Արյան վրեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյան վրեժ (նաև՝ վենդետտա, իտալ.՝ vendetta — «վրիժառություն» բառից), վրիժառություն, վրեժխնդրություն, սպանելու կամ վիրավորելու համար վրեժ լուծելու սովորույթ։ Բնորոշ էր տոհմատիրական կարգերին։ Ըստ այդ սովորույթի, տոհմը պարտավոր էր վրիժառու լինել իր անդամին վիրավորանք հասցրած տոհմից։ «Արյունն արյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլև նրա տոհմակիցների վրա։ Արյան վրեժի սովորույթը իր հիմքում ունեցել է տնտեսական (տոհմի անդամի կորուստը նյութապես վնասել է տոհմին, ուստի նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար արևագին) և կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։ Վրիժառությունը հաճախ փոխանցվել է սերնդե-սերունդ և երբեմն հանգեցրել ողջ տոհմի բնաջնջմանը։ Պետության առաջացման հետ տիրող դասակարգը սահմանափակել է արյան վրեժի գործադրումը։ Բացի սպանվածի ընտանիքին հատուցում տալուց, սպանողից գանձվել է տուգանք հօգուտ տիրակալի։ Աստիճանաբար արյան վրեժի սովորույթը վերածվել է իրավական նորմի։ Սահմանվել են տոնական և շաբաթվա օրեր, ընտրվել են վայրեր՝ քաղաքներ, տաճարներ և այլն, երբ և որտեղ արգելվել է արյան վրեժի։ Որոշ երկրներում (Կորսիկա, Ալբանիա, Սերբիա, Սարդինիա, Ճապոնիա) արյան վրեժը պահպանվել է ընդհուպ մինչև XX դ․ սկիզբը։ Հայերի մոտ արյան վրեժը գոյատևել է մինչև զարգացած ֆեոդալիզմը։ ԽՍՀՄ-ում արյան վրեժը պատժվում էր օրենքով, որպես քրեական հանցագործություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png