Արմեն Հովհաննիսյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը զինվորականի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Արմեն Հովհաննիսյան։
Արմեն Լևոնի Հովհաննիսյան
1994 հունիսի 30 - 2014 հունվարի 20
Արմեն Հովհաննիսյան.jpg
Վախճանի վայր Արցախ Արցախ
Պատկանելություն Հայաստան (Արցախ) ՊԲ
Ծառայության թվականներ 2012-2014
Կոչում կրտսեր սերժանտ
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ

Արմեն Լևոնի Հովհաննիսյան (1994, հունիսի 30 - 2014, հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր[1][2]։ Ծառայում էր թիվ 49971 զորամասում, ջոկի հրամանատար էր[2]։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր[3]։ Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում[3]։ Պատրաստվում էր դառնալ օպերատոր[4]։ Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել[3]։

Հերոսական մահը[խմբագրել]

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր[5]։

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ[6]։

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը[5]։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[6]։ Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։

Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր[7]։

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատերլ է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով[2]։

Հուղարկավորություն[խմբագրել]

Արմեն Հովհաննիսյանի հիշատակի արարողությունը Ստեփանակերտում

Հունվարի 22-ին զինվորական կարգով Արմեն Հովհաննիսյանին հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ։ Սերժանտին հետմահու շնորհված մեդալը հանձնվեց Արմենի հորը՝ Լևոն Հովհաննիսյանին։ Հուղարկավորությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին, ազատամարտիկներ, մշակույթի և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։[8]։

Մոմավառություն[խմբագրել]

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին կազմակերպվեցին մոմավառություններ, հոգեհանգստյան կարգ մատուցվեց Երևանում, Գյումրիում, Արցախում։ Հունվարի 21-ին Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ մի խումբ քաղաքացիներ հարգեցին Արմենի հիշատակը մոմավառությամբ նրա հայրենի տան առջև։ Հունվարի 22-ին մոմավառությունները շարունակվեցին Երևանում, Գյումրիում, Արցախում։ Երևանում Հյուսիսային պողոտայում Արմենի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին մի խումբ երիտասարդներ, որոնց միացան տարբեր տարիքի անցորդներ։ Երիտասարդներն իրենց հետ բերել էին Արմեն Հովհաննիսյանի նկարը, որի շուրջ էլ վառեցին մոմերը։ Մոմավառությունը շարունակվեց մինչ ուշ գիշեր։ Գյումրու «Խաչքարերի պուրակ»-ում ևս տեղի ունեցավ մոմավառություն, իսկ Գյումրու Յոթվերք եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց։ Մինչ Արմեն Հովհաննիսյանին հերոսին վայել կարգով հանձնում էին հողին, հոգեհանգստյան արարողություն էր կատարվում նաև եղբայրական Արցախում. ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, մեծ ու փոքր քաղաքացիներ։ Հոգեհանգստի արարողությունն ու մոմավառությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]