Արմեն Ալբերտ Ալչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ալբերտ Ալչյան
անգլ.՝ Armen Albert Alchian
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1914(1914-04-12)[1]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 19, 2013(2013-02-19)[2] (98 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Արմեն Ալբերտ Ալչյան (անգլ.՝ Armen Albert Alchian, ապրիլի 12, 1914(1914-04-12)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 19, 2013(2013-02-19)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի նշանավոր տնտեսագետ, որն ապրել և աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ալչյանը ծնվել է 1914 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Նրա ծնողները հայ են եղել։ Հայրը` Ալեքս Ալչյանը, ԱՄՆ է տեղափոխվել 1901 թվականին՝ 16 տարեկանում։ Իսկ մայրը՝ Լիլի Նորմարտը, ինչպես գրում է ամերիկյան հանրահայտ «Լոս Անջելես Թայմս» պարբերականը, եղել է Ֆրեզնոյում ծնված առաջին հայ երեխան, իսկ ծնվել է նա 1889 թվականին։

Ա․ Ալչյանը կրթություն է ստացել է նախ Ֆրեզնոյի ավագ դպրոցում, հետո՝ Սթենֆորդի պետական համալսարանում։ Այստեղ նա 1936 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1944-ին՝ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

1940 և 1941 թվականները նա անցկացրել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (NBER) և Հարվարդի համալսարանում (Harvard University), իսկ 1942-ին՝ Օրեգոն նահանգի համալսարանում (University of Oregon) աշխատել է որպես դասախոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մասնավորապես՝ 1942-1946 թվականներին, Ա. Ալչյանը ԱՄՆ ռազմաօդային ուժերում եղել է որպես վիճակագրական վերլուծաբան։

1946 թվականին Ա․ Ալչյանը միացել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (University of California, Los Angeles) տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսական կազմին և իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է այստեղ՝ արժանանալով մի շարք պարգևների և մրցանակների։ Իր կարիերայի ընթացքում Ա․ Ալչյանը միշտ համագործակցել է «Rand Corporation» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ, որը զբաղվում է ԱՄՆ-ի անվտանգության և հանրային բարեկեցության խնդիրներով։

1996 թվականին 82-ամյա Ա․ Ալչյանը Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի (American Economic Association) կողմից ընտրվել է որպես պատվավոր գործիչ, և նրա անունով է կոչվել Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնը։ Նա համարվում էր համալսարանի լեգենդար դասախոս։ Իսկ 2000 թվականին դարձել է Ադամ Սմիթի մրցանակի դափնեկիր (The Adam Smith Award)։ Սա էր պատճառը, որ գործընկերները նրան անվանում էին հայկական Ադամ Սմիթ։ Հայկական Ադամ Սմիթը թոշակի է անցել 1984-ին։

Ա․ Ալչյանի անունը մի քանի անգամ հայտնվել է Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում, բայց նրան այդպես էլ այս մրցանակը չի շնորհվել։ Նոբելյան մրցանակի է արժանացել անգամ Ալչյանի ուսանողներից մեկը՝ Ուիլյամ Ֆ․ Շարպը (William F. Sharpe), 1990 թվականին։

Արմեն Ալչյանի ներդրումը տնտեսագիտության զարգացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ալչյանը նպաստել է տնտեսագիտական մտքի մի քանի դպրոցների հիմնադրմանն ու զարգացմանը։ Նրա աշխատությունները անջնջելի հետք են թողել ծախսերի տեսության, սեփականության իրավունքի տեսության, ֆիրմայի տեսության, շուկայի կառուցվածքի, ինֆլյացիայի ու գործազրկության տնտեսագիտական վերլուծության և այլ բնագավառներում։ Սեփականության իրավունքի և տրանսակցիոն ծախսերի մասին աշխատություններով Ա. Ալչյանը մեծ ներդրում է ունեցել ինստիտուցիոնալ տնտեսագիտության զարգացման գործում։

Ա․ Ալչյանի ուսանողները, գործընկերներն ու հետևորդները նրան ճանաչում են որպես UCLA-ի (University of California, Los Angeles) տնտեսական ավանդույթների հիմնադիր։ Ուսանողների սերունդներ են կրթվել «Համալսարանական տնտեսագիտություն» դասագրքով, որի համահեղինակն է Ալչյանը։ Նա հանդիսանում էր նաև Չիկագոյի տնտեսագիտական դպրոցի (Chicago school of economics) ներկայացուցիչ։ Նրան ընդունել և ընդունում են որպես միկրոէկոնոմիկայի և հատկապես՝ գնային տեսության 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն տեսաբաններից մեկը։

Ուիլյամ Ալենի (William Allen) հետ Ա. Ալչյանը տնտեսագիտության բնագավառում կարևոր «Փոխանակություն և արտադրություն» աշխատության համահեղինակն է։ Այս աշխատությունն իր բովանդակությամբ և կառուցվածքով արմատապես տարբերվում է ամերիկյան տնտեսագիտական տեքստերից, որոնք գրվել են 20-րդ դարի երկրորդ կեսին։

1950 թվականին Ա. Ալչյանը հրապարակել է իր «Անորոշությունը, էվոլյուցիան և տնտեսագիտության տեսությունը» հոդվածը, որն իր կարևորությամբ հայազգի տնտեսագետին բերել է միջազգային ճանաչում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիլիսոփայական գիտությունների դոկտոր
  • Տնտեսական գիտությունների դոկտոր
  • Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի (American Economic Association) պատվավոր գործիչ
  • Ադամ Սմիթի մրցանակի դափնեկիր (The Adam Smith Award)

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950. "Uncertainty, Evolution and Economic Theory," Journal of Political Economy 58։ 211–21։
  • 1959. "Costs and Outputs" in Moses Abramovitz, ed., The Allocation of Economic Resources։
  • 1965. "Some Economics of Property Rights." II Politico 30։ 816–829"։
  • 1969. "Information Costs, Pricing and Resource Unemployment," Economic Inquiry 7։ 109–28։
  • 1972. (with Harold Demsetz) "Production, Information costs and Economic Organization," American Economic Review 62։ 777–795"։
  • 1978. (with Robert Crawford and Benjamin Klein) "Vertical Integration, Appropriable Rents, and the Competitive Contracting Process"։
  • 1978. "Economic Forces at Work. Indianapolis։ Liberty Fund"։
  • 1983. "Exchange and Production. Wadsworth Publishing. A revision of part of University Economics, first published in 1964"։
  • 1993. "Property Rights" in The Concise Encyclopedia of Economics"։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]