Հայֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմենֆիլմից)
Հայֆիլմ
Տեսակկինոստուդիա
Ընկերության տեսակկինոստուդիա
Հիմնադրված էապրիլի 16, 1923
ՀիմնադիրՀամո Բեկնազարյան
Դանիել Դզնունի
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
ԱրդյունաբերությունՀայկական կինո
ՍեփականատերՀայաստանի հանրապետություն
 Armenfilm Վիքիպահեստում

Հայֆիլմ (լրիվ․ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա) – հայկական գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա, որը հիմնադրվել է 1923թ․ ապրիլի 16–ին Պետկինոյի կազմակերպման մասին» որոշմամբ ԽՍՀՄ ժամանակահատվածում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի ապրիլի 16–ին, Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում, «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետի հիման վրա ստեղծվում է Հայաստանի Պետական կինոն (Պետկինո)[1]։ Այդ դեկրետը նպատակ ուներ Խորհրդային Հայաստանում կինոարտադրություն ստեղծել, և նախաձեռնությունը ստանձնեց Դանիել Դզնունին, ով այդ հսկայածավալ աշխատանքն իրականացնելու համար պետական բյուջեից ստացել էր ընդամենը 60 ռուբլի[2]։ Նույն թվականի աշնանը վերակազմավորվում է որպես «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերություն, որը սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա»։ 1924–ից այն գործել է որպես կինոլաբորատորիա, ապա վերանվանվել «Հայկինո»։

Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թ․ նկարահանված «Սովետական Հայաստան» հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։

1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»[3], որը կոչած էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց։ Հայկական կինոյի առավել նշանակալի երևույթը դարձավ 1931 թվականին նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան։ 1935 թ. նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպո»-ն, որը մեծ և նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում։ 1930-ական թվականների վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմա-հեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այսպես ՝ «Կարո»[4], «Զանգեզուր»[5], «Սևանի ձկնորսները»[6], «Լեռնային արշավ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը և արժանացել են հանդիսատեսի համակրանքին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի շատ կինոգործիչներ մեկնելով ռազմաճակատ, հատուկ խմբերում ստեղծեցին մարտական կինոհրապարակախոսության նմուշներ։ Այդ տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվում է «Դավիթ Բեկ» պատմական ֆիլմը։ 1950-ական թվականների կեսերից հայկական կինոյի առջև նոր հրամայականներ են ծառանում լուծելու գաղափարական-գեղարվեստական խնդիրներ։ Ոգևորվելով ակտիվ հեղափոխական Կամոյի կերպարով՝ ռեժիսորներ Ստեփան Կևորկովը և Էրազմ Մելիք-Քարամյանը[7] որոշում են ստեղծել պատմա-հեղափոխական վիպական ֆիլմեր։ 1956 թվականին ստեղծվում է առաջին ֆիլմը ՝ «Անձամբ ճանաչում եմ»[8], իսկ երկրորդը ՝ «Արտակարգ հանձնարարություն»[9] ֆիլմը ստեղծվում է 1965 թվականին։

«Հայֆիլմ» կինոստուդիային մեծ հաջողություն են բերում «Երգում է սիրտը»[10] և «Առաջին սիրո երգը»[11] երաժշտական ֆիլմերը։ Այնուհետև նկարահանվում են «Նվագախմբի տղաները»[12], «Տժվժիկը»[13], «Բարև, ես եմ»[14], «Եռանկյունի» և այլ ֆիլմեր։

Բարձր գնահատելով ձեռք բերված հաջողությունները՝ 1973 թվականի օգոստոսի 15-ին Անտոն Քոչինյանը[15] Հ. Բեկ-Նազարյանի անվան Երևանի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան ներկայացնում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրման[16]։

Մասնավորեցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում տեղի է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման մրցույթ։ Հայտ էր ներկայացրել մեկ ընկերություն ՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ[17], որի հիմնական բաժնետերը Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամն էր։ Մրցութային հայտը ներկայացրել էր Բագրատ Սարգսյանը։ Կինոստուդիան ձեռք բերելու համար ընկերությունն առաջարկում էր 350 մլն դրամ, մեկնարկային 266 մլն դրամի փոխարեն, ինչպես նաև պարտավորվում էր 10 տարվա ընթացքում կինոստուդիաի զարգացման համար ներդնել ՀՀ կառավարության կողմից հաստատված 30 մլրդ դրամը։ Ընկերության նպատակն էր կարճ ժամանակում «Հայֆիլմը» դարձնել տարածաշրջանի ժամանակակից կինոստուդիաներից մեկը, որի համար պետք էր կապիտալ վերանորոգում և տեխնիկական վերազինում։

