Արմե-Շուպրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուբրիա Սուբարտու
 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ուփում
Լեզու հայերեն
Ազգություն Հայ
Կրոն Բազմաստվածություն
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Պետության գլուխ թագավոր
Պատմություն

Սուբրիա կամ Սուպրիա, պետություն Հայկական լեռնաշխարհում, որը հիշատակվում է հիմնականում Ասորեստանյան և ուրարտական աղբյուրներում սկսած մ.թ.ա. 13-րդ դարից։ Արմենի-Շուպրիան գտնվել է Հայաստանի հարավարևմտյան մասերում՝ Ծոփք և Աղձնիք նահանգներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղային միություն, որն սկզբում կոչվում էր Մուշկերի թագավորություն, իսկ հետագայում՝ Արմե կամ Շուպրիա։ Հայկական լեռնաշխարհում, հավանաբար, նրանց բնակավայրերն էին Ծոփք, Հանձիթ, Մնձուր, Անգեղուտ գավառները և Թորգոմա երկիրը։ Կայուն միություն դուրս եկավ մի հանգամանք, որ պայմանավորված էր Ասորեստանի և Ուրարտուի ագրեսիայի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ Անդրադառնալով իրոկեզների ամերիկյան ցեղին, որը նոր տերիտորիա էր գրավել և գտնվում էր համանման պայմաններում, Ֆրիդրիխ Էնգելսը գրում է. «Քանի որ այդ մարզը նրանք նոր էին նվաճել, ուստի այդ ցեղերի՝ ըստ սովորության միմյանց հետ միացած լինելը նրանց կողմից դուրս քշված ցեղերի հանդեպ՝ միանգամայն բնական էր»։ Այդ ցեղային դաշնակցությունը «իր ձեռքը բերած ուժի գիտակցության վրա հենված, անմիջապես հարձակողական բնույթ ստացավ և... իրեն շրջապտող ահագին երկրամասեր նվաճեց, ըստ որում բնակիչներին մասամբ դուրս մղեց իրենց բնակավայրերից, մասամբ իրեն հարկատու դարձրեց»։

Սակայն Արմե-Շուպրիա ցեղային միությունը կազմած ցեղերը մ. թ. ա. XII-XI դարերում իրենց զարգացման մակարդակով իրոկեզերից բարձր էին կանգնած։ Իրոկեզների միությունը արյունակից ցեղերի միություն էր և ուներ ընդհանուր լեզու, իսկ Արմե Շուպրիա միության մեջ մտնում էի ծագումով տարասեռ ցեղեր։ Դրանք էին մուշկերը, որոնց անվան տակ այդ շրջանում հասկացվում էին էթնիական կազմավորումներ, ինչպիսիք էին ասորեստանյան այլ արձանագրություններում հիշատակվող ուրումեացիները, այսինքն հայերի հնդեվրոպական նախնիները՝ արիմները, ինչպես նաև կասկեացիները կամ աբեշլացիները, որոնք պատկանում էին նախախեթական աբխազա-չերքեզական ցեղերին։ Հիշատակված մուշկերը, ուրումեացիներն ու կասկեացիները հանդիպեցին զանազան խուրրիական ցեղերի, որոնք կամ նրանց դաշնակիցները դարձան ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի, կամ էլ ենթարկվեցին, դառնալով նրանց հարկատուները։ Այսպիսով, «Մուշկերի թագավորությունը» կամ Արմե-Շուպրիա ցեղային միությունը ոչ թե արյունակից, այլ ծագումով և լեզվով տարբեր ցեղերի միություն էր. դա տարածքային միություն էր։

