «Հայ էջեր» 1912-ին, «Հայրեններու բուրաստանը» 1940-ին և այլ ուսուսմնասիրություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը: Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին:

Արշակ Չոպանյան.jpg

Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածույում:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