Լինելով մրցույթում մասնակցող միակ ընկերություն «Արմենիա Ստուդիո»–ն հաղթում է։ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով ՝ փակ բաժնետիրական ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները[18]։

Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին[19], որը 2008 թ․ հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի։

Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն ՝ 10 տավա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թ․ դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ ՝ 2015 թ․ մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։

2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում ՝ խոստացված 10 մլրդ դրամի փոխարեն, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն[20], որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել։ Նաև պատշաճ չի իրականացվել կինոարխիվի թվայնացումը. 460 ֆիլմից թվայնացրել են 319-ը, ընդ որում ՝ անորակ։

2010 թվականին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կապել էր «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման ծրագիրը «Կասկադ» համալիրի զարգացման ծրագրի հետ[20]։

Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս։

Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա[21] որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։

2015 թվականի վերադարձի ժամանակ Մշակույթի նախարարությունը հայտնել էր իր մտահոգությունը կինոստուդիայի պատմամշակութային գույքի անհայտանալու վերաբերյալ։ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ[21]։

2018 թվականին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի էր ունեցել հանդիպում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Պետական գույքի կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի հետ։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման  պատմությանը, հիշեցնելով, որ մամուլում  բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք կասկածի տակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկելով այդ հարցերով դիմել իրավապահ մարմիններին[22]։ Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեն այդպես էլ չդիմեց իրավապահ մարմիններին։

2023 թվականի հունվարի 26-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի ունեցավ «Հայֆիլմ» կինոստուդիայի արտահերթ ժողովը[23]։ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն «Հայֆիլմ» կինոստուդիայի հափշտակության գործով և նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե[24]։

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։

Դատախազության հրապարակման մեջ բացակայում է որևէ տեղեկություն «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի առք ու վաճառքի վերաբերյալ։ 2006-2007 թվականից «Սի-Էս Ֆիլմս» ընկերությունը մեկնարկել էր ֆիլմերի թվայնացման գործընթացը, իսկ արդեն 2007 թվականից ֆիլմերը թողարկվում էին DVD ֆորմատով Հայաստանում («Կարեն Ստուդիոս») և Ռուսաստանում («RUSCICO»[25]):