Մ. թ. ա. 1115 թվականին Ասորեստանում գահ բարձրացած Թիգլաթպալասար Ա-ն պատերազմներ է սկսում ընդդեմ Շուպրիայի, որը պոտենցիալ վտանգ էր ներկայացնում Ասորեստանի «բարբարոսական ծայրամասից» ոչ հեռու գտնվող կենսական կենտրոնների համար։ Իր տարեգրություններում Թիգլաթպալասար Ա-ն հայտնում է, որ իր գահակալումից կես դար առաջ, այսինքն մ. թ. ա. մոտավորապես 1170-1165 թվականներին մուշկերը գրավել էին Ալզի և Պուրուլումզի երկրները։ Հենց Թիգլաթպալասարի գահակալության տարին մուշկերը և նրանց հետ մեկտեղ արիմ-արմեններ և մի քանի այլ ցեղեր վերսկսում են իրենց հարձակումները դեպի հարավ. 20000 զորքով և 5 ցեղատեսակների գլխավորությամբ նրանք մտնում են Տիգրիսի աջ ափին գտնվող ասորեստանյան Կադմուխի երկիրը, որից հարավ ընկած էին Ասորեստանի հիմնական կենտրոնները։ Նրանց դեմ դուրս ելած Թիգլաթպալասար Ա-ն Կադմուխիում հաղթանակ է տանում և վերցնում 6000 գերի։ Բայց Կադմուխիի Ասորեստանին հպատակեցված բնակչությունը միանում է մուշկերի զորքին և հրաժարվում է հարկ տալուց. նրանց օգնության են գալիս նաև «բաբխի» լեռնցիները, այսինքն՝ լեռնաբնակ խուրրիները։

Նամե գետի (Տիգրիսի վտակներից մեկը) մոտ տեղի ունեցած ճակատամարտում Թիգլաթպալասար Ա-ն ջախջախում է հակառակորդի միացյալ ուժերը։ Գերիների թվում էր լեռնականների «թագավորներից» մեկը՝ Կիլի-Թեշուբը (Կալի-Թեշուբի որդին)։ Դրանից հետո Թիգլաթպալասար Ա-ն պաշարում է խուրրիական Ուրախինաշ ամրոցը Տիգրիսի վերին հոսանքի շրջանում (Urabi- Ուռեկ, Արածանիի հյուսիսային ափին) և նրա թագավորը՝ Խաթուխիի որդի Շադի-Թեշուբը, գերի է հանձնվում։ Հաջորդ 1114 թվականին (մ. թ. ա.) Թիգլաթպալասար Ա-ն թափանցում է ավելի հեռավոր «շուբարիների (այսինքն՝ խուրրիների) երկիրը»՝ Ալզի և Պուրուլումզի, որոնք նույնպես հրաժարվել էին Ասորեստանին հարկ վճարել։ Այս արշավանքի ժամանակ խեթերի երկրի անհնազանդ մարդկանց, որոնք իրենց ուժով գրավել են Շուբարտուի բնակավայրերը, այսինքն՝ կասկեր-աբելշլացիներ և ուրումեացիների 4000-անոց մի զորաջոկատ ծառայության է անցնում ասորեստանցիների մոտ։ Թիգլաթպալասար Ա-ի ուշ շրջանի արձանագրության համաձայն, ինքը վերաբնակեցնում է սրանց, իսկ թե ո՞ւր, հայտնի չէ։ Վերադարձին Ասորեստանի թագավորը նորից ավերում է Կադմուխի երկիրը, Արածանիի և Եփրատի հովտի երկրները՝ Իշուվան (Իսուվա) և Դարիան, Ուրուատրի երկրները։

Ուրարտական տիրակալները բազմիցս արշավանքներ են կազմակերպել այս ցեղային միության դեմ Մենուան հարձակվելով գրավում է Արմե-Շուպրիայի տիրապետության տակ գտնվող Տարոնի դաշտը, այնուհետև ևս մի արշավանք է կազմակերպել Արգիշտի Ա-ը, ով մ.թ.ա. 773 թվականին նվաճում է այս երկիրը և ավերի ու թալանի մատնում։ Նա իր հետ Ուրարտու է տանում 24.813 գերի, տասնյակ հազարավոր խոշոր և մանր եղջերավոր անասուններ։

Մ.թ.ա. 10-րդ դարի երկրորդ կեսին արմենները ստեղծում են իրենց իշխանությունը և նրան միացնում շուպրի ցեղն ու նրա երկրամասը։ 10-րդ դարի վերջին Ասորեստանի թագավորը կազմակերպում է արշավանք Արմենի-Շուպրիայի վրա ու կողոպուտի ենթարկում այդ երկիրը։ Մ.թ.ա. 8-րդ դարում Արմենի-Շուպրիա արշավանքներ են կազմակերպում նաև Բիայնայի թագավորներ Մենուան և նրա որդի Արգիշտի Ա-ը։ Հույն պատմագիր Հերոդոտը հաղորդում է, որ արմենները մ.թ.ա. 6-րդ դարի վերջին և մ.թ.ա. 5-րդ դարի սկզբին բնակություն էին հաստատել Փոքր Հայքում, Ծոփքում, Տարոնում, մինչև Վանա լճի ափերը։ Իսկ նույն դարի վերջին, Հայաստանով անցած պատմագիր Քսենոֆոնի տեղեկությունների համաձայն, արմենները բնակություն էին հաստատել Արարատյան դաշտում, Շիրակում և Հայաստանի այլ գավառներում։

Բնակչություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենները նստակյաց կյանք էին վարում. զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք գտնվում էին տոհմատիրությունից դասակարգային հասարակություն անցնելու շրջանում։ Ռազմիկ և ազատասեր ծողովուրդ էին։ Արմենները խոսում էին հայերենով և որպես ազգակից մոտ են եղել Հայասներին։

Պատմական զուգահեռները ցուց են տալիս, որ տերիտորիալ տեսակետից մոտ, բայց ծագումով և լեզվով տարբեր ցեղերի միության պայմաններում տարալեզվության նման արգելքը վերացնելու համար միության մեջ մտած ցեղերից մեկի լեզուն վերածվում է միջցեղային լեզվի։ Մուշկերի ցեղային միության՝ «Մուշկերի թագավորության», մեջ միջցեղային հաղորդակցման այսպիսի միջոց է դառնում արիմներ-ուրումեացիների լեզուն, այսինքն ապագա հայերենը։ Այդ երևում է թեկուզ հետևյալ փաստից։ Վերոհիշյալ ցեղերի նվաճած տերիտորիան վաղուց ի վեր ասորեստացիներին հայտնի էր Շուպրիա կամ Շուբրիա անունով, բայց այնուհետև, ասորեստացիներն սկսում են այն կոչել նաև Ուրումու։ Հետագայում, մ. թ. ա. VIII դարից սկսած, երբ այդ տերիտորիան նվաճվում է և մտցվում Ուրարտու պետության կազմի մեջ, ուրարտական արձանագրություններում այն սկսում է կոչվել է Արմե, Ուրմե կամ Ուրմենիուխի/Ուրմենիունի։ Այս փաստը, ըստ երևույթին, վկայում է, որ հիշատակված ցեղերի մեջ, վերջին հաշվով, գերիշխող դիրք էին գրավել արիմները կամ ուրումեացիները, որոնց անունով էլ ուրարտացիները, մասամբ նաև ասորեստացիները, սկսում են կոչել Շուպրիան։ Այստեղ մուշկերը ձուլվում են իրենց ազգակից արիմներին։ Մուշկերը ևս, ուրեմն հիմնականում հայերի հնդեվրոպական նախնիներն էին։ Այս տեսանկյունով պատմականորեն հիմնավորվում է այն կարծիքը, թե հայերի «սոմեխի» վրացական անվան հիմքում ընկած է «մեսխ»/«մեխ» էթնիկական տերմինը, որը ասսուրական «մուշկի» և հայկական «մշակ» անվանման քարթվելականացված ձևն է։ Այն իր հաստատումն է գտնում նաև բանասիրական առումով։

Այսպիսով արմենների լեզուն ժամանակի ընթացքում դառնում է ցեղային միության միակ լեզուն։ Մյուս, գերազանցապես խուրրիական, ցեղերի լեզուները աստիճանաբար վեր են ածվում հայոց լեզվի տերիտորիալ բարբառների, և հայոց լեզուն ավելի ու ավելի հարստանալով, տարածվում է Հայկական լեռնաշխարհի ներքին շրջաններում ապրող ցեղերի մեջ։ Ուրարտական պետության գոյացումից հետո այդ պրոցեսին մեծապես նպաստեց նվաճված երկրների բնակչության մասսայական վերաբնակեցումը պետության կենտրոնական շրջաններում, որ լայնորեն կիրառվում էր ուրարտացիների կողմից։