Հոկտեմբերի 10-ից «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Գառնիկ Վարդանյանը։ Վարդանյանը նախկինում հանդիսանում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Ավագանու վերջին ընտրությունների ժամանակ ընգրկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ՝ 77-րդ համարի տակ։ Վարդանյանը փոխարինել է Դավիթ Կարապետյանին, ով պաշտոնավարում էր 2016 թվականից։ Առայժմ անհատ են այս փոփոխության հանգամանքները։ Պետական ռեգիստրում փոփոխություններ դեռ չեն կատարվել։ Հատկանշական է, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը հանրային քննարկման էր հանվել «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ առաջարկվում էր ՓԲԸ-ն մասնավորեցնել, կամ լուծարել[26]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1923 - Հայաստանի ժողովրդական կրթության կոմիսարիատի Գլխքաղկրթության ցանցում ստեղծվեց «Պետական ֆիլմ» կազմակերպությունը, իսկ նույն տարում՝ «Պետֆոտոկինո» ընկերությունը։
  • 1923 - վերանվանեց «Պետֆոտոկինո» կինոգործարան ԲԸ։
  • 1926 - Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»ը։
  • 1928 - վերանվանեց «Հայկինո» Ստուդիա ԲԸ։
  • 1935 - Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպո»ն։
  • 1938 - վերանվանվել է «Երևանի ֆիլմերի ստուդիա»։
  • 1938 - Լև Ատամանովը նկարահանեց առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Շունն ու կատուն»։
  • 1957 - վերանվանվեց «Հայֆիլմ»։
  • 1959 - կինոխրոնիկայի և հեռուստաֆիլմերի բաժինն առանձնացավ որպես առանձին «Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա»։
  • 1966 - դարձավ Համո Բեկնազարյանի անվան։
  • 2005 - կինոընկերությունը գնեց «Արմենիա Սթուդիոս» ՍՊԸ (որը «CS Media» հոլդինգի մասն է կազմում)։
  • 2006 - ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը և գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում։
  • 2015 - ՀՀ կառավարության որոշմամբ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան վերադարձավ Հայաստանի Հանրապետությանը[27]։
  • 2019 - ՀՀ կառավարությունը «Հայֆիլմ»-ի տարածքը վարձակալությամբ տվեց «Կինոկետ Փրոդաքշնս»-ին[28]։
  • 2023 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մարտի 25-ին հայտնում է «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին, որի մեկնարկը պետք է տրվեր Արվեստների կլաստերից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում։
  • 2023 - Օգոստոսի 7-ին դատախազությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն «Հայֆիլմ» կինոստուդիայի հափշտակության գործով և նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե[29]։
  • 2024 - Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան ստացել է հանրության գերակա շահի կարգավիճակ Ակադեմիական քաղաքի համար[30]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահնազարովն առաջարկել է վերադարձնել Պետկինոն
  2. «Պատմություն». ncca.am. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  3. «Նամուսը»
  4. «Կարո»
  5. «Զանգեզուր»
  6. «Սևանի ձկնորսները»
  7. «Հայկական հանրագիտարան։ ՀՍՍՀ Կինո». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «Անձամբ ճանաչում եմ»
  9. «Արտակարգ հանձնարարություն»
  10. «Երգում է սիրտը»
  11. «Առաջին սիրո երգը»
  12. «Նվագախմբի տղաները»
  13. «Տժվժիկը»
  14. «Բարև ես եմ»
  15. Վ. Պետրոսյան «Անտոն Քոչինյանի ժամանակը» Էդիթ Պրինտ, Եր.-2013: Էջ 527-528
  16. ՀՀԱԱ, ֆ 1, ց. 53, գ. 73, թ. 52-53
  17. «ЗАЯВКУ НА ПРИВАТИЗАЦИЮ КИНОСТУДИИ «АРМЕНФИЛЬМ» ПРЕДСТАВИЛА КОМПАНИЯ «АРМЕНИЯ СТУДИО»». armenpress.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  18. ««Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք». ԿինոՊրես. 2023 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. Պապոյան, Սեդա (12.12.2005). «Ազատություն Ռադիոկայան». Ազատություն Ռադիոկայան.
  20. 20,0 20,1 «Իրականացվում է «Հայֆիլմ»-ում կատարվելիք ներդրումային ծրագրերի վերլուծություն». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  21. 21,0 21,1 «Կառավարությունը հաստատեց «Հայֆիլմ»-ը պետությանը վերադարձնելու որոշման նախագիծը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  22. CJSC, Best Soft. ««Հայֆիլմի» խնդիրները քննարկվել են հանրային հարթակում». www.stateproperty.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  23. CJSC, Best Soft. «Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայի արտահերթ ժողովը». www.stateproperty.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  24. «Պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ». www.prosecutor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  25. «Цвет граната (DVD)». www.golddisk.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  26. Հովսեփյան, Սերգեյ (2023 թ․ նոյեմբերի 27). ««Հայֆիլմ» կինոստուդիան ունի նոր տնօրեն». ԿինոՊրես. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. «Կառավարությունը հաստատեց «Հայֆիլմ»-ը պետությանը վերադարձնելու որոշման նախագիծը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
  28. ««Հայֆիլմ»-ի տարածքը վարձակալությամբ կտրվի «Կինոկետ Փրոդաքշնս»-ին. վարչապետը պահանջեց փաստաթղթերում սահմանել կոնկրետ ժամկետներ». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
  29. Հովսեփյան, Սերգեյ (2023 թ․ օգոստոսի 28). ««Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք». ԿինոՊրես. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
  30. Հովսեփյան, Սերգեյ (2024 թ․ հունվարի 11). ««Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ճանաչվել է գերակա շահ Ակադեմիական քա». ԿինոՊրես. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 216