Այլ ցեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեթական թագավորության կործանումից հետո (մ. թ. ա. 1200-1118 թվականներին) թրակա-փռյուգական ցեղերը, շարժվում են արևելք, դեպի Եփրատ և այնտեղից էլ՝ Հայկական լեռնաշխարհ։ Նրանց թվում ասսուրա-բաբելական աղբյուրները հիշատակում են փռյուգացի-իսիացիներին՝ մուշկեր անվան տակ, և արիմ-ուրումեացիներին։ Այս շարժման մեջ ներգրավված էին նաև նախախեթական աբխազա-ադըզեական ցեղերը, որոնք թափանցելով Հայասա-Ազիի ցեղերի միությունը, անցնում են այդ երկիրը, մասամբ տեղահանում են բնիկներին ու սրանց հետ միանում մուշկերին և ուրումեացիներին։ Մ. թ. ա. XII դարի ասսուրական արձանագրությունները մեծ տագնապով են խոսում մուշկերի ներշուժման մասին՝ Ասորեստանյան տերության հյուսիսարևմտյան շրջանները (մ. թ. ա. 1170-1165)։ Սրանք հենց այն մուշկերն էին, որ ներխուժեցին Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի սահմանները, դարձան նստակյաց հողագործներ և Ասորեստանի հարկատուներ։ Այստեղ ստեղծված թագավորությունը, որի կենտրոնը Խարբերդի դաշտում էր, ասորեստանցիները կոչում են «մուշկերի թագավորություն»։

Հայկական լեռնաշխարհի սահմանները ներխուժած այդ ցեղերը, զբաղեցրել էին Խարբերդի դաշտում և Արևմտյան Տիգրիսի ակունքների շրջանում (Հին հայկական Անգեղ-տուն գավառը) գտնվող Ալզիի և Պուրուլումզիի շրջանները։ Մուշկերն այստեղ ուրումեացիների և կասկեացի-աբելացիների հետ միասին կազմում են ցեղային միություն, որը գլխավորում էին հինգ առաջնորդ «թագավորներ»։ Իշուվա և Ալզի-Պուրուլումզիի շրջաններում ստեղծված ցեղային այս միությունը՝ «մուշկերի թագավորությունը», բավական հզոր միավորում էր ու Ասորեստանի դեմ կարողանում էր հանել 20000 զորք։ Ասորեստանյան նվաճողների դեմ ընդհանուր պայքարում մուշկերի թագավորության հետ միավորվել էին նաև Արևմտյան Տիգրիսի ավազանի տեղական խուրրիական Շուպրիա, Կադմուխի, Բարխի, Խարխի և այլ երկրներ։

Այսպիսով Ասորեստանյան պետության «բարբարոսական ծայրամասում» կազմավորվում է մի բավական ուժեղ ցեղային միություն, որի հետ ասորեստանյան նվաճողները պետք է լուրջ հաշվի նստեին։ Նրանք հաճախակի արշավանքներ են ձեռնարկում՝ հնազանդեցնելու ըմբոստ լեռնցիներին։

Երբ մ. թ. ա. XI դարից սկսած Ուրարտուն ընդարձակվելով հասավ նաև Շուպրիա երկիրն արդեն այնքան էր յուրացվել նոր ցեղերի՝ ուրումեացիների կողմից, որ Շուպրիայի փոխարեն ուրարտական արձանագրություններում օգտագործվում են Ուրմեուխի-Ուրմեունի կամ Արմե անունները։ Մարկվարտն իրավացիորեն նկատել էր, որ հենց այստեղ Arme էթնոնիմից, խուրրի-ուրարտական -ini վերջավորության հավելումով, որը մեդական լեզվի ազդեցությամբ դարձել էր -ina, ձևավորել Armina անունը, որից և ծագում է հայերի՝ հին պարսկական արձանագրություններում և հին հունական գրականության մեջ ընդունված համապատասխան անունը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ տեղական խուրրիական բնակչությունը արմենները ձուլել էին իրենց և ժամանակի ընթացքում տարածվել են նրանց բնակեցրած ողջ տերիտորիայում, արևելյան կողմից ընդգրկելով Մշո դաշտը, որտեղով անցնում էր ուրարտական բնակչություն զբաղեցրած տերիտորիայի սահմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]